Ով է ֆինանսների նորանշանակ նախարարը. նրա անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի որոշմամբ այսօր ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, ով ՀՀԿ կուսակցության թևի ներկայացուցիչ է համարվում:

Նա ծնվել է 1975 թվականի փետրվարի 4-ին, Երևանում:

1992-1997 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։

2004 թ. սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։ 2005 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ։ Մի շարք հոդվածների հեղինակ է։

1997-1998 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։ 1999-2002 թթ.եղել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։

2002-2003 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ, իսկ 2003-2006 թթ. ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։ 2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։

2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն։ 2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2011 թ. մայիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)։ 2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։

Ստացել է մի շարք պարգևներ` Անանիա Շիրակացու մեդալ (2011),  ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011),  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015):

Ամուսնացած է,  ունի մեկ զավակ։

ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։

Տիրապետում է ռուսերենին  և անգլերենին։




Լրահոս