ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ին Հայաստանի 25-ամյա անկախության առթիվ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթացի է հասել, և մեր երկրի ղեկավարությունը պատրաստ է սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ զարգացման ընդհանուր նպատակներին հասնելու, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի և տարածաշրջանային խաղաղության գերակայության համար»,-ասվում է ուղերձում:
Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ միջազգային խաղաղասիրական առաքելության արդյունավետության ապահովման գործում, և նրա առաջատար դիրքը՝ սիրիացի փախստականների հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում:
«Մենք նաև երախտապարտ ենք կենսունակ և մեծ հաջողությունների հասած ԱՄՆ-ի հայ համայնքին: Այս հրաշալի տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ ուղարկում հայ ժողովրդին: Ցանկանում եմ խաղաղություն և բարգավաճում»,-նշվում է Քերիի ուղերձում: