«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը անձամբ զինված իրականացրել է զավթած տարածքի պահպանությունը. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

Ըստ ՀՔԾ մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության՝ Արթուր Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը:

Օժանդակողներից 15-ը կալանավորված են: Երեքի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են ՊՊԾ գունդը զավթած զինյալների կողմից ոստիկանության 3 ծառայողներին՝ Ա.Վանոյանին, Յու.Տեփանոսյանին, Գ.Մկրտչյանին, ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքները պարզելու, սպանությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցանքները կատարելու համար վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով բավարար ապացույցների համակցություն ձեռք բերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է նաեւ ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում երկու բարձրաստիճան պաշտոնյաների եւ 7 քաղաքացիական անձանց պատանդառման, ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 մլն ՀՀ դրամ գումարը հափշտակելու, ՊՊԾ գնդի տարածքում պահվող զենք-զինամթերքը, գնդի ծառայողների եւ քաղաքացիական անձի անձնական գույքն ու գումարները հափշտակելու, ինչպես գնդին պատկանող ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաները, այլ գույք հրկիզելու եւ դիտավորությամբ վնասելու հանգամանքները պարզելու, այդ հանցագործությունները կատարելու մեջ զինված անձանցից յուրաքանչյուրի մասնակցությունը բացահայտելու եւ հիմնավորելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ սույն թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի Թաղ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով վիրավորվել ու կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը, հրազենային վնասվածքներ են պատճառվել նաեւ ոստիկանության ծառայող Տ.Գեւորգյանին, ինչպես նաեւ դիտավորությամբ վնասվել են ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցներ:




Լրահոս