Այս տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում տեղի կունենա գյուղապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մամիկոն Սմբատյանը, Շատինի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիգրան Խուդոյանը եւ Վահե Մաթեւոսյանը, որը հետ է վերցրել փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ին զանգահարած շատինցիները մտահոգված են, ընտրությունները կեղծվելու են:
Բանն այն է, որ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը հայտարարել է, որ Շատինում գտնվող ռելեի գործարանն ու կարի արտադրամասը կվերագործարկի այն դեպքում, երբ ինքը կընտրվի գյուղապետի պաշտոնում: Իսկ այս հարցում իրեն կաջակցի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված եւ տուժած հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը: Բնակիչները ասացին նաեւ, որ վերջինս հայտարարել է, թե 2 մլն դոլարի չափով ներդրում կանի՝ գործարանները վերագործարկելու նպատակով:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի հետ:
-Պարո՛ն Սմբատյան, ինչո՞ւ եք հավաքել մարդկանց անձնագրերի պատճենները:
-Ես անձնագիր չեմ հավաքել: Ի՞նչ հարցեր եք տալիս: Կոնկրետ օրինակ բերեք:
-Շատինի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ Դուք անձնագրերի պատճենները հավաքում եք՝ առաջիկայում աշխատանքի տեղավորելու նպատակով: Խոսքը Շատինում գտնվող ռելեի գործարանում եւ կարի արտադրամասում աշխատանքի տեղավորելու մասին է:
-Ո՞վ է զանգահարել Ձեզ:
-Մենք տեղեկացանք նաեւ, որ Ձեզ աջակցելու է Փայլակ Հայրապետյանը, ով խոստացել է 2 մլն դոլարի չափով ներդրում անել նշված գործարանները վերագործարկելու նպատակով:
-Փայլակ Հայրապետյանն է վերցրել անձնագրերի պատճենները: Ինչ-որ խումբ կա, իրենք են վերցրել: Ես կապ չունեմ: Զանգեք Փայլակ Հայրապետյանին: Ինքը ընդամենը գնացել ու նայել է գործարանը, կարի արտադրամասը:
-Դուք, որպես գյուղապետ, չե՞ք հետաքրքրվել՝ ինչու են հավաքել Ձեր բնակիչների անձնագրերի պատճենները: Գուցե՞ գյուղապետի ընտրությունների համար են դրանք հավաքվել: Նման մտահոգություններ ունեն շատինցիները:
-Ինքը աշխատատեղ է ստեղծում, իսկ ես դրա հետ կապ չունեմ: Ես չեմ հասկանում անձնագրերի պատճենները ի՞նչ կապ ունեն ընտրությունների հետ: Ես այդքան ժամանակ չունեմ Ձեր հարցերին պատասխանել:
-Իսկ ինչի ժամանակ ունեք. ո՛չ հետաքրքրվում եք Ձեր գյուղի բնակիչներով եւ ո՛չ էլ մեր հարցերին եք պատասխանում:
-Եկեք Շատին, տեսնեմ, Դուք ով եք, նոր Ձեր հարցերին կպատասխանեմ:
Հ.Գ. Գյուղապետի հետ զրույցից կարճ ժամանակ անց խմբագրություն զանգահարեց գյուղապետի աշխատակազմի քարտուղար Լուսինե Գրիգորյանը եւ հայտարարեց, որ իրեն հանձնարարել են հայտարարություն տալ, որպեսզի գյուղացիներ գան եւ կարի արտադրամասում աշխատելու համար հերթագրվեն: «Այդ ցուցակներում պետք է գրվեր նրանց անձնագրային տվյալները: Ես գիտեմ, որ կարի մեքենաներ կան, բայց երբ է վերջնական աշխատելու կարի արտադրամասը, չգիտեմ: Ամեն դեպքում, առայժմ 4 շատինցի է գրանցվել»,- ներկայացրեց Գրիգորյանը:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