Վարդևան Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառնե՞րն են. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Գյումրիում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Ամեն բան հնարավոր էր պատկերացնել, սակայն ողբերգական ընթացքը ոչ մեկի մտքով անգամ անցնել չէր կարող:

Այսօր հայտնի դարձավ, որ առեղծվածային կերպով մահացել է Գյումրում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդին՝ Արշակ Գրիգորյանը: Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, իրավապահները՝ որպես նախնական վարկած, քննարկում են ինքնասպանության տարբերակը: Քրեական գործն էլ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Իսկ ահա գյումրեցիների շրջանում միանգամայն այլ լուրեր են տարածվել: Այսպես, Գյումրիում այս պահին խոսվում է այն մասին, որ երեկ երեկոյան Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գովազդային պաստառ է փակցվել, որի վրա եղել է  Վարդևան Գրիգորյանի նկարն ու զառեր՝ «հաջողության բանաձևը» վերտառությամբ:

Ըստ գյումրեցիների՝ սա ակնարկ է Վարդևան Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ Վարդևան Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։ Այս պահին պաստառը պոկված է: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Նա ՀՀԿ-ի շտաբի մի քանի անդամների հետ որոշել է ծածուկ չար կատակ մոգոնել, որը սակայն ավելի ողբերգական ավարտ է ունեցել: Երեկ երեկոյան Արշակ Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, և այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի և բախում է տեղի ունեցել:

Գյումրիում տարածված լուրերի շուրջ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն սատանալ Գյումրիում ՀՀկ-ի շտաբից: Մեզ հաջողվեց զրուցել Սուքիաս Ավետիսյանի հետ, ով ասաց. «ՀՀԿ-ն պաստառներով և նման բաներով չի զբաղվում»: Դե ինչ, մնում է սպասել՝ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել հանրապետության երկրորդ քաղաքում:




Լրահոս