Ինձ համար ընկալելի չէ` ինչպես կարող է երիտասարդն առավոտյան շտաբային աշխատաքներ ծրագրել, մի ժամ հետո՝ ինքնասպան լինել. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գյումրիում մահացել էր ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդին՝ Արշակ Գրիգորյանը: Իրավապահ մարմինների հայտարարությունների համաձայն, կատարվածն ինքնասպանություն է:

Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով միջազգային կոնֆերասին մասնակցելու նպատակով մեկնել էր Հայաստանից ու դեռ ծրագիրը չավարտած, շտապ Հայաստան է վերադարձել:

Տիկի՛ն Զոհրաբյան, երեկ ցավալի դեպք գրանցվեց Գյումրիում, որը տարբեր վարկածների առիթ դարձավ: Դուք որևէ տեղեկություն ունե՞ք դեպքից և ինչպե՞ս եք վերաբերվում ինքնասպանության վարկածին:

-Կարող եմ միայն ասել, որ տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն, դժվար է ինչ-որ այլ բան ասելը: Վարկածներ պետք է առաջ քաշեն ոչ թե ես կամ Դուք, այլ իրավապահ մարմինները,  և իրենք էլ պիտի տան այդ վարկածների ճշմարիտ պատասխանները՝ առանց ինչ-որ մարդկանց պարտակելու:

Ինձ համար հասկանալի չէ և ընկալելի չէ, թե ինչպես կարող է պատահել, որ տղան դեպքից մեկ օր առաջ  կուսակցության շտաբում շատ հանգիստ զբաղվի Վարդևան Գրիգորյանի քարոզչության խնդիրներով, առավոտյան ևս ծրագրի շտաբային աշխատաքներ և վերջում հանկարծ նման քայլի դիմի:

Ես իրավունք ունե՞մ այդ հարցը ուղղել իավապահ մարմիններին և բոլոր նրանց, ովքեր պաշտոնապես հայտարարում են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:

-Կարծիք կա նաև, որ մահվան պատճառներից մեկն էլ զառերով պաստառն է, որը փակցրել են «Գյումրեցու ոգի» կուսակցության անդամները, ինչ կասեք այս մասով:

-Կրկնում եմ` ես չեմ կարող որևէ վարկած առաջ քաշել և քննարկել, առավել ևս, որ այդ կուսակցության նախագահն ինքը չկարողացավ որևէ կերպ պարզաբանել իրենց պաստառի մեսսիջները և դա բնական է: Ինչո՞ւ, որովհետև բոլորի համար էլ պարզ էր, որ այդ կուսակցությունը մեկանգամյա ինչ որ ծրագրի համար է ստեղծվել և բոլորի համար էլ պարզ է, որ կուսակցության նախագահը այդ պաստառի հետ որևէ առնչություն չունի իրականում:

Ես կարծում եմ, որ այդ պաստառի հեղինակները գյումրեցիների մի խումբ է, ովքեր զբաղված են կնոկրետ մարդու քարոզչությամբ: Նման պաստառ փակցնելը ես համարում եմ բացարձակ ցինիկ, լպիրշ և անբարոյական քայլ, և նրան, ում մոտ հղացել է պաստառ փակցնելու գաղափարը, ես կդժվարանամ մարդ անվանել:

Գյումրիում դեպքի հետ կապված շատ լարված իրավիճակ է, և ցանկացած անզգույշ քայլ, ցանկացած անզգույշ հայտարարություն, թե՛ իրավապահների, թե՛ մեզանից յուրաքանչյուրի կողմից կարող է էլ ավելի սրել իրավիճակը:
Մեզ բոլորիս այսօր անհրաժեշտ է ճշմարտություն, որը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Արփինե Թովմասյան




Լրահոս