Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը. օր, երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Դրանով հանրապետության խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովրդի կյանքում նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց և Հայաստանի պատմության մեջ սկսվեց երրորդ հանրապետության կառուցումը։ Արդյունքում` Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: ՀՀ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը ՀՀ քաղաքացիության իրավունք ունի:
Նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 27-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը եւս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությունը հեղինակել է Բարսեղ Կանաչյանը: Սեպտեմբերի 21-ն ազգային հպարտության օր է. անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 25 տարի է՝ այլևս իրականություն է:
Երևանում մեկնարկել է Անկախության 25-ամյակին նվիրված շքերթը:
Ուղիղ միացումը` Ազատության