Ինչ կառուցվածքային փոփոխություններ կլինեն առաջիկայում. մանրամասնում է Կարեն Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարց:

Ըստ այդմ` մի քանի նախարարություններ վերանվանվեցին, իսկ քաղաքաշինության նախարարությունն էլ կդառնա կոմիտե: Վարչապետ Կարեն Կարապետյանը բացատրեց առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը:

Էկոնոմիկայի նախարարության վերանվանման հետ կապված վարչապետը նշեց, որ ցանկացել են հատուկ շեշտադրել գործարարներին: Նրա խոսքով` ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որը գործարարի ձեռքից բռնած օգնելու է, որ նրա համար խոչընդոտներ չստեղծվեն: Ինչ վերաբերում է էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարությանը, ապա վարչապետի խոսքով, քննարկվում է, որ ջրային ռեսուրսները գյուղնախարարությունից տեղափոխել էներգետիկ համակարգ, որպես ծառայություն մատուցող բիզնես, որը խնդիր ունի սինխրոնիզացիայի:

«Կապի և տրանսպորտի նոր նախարարը բավական մոտ է ՏՏ ոլորտին: Քննարկվում է, որ ավիացիան էլ տեղափոխվի կապի, տրանսպորտի և տեխնոլոգիաների նախարարություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Էկոնոմիկայի նախարարությունից կառանձնացվի նաև տուրիզմը: Տուրիզմի համար ստեղծվում է կոմիտե, որի առջև կոնկրետ խնդիր է դրված լինելու, թե ամեն տարի որքան տուրիստ պետք է ներգրավի: Կստեղծվի ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: «Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ է համարում, որովհետև գտնում է, որ մշակույթի նախարարությունը այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց մենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:




Լրահոս