Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նախագահեց փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի առաջին նիստը։
Ելույթ ունենալով գագաթաժողովին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց նման բարձր մակարդակով հանդիպման անցկացումը, ինչը, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում խնդրին լուծումներ գտնելու հաստատակամության վկայությունն է:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսում, մասնավորապես, նշեց. «Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առջև ծառացել են փախստականների ընդունման հետ կապված մարտահրավերները: 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների են ենթարկվել, արտաքսվել են իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում: Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց կորուստների՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և տեղահանության հերթական ալիքի»:
Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման և տևական կարգավորման միջոցով տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծում գտնելը: Նա շեշտեց հավասար, արագ և անխափան միջազգային մարդասիրական աջակցության տրամադրման կարևորությունը փախստականներին և տեղահանված անձանց աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից:
«Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությունում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Բազմաթիվ անգամներ Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք գոյատևման պայքար են մղում՝ ահաբեկիչների և օտար վարձկանների կողմից իրականացվող ազգային հողի վրա հանցագործություններին դիմագրավելու համար», – ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել նաև սիրիահայությանը: «Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայորդիներ ապաստան են գտել Հայաստանում։ Բնակչության թվի հարաբերակցությամբ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Այսպիսով, Հայաստանն իր սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ տեղահանվածներին», – ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում սիրիահայությանը տրամադրվող աջակցության հնարավորությունները, ապաստանի հայցման, կեցության թույլտվության և քաղաքացիության շնորհման դյուրացված ընթացակարգերը:
Նա շեշտեց, որ Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը: «Սակայն որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում: Համոզված ենք, որ առավել լայն միջազգային համագործակցություն է անհրաժեշտ՝ ընդունող պետություններին աջակցելու համար: Այս առումով, ողջունում ենք Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահ ենք, որ մեր հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար», – իր խոսքը եզրափակեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: