Կապսի ջրամբարի տարածքում հորատման աշխատանքները կմեկնարկեն մինչև ձմեռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:

Նշենք, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրը», որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:

Հանդիպման ընթացքում KfW բանկի խմելու ջրի ծրագրի կառավարիչ Ալերո Ագբողորոմայի խնդրանքով Ա. Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում խմելու ջրի նոր միասնական օպերատորի ընտրության մրցույթի ընթացքը և դրանից հետո սպասվող փոփոխությունները: Խոսքը մասնավորապես Բանկի կողմից իրականացվող ծրագրերի հերթական մշտադիտարկման մասին է:

Կոմիտեի նախագահը երաշխավորեց հյուրերին, որ խմելու ջրի օպերատորի փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել նախատեսված մշտադիտարկման ընթացքը: Ըստ Ա. Հարությունյանի՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պարզ կլինի նախորդ ընկերությունների իրականացրած ծրագրերի շարունակականության հարցը:

Գերմանական բանկի ոռոգման ծրագրի կառավարիչ Սվեն Գրանցը Կոմիտեի նախագահին ներկայացրեց Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մանրամասները: Պրն. Գրանցի հավաստմամբ՝ Բանկն ընդունել է հայկական կողմից ներկայացված մի քանի նախապայմաններ՝ ծրագրի իրականացման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ առավել ինտենսիվ համագործակցել:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Գրանցը նշեց, որ Կապսի ջրամբարի տարածքում հորատման աշխատանքները կսկսվեն մինչև ձմեռ:

Ա. Հարությունյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրեց, որ ծրագրի հետագա փուլերի իրականացման ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում և կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Նշենք, որ Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի արժեքն առաջին փուլում կազմում է 50 մլն եվրո: Ծրագիրը մտել է մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման փուլ, որը կավարտվի 2017 թվականի 2-րդ կիսամյակում:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս