«Հանցավոր խմբի գործով» «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված անձանց կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել:
Ըստ ամենայնի, սեպտեմբերի 25-ին հանցավոր խմբի գործով անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը դատարանում կլինի վերջին միջնորդությունը, քանի որ երկու ամիս հետո կլրանա այս աղմկահարույց գործով նախաքնության մեկ տարին եւ ըստ էության ԱԱԾ-ն կամ գործը պետք է ուղարկի դատարան կամ դարձյալ նախաքննությունը երկարաձգի:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց հանցավոր խումբը ղեկավարելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նման որոշում կիրառվել է, սակայն բոլորի մասով կա նման բան, թե ոչ ասել չի կարող. «Քանի որ արդեն լրանում է գործի մեկ տարին, իմ սուբյեկտիվ կարծիքով նախաքննությունը կավարտվի, որից հետո արդեն կծանոթանանք նյութերին և կսկսվի դատական պրոցեսը»:
Վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ArmLur.am–ի հետ զրույցում նշեց, որ նման որոշման մասին տեղյակ չէ, սակայն իր պաշտպանյալի կալանքը արդեն իսկ ևս երկու ամսով երկարաձգել են. «Վերջերս են իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարաձգել, դեռևս ժամանակը չի լրացել, որպեսզի նոր միջնորդություն ներկայացնեն, իսկ ընդհանուր բոլորի նկատմամբ նման որոշում կա, թե ոչ, ասել չեմ կարող» :
ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը ևս նշեց, որ իր պաշտպանյալի կալանքը 10 օրա առաջ կրկին երկարաձգել են. «Տարբեր մարդկանց, տարբեր օրերի են կալանավորել և հիմա էլ տարբեր օրերի են երկարաձգում կալանքի որոշումը»:
ԱԱԾ լրատվությունից խոստացան, որ տեղեկությունը ճշտելուց հետո կտեղեկացնեն նաև մեզ, որը կհրապարակենք տեղեկանալուն պես:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։