Բան Կի Մունը կոչ է արել ողջ աշխարհում սեպտեմբերի 21-ին վայր դնել զենքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 21-ի Խաղաղության միջազգային օրվա առթիվ, գրում է «Արցախպրես»-ը:

«Ամեն տարի Խաղաղության միջազգային օրը ՄԱԿ-ը բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում վայր դնել զենքերն ու 24 ժամ հրադադար պահպանել ողջ աշխարհով մեկ: Առանց կռիվների անցնող մեկ օրը խորհրդանշական է և բոլորիս հիշեցնում է, որ հակամարտությունները կարող են և պետք է ավարտվեն:

Բայց խաղաղությունը միայն զենքերը վայր դնելը չէ: Խաղաղություն հաստատել նշանակում է ստեղծել այնպիսի միջազգային հասարակություն, որտեղ մարդիկ չեն տառապի աղքատությունից և իրար հետ կկիսեն բոլոր բարիքները: Սա նշանակում է՝ ապրել և զարգանալ միասին, աջակցել միմյանց՝ մի մեծ, համընդհանուր ընտանիքի նման:

Այս տարվա խաղաղության միջազգային օրը նշանավորվում է Կայուն զարգացման 17 նպատակներով՝ ԿԶՆ-երով, որպես խաղաղություն ստեղծող հիմնաքարեր: Հակամարտությունը հաճախ սկիզբ է առնում, երբ մարդիկ մրցում են սահմանափակ ռեսուրսներին տիրելու համար: Կայուն զարգացման Օրակարգ 2030-ը մեր նախագիծն է, որը կօգնի կանխել նման հակամարտությունների առաջացումը՝ բոլորի ներգրավվածությունն ապահովելով:

Երբ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի 193 անդամ պետությունները միաձայն ընդունեցին Կայուն զարգացման 17 նպատակները, նրանց ուղերձը պարզ էր ու հստակ:

Կայուն զարգացումը տևական խաղաղություն հաստատելու համար կարևոր նշանակություն ունի, և երկուսի կայացումն էլ կախված է մարդու իրավունքները հարգելուց: Եվ միայն միասին աշխատելով մենք կկարողանանք բոլորիս տունը դարձնել ապահով գալիք սերունդների համար:

Բոլորս կարող ենք լինել կայուն զարգացման ջատագովներ և բոլորին տեղեկացնել Օրակարգ 2030-ի և ԿԶՆ-երի մասին: Եվ մենք բոլորս մեր կառավարություններին կարող ենք վերահսկել, որպեսզի նրանք հաշվետու լինեն ապագայի մասին իրենց տված խոստմանը:

Եկե՛ք համախմբենք մեր ուժերը և աշխատենք, որ բոլոր մարդիկ հասնեն արժանապատվության և հավասարության, որ ունենանք ավելի կանաչ մոլորակ և որ ոչ ոք անտեսված չմնա:

Խաղաղության այս միջազգային օրը ցո՛ւյց տվեք ձեր նվիրվածությունը խաղաղության հաստատման գործին՝ դառնալով Կայուն զարգացման նպատակների իրագործման համար մարտնչող»,-ասվում է ուղերձում:




Լրահոս