Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ տեղին է հետադարձ հայացք նետել մեր երիտասարդ պետության ձեւավորման պատմությանը: Իսկ, խոսելով պետության մասին, չենք կարող չանդրադառնալ պետական խորհրդանիշներին: Մենք կկենտրոնանանք դրանցից մասնավորապես մեկի` զինանշանի ստեղծման պատմության վրա: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից, 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Վերջին շրջանում մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, որ զինանշանի տեսքը անհրաժեշտ է որոշ փոփոխությունների ենթարկել: Ավելին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ավելի վաղ հրաման էր ստորագրել՝ ՀՀ պետական խորհրդանիշների պատկերների ուսումնասիրման, ձեւավորման, տեխնիկական փոփոխությունների իրականացման նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Բայց այս պահին արժի 25 տարի հետ գնալ` հասկանալու համար` ինչպես է ստացվել, որ որպես պետության խորհրդանիշ ընտրվել է զինանշանի ներկայիս տարբերակը, արդյոք տարիներ առաջ առաջարկվել են այլ, հետաքրքիր տարբերակներ, ով կամ ովքեր են ժամանակին թերացել, եւ ում բացթողումների հետեւանքով է այսօր առաջ եկել խորհրդանիշը փոփոխելու խնդիրը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով 25 տարի առաջ հայտարարված զինանշանի մրցույթի անցկացման հանձնաժողովի անդամներից մեկն էր, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մրցույթի առաջին փուլի շրջանակում ներկայացվել է 150 աշխատանք. «Ժյուրիի անդամները բաժանվեցին 3 մասի` մի մասն այն կարծիքին էր, որ զինանշանի ստեղծման հարցում մենք պետք է առաջնորդվենք` շարունակելով խորհրդային գերբի ավանդույթները, մյուս մասն այն համոզման էր, որ պետք է վերադառնանք 1918 թվականին ստեղծված զինանշանի տարբերակին եւ ավելի զարգացնենք այն, իսկ երրորդ մասը պնդում էր, որ նոր պետությունը պետք է բոլորովին նոր խորհրդանիշ ունենա (Ես միայնակ կազմել էի չորրորդ «խումբը» եւ համաձայն չէի առաջարկվող եւ ոչ մի տարբերակի հետ):
Հետեւաբար այս երեք տեսակետներից ելնելով` մրցույթի շրջանակում տարբեր նկարիչներ, ճարտարապետներ, դիզայներներ ներկայացնում էին իրենց պատկերացրած զինանշանը: Նրանցից մեկը, օրինակ, ձեւափոխելով խորհրդային զինանշանը, մուրճի եւ մանգաղի փոխարեն խաչ էր նկարել, եւ, իհարկե, կային զինանշանի` հորինված բազմաթիվ տարբերակներ: Ասեմ, որ ներկայացված տարբերակներից եւ ոչ մեկը չստացավ ձայների առավելությունը: Կարծում եմ` ճիշտ կլիներ, եթե որեւէ կոնցեպցիա մշակվեր եւ ներկայացվեր` ինչպիսին պետք է լինի ՀՀ զինանշանը, եւ դրանից հետո նոր պետք էր հայտարարել մրցույթ, որպեսզի նկարիչներից ամեն մեկը մատուցեր իր տարբերակը: Իսկ այն, ինչ եղավ, աբսուրդ սխալ ու անգրագետ մոտեցում էր»:
