ՄԵԴԻԱՄԱԳՆԱՏԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է. ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, առանձնահատուկ անդրադարձ կատարեց նաեւ մոտ ապագայում սպասվող կադրային «վերադասավորումներին»` նշելով, որ «փոփոխություններ կլինեն կառավարման ողջ համակարգում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ»:

Եվ արդեն լուրեր են շրջանառվում, որ քաղաքական ու լրատվական դաշտի համար անակնկալ կերպով խաղից դուրս են գալիս հենց Սերժ Սարգսյանի աշխատակազմից նրա երիտասարդ թիմի ներկայացուցիչները: ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ աշխատանքից ազատվել է Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանը: Մարդ, որ 2013 թվականին ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալով՝ ունեցավ այնպիսի կարգավիճակ, ում վրա հենվում էին Սերժ Սարգսյանը եւ նրա փեսան` մեդիամագնատ Միքայել Մինասյանը:
Սեւակ Լալայանը նախագահական պալատում զբաղվում էր հանրային խնդիրներով, երբեմն նախագահի ելույթի տեքստերի շարադրմամբ, երբեմն էլ իշխանական լրատվամիջոցների վերահսկողական աշխատանքներով եւ, իհարկե, ներպալատական խարդավանքների «կնքահոր» իմիջ ուներ: Բայց հանուն արդարության պետք է նշենք, որ Սեւակ Լալայանն ինտելեկտուալ անձնավորություն է եւ իր գործում պրոֆեսիոնալ: Ու այս առումով շատ հետաքրքիր էր, որ նման բնութագիր ունեցող անձնավորությունը, որը միեւնույն ժամանակ կարողանում էր ամբողջապես վերահսկել իշխանական մեդիադաշտը, հանկարծ առանց որեւէ պարզաբանման ազատվում է աշխատանքից:
Լալայանից պարզաբանումներ լսել չհաջողվեց, արդեն «նախկին» օգնականը մեր հեռախոսազանգերին համառորեն չպատասխանեց: Գուցե սրտնեղած է իրեն բաժին հասած ճակատագրի համար:
«Ժողովուրդը» հարցի առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից: Ի պատասխան մեր հարցմանը` Հակոբյանը նշեց. «ՀՀ նախագահի կողմից կադրային նշանակումների մասին հրամանագրերը հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կողմից հրապարակվում են պատշաճ կարգով եւ ժամանակին»: Ասել է թե` պարոն Հակոբյանը, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին, ինչը ավելի է խորացնում կասկածները, թե ինչ պատճառով կարող էր Սերժ Սարգսյանն առաջինը զոհաբերել իր երիտասարդ թիմին:
Տեղեկացնենք, որ այս օրերին խոսք է գնում նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ»-ի լուծարման կամ այնտեղ սկսված լուրջ կադրային փոփոխությունների մասին: Սակայն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ. «ՊՈԱԿ-ը չի լուծարվում եւ շարունակում է աշխատել բնականոն հունով: Անգամ այսօր աշխատում ենք, մենք շուրջօրյա ենք աշխատում»: Իր ազատման մասին լուրերին անդրադառնալով՝ Արա Սաղաթելյանը եւս բացասական արձագանք տվեց. «Այս պահին ես կառավարում եմ, կատարում եմ իմ պաշտոնական աշխատանքը: Մեր ՊՈԱԿ-ը իր վրա դրված բոլոր խնդիրները կատարել է, կատարում է եւ կատարելու է, դժգոհություններ էլ չկան, որ լուծարեն: Կարող են լինել կադրային փոփոխություններ եւ տեղաշարժեր, դրանց մեջ ոչ մի տարօրինակ բան ես եւ դուք պետք է չտեսնենք, որովհետեւ որեւէ մեկը որեւէ պետական պաշտոն իր տնից չի բերել»:
Իսկ ի՞նչը կարող էր նախագահի քարոզչական թիմին փոխելու կամ ընդհանրապես ասպարեզից հեռացման առիթ դառնալ: Ի վերջո, նույն թիմը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի շրջապատի քրեական եւ ոչ քրեական տարրերին մեկուսացրեց` այդպես փորձելով բարձրացնել ՀՀԿ առաջնորդի իմիջը, բայց միաժամանակ թշնամացրեց բոլորի հետ: Ու հիմա նրանք գնում են: Ինչո՞ւ:
Վարկածներից մեկը ապրիլյան պատերազմի, ապա հետագայում՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին մերձիշխանական լրատվամիջոցների գործունեության ոչ պատշաճ կատարումն է: Մեդիադաշտում «վերահսկողություն» իրականացնող ուժերը, որոնց տնօրինումը վստահված է նաեւ Սեւակ Լալայանին, ամեն անգամ նախագահին այս ոլորտում տիրող վիճակի մասին զեկուցելիս ամեն ինչ կատարյալ են նեկայացրել, փորձել հավատացնել, որ ամեն բան իսկապես վերահսկվում է, կատարված ներդրումները իզուր չեն, սակայն այդ «կատարյալը» ի ցույց դնելու պահին նրանք սայթաքեցին: Այս մասին Սերժ Սարգսյանին ասել են բազում գործիչներ:
Մեկ այլ վարկածով հիմնական պատճառը մեր երկրի արտաքին քաղաքականության կողմնորոշմանն հակասող գործունեությունն է, որը ծավալել է երիտթեւը` ընդհատակից, «չերեւացող մասով», ինչը, սակայն, բացահայտվել է եւ իր լուրջ ազդեցությունն ունեցել իշխանությունների եւ արտաքին ուժերի հարաբերակցության գործում` հանգեցնելով արտաքին ճնշումների:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ նախագահականի երիտթեւի ներկայացուցիչներից շատերն իրենց պալատական խարդավանքների միջոցով շատ անգամ ստվերային ճնշումների եւ հալածանքների են ենթարկել նաեւ շատ «անցանկալի» պաշտոնյաների: Սա էլ վարկածներից մեկն է, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է «շահել» իրենից նեղացածների «սիրտը»:
Իսկ իրենք` հենց երիտթեւի ներկայացուցիչները, ինֆորմացիոն արտահոսք են ապահովում այն մասին, որ ոչ թե իրենց հեռացրել են, այլ իրենց ծրագիրն է այս փուլում խմբով եւ մեծ շուքով հեռանալը, որպեսզի առավել անկաշկանդ ու ագրեսիվ քարոզչություն իրականացնեն ում դեմ որ ցանկանում են: Այդ դեպքում որեւէ մեկը չի կարող ասել, թե Սերժ Սարգսյանի փեսան ինչ-որ մեկին «սեւացնելու» պատվեր է իջեցրել, կամ էլ Սերժ Սարգսյանը փորում է իր թիմից որեւէ ներկայացուցչի ոտքի տակը: Հիմա իշխող ուժերն ավելի անկաշկանդ կլինեն նման քննադատություններին պատասխանելու հարցում:
Վերջում տեղեկացնենք, որ իշխանական «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերությունում արդեն անհանգստություն է զգացվում, կրճատումների ալիքն արդեն հասել է «Պանարմենիա»-ի մեջ ընդգրկված լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ «Պանարմենիան մեդիա գրուպում» ընդգրկված են «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ, «Ռադիո ՊՌՈ» ՍՊ ընկերությունները, իսկ ոչ պաշտոնական տվյալներով նաեւ` «Blognews.am», «Panorama.am», «Aysor.am», «Tert.am» եւ տասնյակ այլ հայտնի ու անհայտ կայքեր:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՀԱՆՁՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է
Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, կառավարությունում արդեն սկսվել է հանձնման-ընդունման գործընթացը: Թեեւ Սերժ Սարգսյանը դեռ չի ստորագրել Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, բայց ապագա վարչապետին վերջին օրերին հաճախ կարելի է նկատել կառավարության շենք մուտք գործելիս: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապագա վարչապետը սեպտեմբերի 9-ին` առավոտյանը ժամը 11-ի սահմաններում, այցելել է կառավարության շենք, եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, հանդիպել նրան: Թե ի՞նչ նպատակով է նորանշանակ վարչապետն այցելել իր ապագա աշխատավայր, փորձեցինք պարզել կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից: Ի պատասխան մեր հարցմանը` տիկին Տոնոյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»:

