Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք առաջ ենք շարժվում. Յուրի Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 25-­րդ տարեդարձի կապակցությամբ: Մենք՝ հայերս, մեկն ենք այն փոքրաթիվ ժողովուրդներից, որոնք ունեն պետություն: 25 տարի, մենք պահել ու ամրապնդել ենք մեր անկախությունը, մենք պայքարել ենք, ունեցել ենք և՛ կորուստներ, և՛ ձեռքբերումներ, հաղթահարել ենք դժվարություններ, տոնել ենք հաղթանակներ, ապրել ու ապացուցել ենք, որ արժանի ենք այդ անկախությանը: Մեր պատմությունը փառապանծ է:

Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում՝ պահպանելու անկախության համար պայքարում դրսևորած վեհ ազգային ինքնագիտակցությունը, աչալրջորեն և համախմբված ուժերով հզորացնելու և շենացնելու մեր պետությունը, էլ ավելի ամրապնդելու նրա միջազգային հեղինակությունը, որպեսզի կարողանանք պատշաճ պատասխան տալ մեր հայրենիքի դեմ ուղղված բոլոր ոտնձգություններին։

Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք առաջ ենք շարժվում, և մեր քառորդդարյա անկախությունը մեզ թույլ է տալիս, որ մեր քայլերն օր օրի էլ ավելի վստահ ու համարձակ դարձնենք: Ես վստահ եմ, որ ինչպես պատմության մեջ միշտ է եղել, մենք միասնական և քաջաբար հաղթահարելու ենք մեր ազգի առջև ծառացող բոլոր խոչընդոտները: Սիրելի՛ հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ՝ մեր և մեր զավակների համար խաղաղ ու ապահով կյանք կերտելու նվիրական գործում»:




Լրահոս