Ս.թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում ընթացող փախստականների և միգրանտների հարցերով գագաթնաժողովի ընթացում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ի դեմս կազմակերպության Գլխավոր տնօրեն դեսպան Ուիլյամ Լեյսի Սվինգի, պաշտոնապես ստորագրեց համաձայնագիր, որով ՄՄԿ-ն դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հարակից գործակալություններից մեկը: Այսպիսով, Միգրացիայի միջազգային կազմակերպության ՄԱԿ-ի համակարգի անդամ դառնալով, ՄԱԿ-ը պաշտոնապես ստանձնեց միգրացիայի հարցերով զբաղվելու բացահայտ մանդատ:
Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Սվինգը մասնավորապես նշեց. «Այս պատմական համաձայնագրի կնքումը, որով միգրացիայի հարցերով զբաղվող գլոբալ առաջատար կառույցը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը դառնում է ՄԱԿ-ի գործակալություն, հանդիսանում է մեր 65-ամյա հարաբերությունների գագաթնակետը: Իր 71-ամյա պատմության մեջ առաջին անգամ Միավորված ազգերի կազմակերպությունն ունեցավ ՄԱԿ-ի միգրացիոն գործակալություն»:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հիմնադրվել է 1951թ. Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող խառնաշփոթի և տեղահանումների պայմաններում: Ի սկազբանե կազմակերպությունը կոչվել է Եվրոպայից միգրանտներ տեղափոխող ժամանակավոր միջկառավարական կոմիտե: Այնուհետև, 1952թ. այն անվանափոխվեց և դարձավ Եվրոպական միգրացիայի միջկառավարական կոմիտե, 1980թ. վերանվանվեց Միգրացիայի միջկառավարական կոմիտեի, իսկ արդեն 1989թ.՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության: Գրեթե կեսդարյա պատմության ընթացքում կազմակերպությունը զուտ կազմակերպչական հարցերով զբաղվող կառույցից վերածվեց աշխարհում միգրացիոն հարցերով զբաղվող հիմնական և ամենամեծ գործակալության:
Այսօր արդեն իսկ ՄՄԿ-ին անդամակցում են 165 պետություններ, ևս 8-ն ունեն դիտորդի կարգավիճակ: ՄՄԿ-ն գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: ՄՄԿ-ն կոչված խթանել կանոնավոր և մարդասիրական միգրացիան ի շահ բոլորի, ինչը և անում է՝ տրամադրելով խորհրդատվություն և ծառայություններ կառավարություններին և միգրանտներին:
Հայաստանի Հանրապետությունը ՄՄԿ-ին անդամակցում է 1993 թվականից: Երկրում կազմակերպության գործունեության համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության ստորագրած մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ համագործակցության պայմանագիրը» (1994 թ.) և «Փոխըմբռնման հուշագիրը» (2001 թ.): ՄՄԿ-ն Երևանում իր ներկայացուցչությունը հիմնադրել է 1993 թվականին: