ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՂ ԲԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կազմի փոփոխության շուրջ քննարկումները շարունակվում են, եւ հիմնական հարցը, որ բոլորը փորձում են պարզել, այն է, թե ինչ իմաստ ուներ ԱԺ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել: Ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ վարկածների, գոյություն ունի նաեւ սոցիալական պատճառաբանություն, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կառավարության մասնագետները քննարկում են ներքին օգտագործման համար իրականացված հաշվարկների շրջանակներում: Ըստ այդմ, այս տարվա դեկտեմբերից սկսած Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում սոցիալական վիճակը կտրուկ սրվելու է: Այսինքն՝ Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերի բնակչության մի զգալի մասը նույնիսկ տարական հացի խնդիր կարող է ունենալ: Երբ այս կանխատեսումներն ամփոփվել են, ակնհայտ է դարձել, որ իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտ հույս ներշնչելն է, որպեսզի դրա արդյունքում տնտեսությունը մի փոքր գոնե աշխուժանա: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրը լինելու է ձմռան ամիսներին Հայաստանի հատկապես հեռավոր լեռնային գյուղերում բնակչության սովի մատնվելու երեւույթները կանխելը: Եթե այդ խնդիրը հաջողվի լուծել, ապա գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սոցիալական վիճակը որոշակիորեն կթեթեւանա: Հայտնի է, որ ընտրությունների շրջանում Հայաստանում հսկայական գումարներ են շրջանառվում, ինչը թույլ կտա առնվազն մեկ տարվա կտրվածքով սոցիալական լարվածությունը մեղմել:

 

 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին կրկին Ռուսաստանի Դաշնությունում է եղել: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե նա ինչ նպատակով է եղել Ռուսաստանում: Վերջինս նախ հաստատեց մեր տեղեկությունները՝ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանում գտնվելու մասին, այնուհետեւ ավելացրեց. «Նա բացառապես մասնակցել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների արտագնա նիստին: Ընդ որում, ոչ Մոսկվայում»: Տեղեկացնենք, որ Քոչարյանը գիշերել է Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը որեւէ կապ ունի Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու ծրագրի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բնականաբար ոչ մի կապ չունի: Խնդրում եմ չքաղաքականացնել»: Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ուղիներ է փնտրում իշխանության ղեկը կրկին իր ձեռքը վերցնելու ուղղությամբ, վաղուց է հայտնի: Սակայն ինչպես է նա փորձելու այդ խնդիրը լուծել, դեռ հայտնի չէ:

 

 

 
Նախօրեին ArmLur.am-ը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ինքը՝ Լալայանը, համարվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մերձավոր անձանցից մեկը: Նա փաստացի նախագահական էր գնացել Միքայել Մինասյանի հետ, երբ վերջինս 2008 նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հետագայում Մինասյանը նշանակվեց դեսպան, իսկ Լալայանը շարունակեց պաշտոնավարել` իրականացնելով իշխանական մեդիայի փաստացի կառավարումը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ առաջիկայում Միքայել Մինասյանի այլ թիմակիցներ եւս, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում, ազատման դիմումներ կներկայացնեն: Ակնհայտ է, որ այս կադրային փոփոխությունները կապված են 7 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Տեսակետ կա, որ նրանց հեռացնում են իշխանությունից, բայց իրենք` երիտասարդները, վստահեցնում են, թե պատրաստվում են ընտրություններին` փորձելով, այսպես կոչված, ավագներին իշխանական ցուցակներից դուրս մղել:

 

 

 
Հայաստանում բնական գազի սպառման ծավալները շարունակում են նվազել: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի ծավալների կտրուկ՝ 36 տոկոսով նվազումից բացի՝ նվազել են նաեւ արդյունաբերության եւ գազալցակայանների սպառած գազի ծավալները: Հատկապես գազալցակայանների սպառած գազի ծավալների անկման փաստն ուշագրավ է, քանի որ վերջին տարիներին այդ ցուցանիշը միմիայն աճել է: Այդ հանգամանքը բացատրվում էր Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների թվի անընդհատ աճով: Սակայն այս տարի առաջին անգամ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ցուցանիշը անցած տարվա համեմատ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետրով նվազել է: Սա ուղղակի փաստում է, որ Հայաստանում բնակչության թիվը գնալով ավելի է նվազում, հետեւաբար շահագործվող ավտոմեքենաների թիվը նույնպես պակասում է:

 

 
ՈՉ ԿԱԶԱՆՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Մոսկվայում էր ՌԴ ԱԳՆ-ում ԼՂ հարցով խորհրդակցությունների նպատակով, նախօրեին հարցազրույց է տվել ռուսական պարբերականներից մեկին եւ մի քանի ուշագրավ հայտարարություններ արել: Նախ՝ կարգավորման նոր առաջարկների հետ կապված հարցին ի պատասխան՝ Ուորլիքը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ որեւէ նոր փաստաթուղթ դրված չէ սեղանին. «Անհրաժեշտ է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը քննարկվել է արդեն երկար տարիներ: Կարգավորման առանձին պայմաններ կան, սակայն մեզ բոլորիս պակասում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը՝ առաջ շարժվելու համար: Մենք Ս. Լավրովի հետ քննարկել ենք այդ պայմաններն ու խոսել այն մասին, թե ինչպես կառուցել այդ աշխատանքները»: Թե կոնկրետ ինչ պայմանների մասին է խոսքը, նա չի մասնավորեցրել, փոխարենն ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ը միակարծիք են: Պատասխանելով հարցին, թե որն է ԱՄՆ-ի համար կարգավորման իդեալական սցենարը, Ուորլիքն ասել է. «Նույնը, ինչպես ե՛ւ ռուսական, ե՛ւ ֆրանսիական կողմի համար»:
Այսպիսով՝ նշելով, որ կարգավորման կառուցվածքը քննարկված է վաղուց, եւ այս հարցում միջնորդների միջեւ որեւէ տարակարծություն չկա, Ուորլիքն, ըստ էության, արձանագրում է, որ այսպես կոչված «Լավրովյան պլանը» եթե անգամ եղել էլ է, ապա հիմա այլեւս սեղանին չէ:
Հաջորդ ուշագրավ հայտարարությունը վերաբերում է կարգավորման սկզբունքների կյանքի կոչմանը եւ դրա շրջանակներում ԼՂ հարակից ազատագրված տարածքների հանձնմանը: Ուորլիքն այստեղ բավականին հստակ եւ տարընթերցման տեղիք չթողնող ձեւակերպում է անում՝ ասելով. «Իհա՛րկե: Կարգավորումը ենթադրում է նաեւ տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ-ի կարգավիճակի փոխարեն: Դրանք կարգավորման պայմաններն են, սակայն ոչ միակը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահական ուժերի ներկայություն: Այդ ամենը խաղաղ կարգավորման պայմաններն են, եւ դրանք հայտնի են բոլորին»: Ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը, փաստորեն, խոսում է այն մասին, որ ներկայումս սեղանին դրված փաստաթուղթը աղերս չունի Կազանյան տխրահռչակ փաստաթղթի հետ, այլապես Ուորլիքը դժվար թե օգտագործեր 1.«տարածքների մի մասը» արտահայտությունը, քանի որ ինչպես հայտնի է՝ Կազանյան փաստաթղթով հայկական կողմը պարտավորվում էր վերադարձնել ոչ թե տարածքների մի մասը, այլ ամբողջը՝ բոլոր 7 շրջանները. սկզբում 5-ը, ապա մնացած 2-ը՝ բացի Լաչինի մի մասից, որը միջանցքի գործառույթ պիտի ունենար: 2. Այդ դեպքում Ուորլիքը չէր օգտագործի «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտությունը, քանի որ այդ նույն տխրահռչակ փաստաթղթով, ինչպես գիտենք, խոսքը «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց» սկզբունքի մասին էր, որը էականորեն տարբերվում է «տարածքների մի մաս՝ ԼՂ կարգավիճակի /ոչ միջանկյալ/ դիմաց» սկզբունքից:




Լրահոս