Կ. Աղամյանի խոսքով` դրանից կես տարի անց հայտարարվել է մրցույթի երկրորդ փուլը, որի շրջանակում ներկայացվել է եւս 50 աշխատանք: «Այդ ժամանակ էլ պատկերը նույնն էր՝ ոչ խոստումնալից: Ոչ ոքի աշխատանքն էլ չընտրվեց: Եվ իշխանությունները վճիռ կայացրին ընտրել նկարիչ Ռուբեն Ղեւոնդյանի ներկայացրած աշխատանքը, որը 1918-ին ստեղծված մեր զինանշանի կատարելագործված տարբերակն էր: Ես իմացա, որ իշխանությունները հավանել էին այն, իսկ հետո քաղաքական շրջանակներում քննարկումներ էին եղել, ոմանք որոշել էին Ղեւոնդյանին խորհուրդներ տալ, օրինակ` ասել էին, որ առյուծի երախից չպետք է լեզուն հանված լինի (Այնինչ՝ ես կարծում եմ, որ պետք է հենց այդպես լինի):
Այսինքն` գործին խառնվել էին բանից անտեղյակ մարդիկ: Արդյունքում նկարիչ-ձեւավորող Հարություն Սամուելյանին հանձնարարվել էր մշակել Ղեւոնդյանի ներկայացրած տարբերակը, եւ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք»:
Բայց, ինչպես նկատում է Կ. Աղամյանը, այդքանով դեռ չավարտվեց մեր զինանշանի էպոպեան. ավելի ուշ համացանցում տարածվեցին զինանշանի աղավաղված տարբերակները, եւ դրանք մտան կիրառության մեջ, անգամ` նախարարությունների կողմից:
Մեր հարցին, թե ով կարող էր լինել այդ աղավաղված տարբերակների հեղինակն ու տարածողը, Կ. Աղամյանը պատասխանեց. «Զինանշանը գաղափարախոսություն է, այն կոդավորում է տվյալ պետության նկարագիրը: Այս մասին, թերեւս, գիտեն նաեւ մեր թշնամիները, որոնք կարողացել են խեղաթյուրված էլեմենտներ մտցնել մեր զինանշանի մեջ եւ համապատասխան պատկերներ տարածել: Պետք է պարզել` ով է համարձակվել Բագրատունյաց թագավորության խորհրդանիշ առյուծի դեմքը խեղկատակի վերածել, կամ, օրինակ, զինանշանի վրայի սուրը ներկայացնել ջարդված:
Սա դիվերսիա է մեր երկրի դեմ, սա քրեորեն հետապնդելի արարք է: 2000-ականների սկզբից ես պատահական հայտնաբերել եմ զինանշանի` խեղաթյուրված տարբերակներ եւ սկսել եմ ահազանգել պետությանը»:
Կ. Աղամյանը, ով արդեն մի քանի տարի է` մշակույթի նախարարության պատվերով զբաղվում է զինանշանը կատարելագործելով, նշեց, որ հասել է իր աշխատանքի վերջնակետին, սակայն դեռեւս հրաժարվեց ցույց տալ զինանշանի` իր մշակած վերջնական տարբերակը (տարբերակները):
Կարեն Աղամյանի աշխատանքային արխիվից
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ նկարիչ Ռուբեն Ղեւոնդյանի հետ, ով, ի հեճուկս Կ. Աղամյանի, կարծիք հայտնեց, որ զինանշանի մաս կազմող առյուծի կամ արծվի լեզուները չպետք է հանված լինեն. «Դա շատ ագրեսիվ է, լեզուն հանած աստվածություն չի լինում: Դա ոչ թե խրոխտության (այդպես է կարծում Կարեն Աղամյանը-հեղ.), այլ թուլության նշան է: Դա հիշեցնում է այն պահը, երբ երեխաները կռիվ անելիս իրար վրա լեզու են հանում»:
Նկարչի կինն էլ` Ադա Գաբրիելյանը (իսկական անունը` Ադա Գավրիլովա), մեզ փոքրիկ մի դրվագ պատմեց. «Ղեւոնդյանը իր տարբերակը մշակելուց առաջ ուսումնասիրել էր համաշխարհային փորձը եւ նշում էր, որ զինանշանի` իր ներկայացրած տարբերակը աշխարհի զինանշանների շարքում կարելի է ներառել լավագույն տասնյակում: Հիշում եմ, որ Ռուբենին որոշ քննադատներ ասում էին` էս փոքր Հայաստանի համար ինչ էլ հզոր արծիվ ես ներկայացրել: Նա էլ պատասխանել էր. «Բա ի՞նչ` ճնճղուկ պետք է պատկերեի՞»»:
