Սերժ Սարգսյանի երեկվա որոշմամբ Սերգո Կարապետյանը չնշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում: Նոր կառավարությունում նրան կփոխարինի Իգնատի Առաքելյանը: Կարապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից և այդ ընթացքում հասցրել է մի քանի անգամ վերանշանակվել նախարարի պաշտոնում, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ:
Կարապետյանին հաջողվել էր պաշտոն ստանալ ՕԵԿ-ական լինելու շնորհիվ. հենց այդ կուսակցության անմիջական ջանքերով նա «գրավեց» գյուղնախարարի աթոռը:
Սերգո Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը, որը սկսվել է սեզոնային բանվոր աշխատելուց:
Ծնվել է 1948թ. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 31 տարեկանում ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ: Նրա կենսագրական տվյալներից հասկանալի չէ, թե ինչ մասնագիտություն ունի Սերգո Կարապետյանը, կրթությունը` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ… և վերջ: Տեղեկացնենք, որ Ս. Կարապետյանը 1965-1972թթ. եղել է սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ` առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ: Բանվորից մինչև գլխավոր էլեկտրիկի կարգավիճակի հասած այսօրվա «մինիստրը» 1972-1986 թթ. եղել է Արտաշատի «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները, ապա դարձել գլխավոր տնօրեն: Դրանից հետո 1986-1996թթ. զբաղեցրել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրենի (ոչ գլխավոր) պաշտոնը:
1996-2011թթ. եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ի նախագահ, ապա գլխավոր տնօրեն: 2010 թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում: 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում: 2014 թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր։ 2014 թ. ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից: Դա այն ժամանակ էր, երբ ՕԵԿ-ը որոշեց դադարեցնել ՀՀԿ-ի հետ կոալիցիան և իր այս քայլով, Կարապետյանը կարողացավ պահպանել պաշտոնը: Իր պաշտոնավարման տարիներին Սերգո Կարապետյանը մշտապես հայտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` նաև լուսանկարվելու հետ սեր ունենալու պատճառով: Նախարարության կայք-էջում վերջերս մշտապես կարող էինք տեսնել լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե նա որ մարզում կամ գյուղում է եղել և ինչ է արել: Բացի խորհրդակցություններ անցկացնելուց, նա առիթը բաց չէր թողնում տարբեր մրգեր ձեռքին լուսանկարվելու համար: Սակայն, երբ գյուղացիները չէին կարողանում լուծել ցորենի, գարու, խաղողի, լոլիկի, սմբուկի, պղպեղի և այլ բանջարեղենի իրացման, մթերման խնդիրները, նախարարը անհետ կորում էր:
Իսկ ինչ ունեցվածքով է հեռանում Սերգո Կարապետյանը… Իր առաջին հայտարարագրում, որը ներկայացված է եղել 2011 թվականին, Սերգո Կարապետյանը հայտարարագրել էր 168 մլն 700 հազար դրամ, 85 հազար 600 դոլար և 78 հազար 500 եվրո: 2010 թվականին նրա եկամուտը կազմել էր 3 մլն դրամ, որը գոյացել էր աշխատանքի վարձատրությունից:
Արդեն 2015 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հարկային տարվա ընթացքում 36 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք է օտարել: Այժմ նրա դրամական միջոցները կազմում են 198 մլն դրամ, 70 հազար դոլար և 65 հազար 400 եվրո: Մեկ տարվա ընթացքում կարողացել է վաստակել 43 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է վերը նշված գույքն օտարելուց և աշխատավարձից:
Նաիրա Հովհաննիսյան