 

 

ՕՐԵՆՍԴԻՐԻ ԴԱԺԱՆ ԿՅԱՆՔԻՑ
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանն անցած տարի հիմնականում առուծախով է զբաղված եղել: Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի վաճառել է հասարակական նշանակության երկու շինություն՝ 96 մլն 302 հազար եւ 117 մլն 208 հազար դրամ արժեքներով: 10 մլն դրամով էլ վաճառել է բնակարան, 59 մլն 710 հազար դրամով՝ հողամաս, իսկ 20 մլն դրամով էլ վաճառել է իր «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան: Նա հայտարարագրել է, որ 5 ընկերությունում ընդհանուր 190 մլն 900 հազար դրամի բաժնեմաս ունի: Անցած տարի նա 150 մլն դրամի ինչ-որ նոր բաժնեմաս է գնել, իր ունեցած բաժնեմասերից էլ 155 մլն 158 հազար դրամի չափով վաճառել է: ՀՀԿ-ական պատգամավորը շատ չնչին դրամական միջոց է հայտարարագրել՝ 2 մլն դրամ: Եկամուտներից 1.5 մլն դրամը ստացել է վարձակալության դիմաց: «Այլ եկամուտները» կազմել են 37 մլն 950 հազար դրամ: Նրա աշխատավարձը կազմել է ամսական 551 հազար դրամ: Պատգամավորի կինը՝ Քնարիկ Մելիքյանը, նույնպես անցած տարի առուծախով է զբաղված եղել: Նա վաճառել է 5 հատ հողամաս՝ ընդհանուր 10 մլն դրամ արժեքով: Նրա դրամական միջոցներն անցած տարվա սկզբին եղել են 50 մլն դրամ, իսկ տարեվերջին մնացել է 1.5 մլն դրամ: Առուծախից բացի՝ նա 6 մլն դրամի եկամուտ էլ ստացել է վարձակալության դիմաց:

 

 

ՄՆԱՑԻՆ ԱՐՇԱԿՆ ՈՒ «ՆԱՍԿԻՆ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարի թաղում լրագրողների նկատմանբ բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել մի քանի երիտասարդ: Մեր տեղեկություններով՝ նրանց հայտնել են, որ հնարավոր է՝ իրենց նկատմամբ մեղադրանք առաջադրվի: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 4 անձի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի մասով քրգործն արդեն ուղարկել է դատարան՝ լրագրողի աշխատանքին խոչընդոտելու մեղադրանքով:

 

 
ՅՈԹ ԱՄԻՍ ԱՆՑ
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը չի բացառում, որ ՀՀ կառավարության հրաժարականի վրա իր ազդեցությունը թողեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի ապստամբությունը: Այնուամենայնիվ, Նիկոյանը հորդորում է կարդալ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթը. «Այնտեղ, ըստ էության, ծրագրվում էին այն գործընթացները, որոնք տեղի էին ունենալու մեր երկրում: Այնտեղ պահանջ էր դրված իշխանության եւ իշխանավորների առաջ եւ այդ պահանջը չկատարելու դեպքում խոսվում էր անհրաժեշտ փոփոխությունների մասին»:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին, սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: ԱԻՆ տվյալներով՝ Երեւանում սեպտեմբերի 12-13-ը, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 14-ին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, սեպտեմբերի 15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

 

 

ԱԽ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում խորհրդի անդամների հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է նաեւ, որ Պուտինը քննարկել է «Կովկաս-2016» ավարտված զորավարժություններն ու ԱՊՀ երկրների կայանալիք գագաթնաժողովները:




Լրահոս