Մենք զրուցեցինք նաեւ նկարիչ-ձեւավորող Հարություն Սամուելյանի հետ (նա, ի դեպ, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հայրն է):
«25 տարի առաջ իշխանությունների կարգադրությամբ ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցի նաեւ ես: Այն նպատակ ուներ Ռ. Ղեւոնդյանի ներկայացրած նախագծի հիման վրա կատարել գրաֆիկական խմբագրումներ, որպեսզի զինանշանը գրաֆիկական դիզայնի ու կերպարվեստի մասով ներդաշնակ ստացվեր: Գրաֆիկական աշխատանքները հենց իմ ձեռքով են արվել: Իսկ Ղեւոնդյանը աշխատանքի ընթացքում անընդհատ մշակում էր իր տարբերակը»,-պատմեց նա:
Մենք հարցրինք` փաստորեն Հ. Սամուելյանն այժմ աշխատում է իր իսկ իրագործած սխալները սրբագրելո՞վ (Նա եւս ընդգրկված է ՀՀ պետական խորհրդանիշների պատկերների ուսումնասիրման, ձեւավորման, տեխնիկական փոփոխությունների իրականացման նպատակով մասնագիտական հանձնաժողովի կազմում-հեղ.). «Նախ` դա իմ նախագիծը չէր, ես պարզապես կատարող էի, բայց եթե նույնիսկ ես լինեի համապատասխան նախագծի հեղինակը, ինչո՞ւ չպետք է փորձեի ինքս իմ աշխատանքը խմբագրել կամ փոխել. ես հակասություն չեմ տեսնում»,-պատասխանեց նա:
Մենք նաեւ հարցրինք` ի վերջո, ով կամ ովքեր են զինանշանի հետ կապված Կ. Աղամյանի մատնանշած (այդ թեմայով Կ. Աղամյանը բազմիցս մամուլի ասուլիսներ է տվել-հեղ.) թերությունների, բացթողումների մեղավորները. «Պետությունը, հանձնաժողովը, որը հստակ պահանջներ մեր առջեւ չէր դրել, չէր ասել, օրինակ` առյուծի կամ արծիվի երախը պետք է բաց լինի, թե փակ: Բացի այդ` մեզ սաստիկ շտապեցնում էին, այդ շտապողականության պատճառով էլ որոշ տեխնիկական թերություններ ունեցանք. դրանք շտկելու համար ժամանակ չկար»:
Մենք հետաքրքրվեցինք` ովքեր էին ընդգրկված վերոնշյալ հանձնաժողովի կազմում. «Հանձնաժողովի նախագահը Գրիգոր Արեշյանն էր (պետնախարար` 1991 – 1992 թթ. ), անդամներից էին` ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանը, պատմաբան Լեւոն Աբրահամյանը, միգուցե հանձնաժողովի կազմում ներառված չէր, բայց տարվող աշխատանքներում ակտիվ մասնակցություն ուներ Սամվել Շահմուրադյանը (1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր)»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` ճիշտ է արդյոք, որ ՀՀ զինանշանի օրիգինալ տարբերակը կորել է, այն փաստացի ոչ մի տեղ չկա. «Երբ մենք ավարտեցինք ձեռքի աշխատանքը, պատճենեցինք այն, եւ այդ պատճենի վրա հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին, ու գրվեց ամսաթիվ: Այդ օրինակը չկա, չի գտնվում: Պետությունը որպես բնօրինակ դիտարկում էր ոչ թե մեր ձեռքով կատարված, չպատճենահանված տարբերակը, այլ պատճենվածը: Իսկ մեր ձեռքի աշխատանքը գտնվում է իմ սեփական արխիվում»,- ասաց նա:
«Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է հանձնել այն պետությանը, որեւէ թանգարանի»,-հարցրինք մենք: «Կարծում եմ, բայց պետությունն այդպես չի կարծում, ես էլ մեծ ուրախությամբ պահում եմ այն»,- եզրափակեց Սամուելյանը:
Աննա Բաբաջանյան