Երեկ ՝ Հայաստանի Հանրապետության 5 մարզերում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Նորայր Հակոբյանը՝ հավաքելով 364 ձայն:
Նշենք, որ համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը ստացել է 311 քվե, իսկ անկուսակցական, ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ 257 քվե: Անվավեր է եղել 13 թերթիկ:
Հիշեցնենք, որ Ծաղկահովիտում գրանցված 1610 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 952-ը (59%):
Անցկացված ընտրությունների արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արարատ Խանդոյանի կնոջ ՝ Սոնա Թամարյանի հետ, ով ՀԱԿ խմբակցության կողմից առաջադրվել էր, որպես հանձնաժողովի անդամ: «Արայիկի ձայներն արդար ձայներ են: Մենք ոչ մեկին չենք կաշառել: Արայիկը չի պարտվել, 30 ավել ձայնով անցել է»,-ասաց նա:
Ըստ Ս. Թամարյանի՝ գյուղում խոսակցություններ կան, որ Նորայր Հակոբյանը գիշերը գումար է բաժանել. «Ասում են 15 հազար դրամ է բաժանել: Պարզ երևում էր, որ ծախված ձայներ են: Կարծեմ 70 հատ էլ արձանագրեցին: Ինչ գույնի գրիչով ասես քվեարկել էին»:
Սոնա Թամարյանի դիտարկմամբ՝ մարդիկ են եղել, որ գումարները վերցրել են, սակայն քվեարկել են Արայիկ Խանդոյանի օգտին:
«Արայիկը թուրքին չի պարտվել, իրենց հաստատ չէր պարտվի»,-իր խոսքը եզրափակեց Արարատ Խանդոյանի կինը:
Լիդա Եղիազարյան