«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վանաձորում օրեր առաջ 5-ամյա փոքրիկի ողբերգական մահվան հետ կապված «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 17-ի սահմաններում, 5-ամյա Ռոզա Կ.-ն եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը լցրել է վրան: Ընտանիքի անդամները ո՛չ դեպքի օրը, ո՛չ էլ դրանից օրեր անց ո՛չ շտապօգնություն են զանգահարել, ո՛չ էլ երեխային բժշկի են տարել, չնայած որ վնասվածքները բավականին խորն են եղել: Երեխայի մայրը դեպքից 4 օր անց է միայն զանգահարել շտապօգնություն, հավանաբար այն ժամանակ, երբ երեխան արդեն անշնչացած է եղել:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց մահացած երեխայի մոր՝ Մարիամի հետ, ով չհերքելով վերը նշվածը՝ շտապեց հայտարարել. «Չփորձեք ինձ մեղադրել եւ ոչ մի բանում: Ես տանը չեմ եղել, երեխեն վրեն տաք ջուր ա լցրել, կրեմներով ու դեղերով ամեն ինչ արեցի, բայց 4 օր հետո մահացավ»: Մեր հարցին, թե ինչու հենց նույն օրը շտապօգնություն չի զանգել, այրված փոքրիկի մայրը պատասխանեց. «Գումար չունեի՝ հիվանդանոցին տալու»: Նշենք, որ բացի մահացած փոքրիկից՝ Մարիամն ունի եւս երեք երեխա, որոնք դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են Վանաձորի մանկատուն:
Նշենք, որ Վանաձորում Մարիամի ընտանիքը ապրում է կամուրջներից մեկի տակ՝ «աղբի գարաժներ» կոչվող հատվածում, սոցիալական ու կենցաղային խայտառակ պայմաններում՝ վագոն տնակում, որտեղ, բառիս բուն իմաստով, հակահիգիենիկ պայմաններ են: Մարիամն աշխատում է աղբահավաք ընկերություններից մեկում որպես բանվոր: Ամուսինը տարիներ առաջ սպանություն կատարելու համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Մյուս երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու փաստը Մարիամն այսպես մեկնաբանեց. «Պայմաններ չունեմ պահելու, տարան մանկատուն»:
Մեր տեղեկություններով՝ կատարվածից անմիջապես հետո Վանաձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբաձության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում Մարիամի ընտանիքն ու մանկահասակ երեխաները հայտնվել են մեկ տարի առաջ, երբ Արարատից եկել են Վանաձոր: Հանձնաժողովը պարերաբար նիստ է գումարել՝ մանկահասակ 4 երեխաներին մանկատուն տեղափոխելու նպատակով, սակայն ինքը՝ Մարիամը, որեւէ անգամ չի ներկայացել նիստերին, դեռ մի բան էլ բանավոր սպառնալիք է հնչեցրել հանձնաժողովի քարտուղարի ուղղությամբ՝ ասելով, թե փողոցում կսպանի, եթե փորձի երեխաներին մանկատուն տեղափոխել: Մարիամի ավագ դուստրը 8 տարեկան է՝ դպրոցական, մյուսները՝ 4 եւ 2, 5-ամյա:
Կատարվածից հետո չի բացառվում, որ Մարիամին զրկեն մայրական իրավունքներից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: