1999 թվականից Հայաստանից հեռացած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը, ում անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ, այժմ հասարակության ուշադրության կենտրոնում է:
Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաև «ԵԼՔ» խմբի նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում, որով ցանկանում են, որպեսզի ներում շնորհվի Վանո Սիրադեղյանին, և նա կարողանա վերդառնալ հայրենիք:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ ներման անձը կարող է արժանանալ միայն սեփական դիմումի համաձայն.
-Պարո՛ն Բաղդասարյան, մի շարք քաղաքացիներ դիմում են նախագահին, որպեսզի հնարավորություն տրվի Վանո Սիրադեղյանին վերադառնալ Հայաստան, որ պարագայում է հնարավոր իրագործել սա:
Ներման խնդիրը անահատական ակտ է, այսինքն այն անձը, ում, որ պետք է ներում շնորհվի, պետք է անպայմանորեն դիմի: Որևէ մեկը դիմում է նախագահին, նա էլ որոշում է ներում շնորհել, թե ոչ: Հիմա հարցը հետևյալն է. պետք է իմանալ արդյոք Վանո Սիրադեղյանը նման դիմում գրել է, թե ոչ, որից հետո նոր հարցի պատասխանը թողնել Բաղրամյան 26-ին: Համենայնդեպս որևէ տեղ չկա, կամ չեմ հանդիպել նման հայտարարության, որ Վանո Սիրադեղյանը դիմում է գրել Սերժ Սարգսյանին:
-Այսինքն անգամ այն անձը, որը գտնվում է հետախուզման մեջ և իր հանցանքի վաղեմության ժամկետը չի լրացել, կարող է ներման հարցով դիմել:
Կարող է, դա Հանրապետության առաջին դեմքի իրավունքն է, որևէ կերպ նրա այդ իրավունքը սահամանափակված չէ թե՛ նախաքննության փուլում, թե՛ դատաքննության փուլում և թե՛ ավարտված դատական ակտի պայմաններում: Եթե անձը դիմում է նախագահին, նա էլ որոշում է կայացնել ներման որոշում, թե ոչ:
-Այսինքն այս ստորագրահավաքները, դիմում-խնդրանքները հիմք չեն հանդիսանա, եթե Սիրադեղյանի կողմից դիմում չներկայացվի՞:
Ներման դեպքում պարտադիր պետք է անձի դիմումը լինի, իսկ համաներման պարագայում անկախ նրանից անձը համաձայն է, թե ոչՙ կարող է նրա հանդեպ որոշումը կիրառվել:
Լիլիթ Շաբոյան