
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի հիմնադրամ:
Ներկայացնելուց հետո Կարեն Կարապետյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելն ի՞նչ փոփոխություններ է իր հետ բերելու: «Մենք չենք խոսում, թե որքան կարևոր է կրթության ոլորտը, որ վաղվա ՀՀ քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ: Մենք էստեղ շատ բան ունենք խոսելու, և երբ թիմը վերջնական ձևավորվի, կխոսենք: Հիմա բացատրեք, թե մենք ինչն ենք փոխում, ինքը ինստիտուտ է, ի՞նչն է փոխվում կառավարման կանոնների մեջ»,- հարցրեց Կարապետյանը:
Մկրտչյանը պատասխանեց, թե երբ ինստիտուտները վերածվում են հիմնադրամների, շատ ավելի լայն լիազորություններ են ունենում: «Ես ուզում եմ, որ երկու հստակ մեխանիզմ լինի: Եթե վստահ չեք, որ օգուտ է տալու, գուցե մտածենք` ո՞րն է լավը, վեջնական անենք: Եվ եթե մնացածն այս կերպ է արվել, պետք է չասվի, որ դե, մնացածներն արել ենք, սա էլ անենք: Նախագիծն ընդունված է, մինչև վերջ չբավարարված»,- նշեց Կարապետյանը: