Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին, Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց՝ այդ պաշտոնում ընդամենը երկուսուկես տարի աշխատելուց հետո: Թե որն էր նրա հեռացման պատճառը, այդպես էլ հստակ չպարզաբանվեց: Նույնը օրն իսկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու է «Հայռուսգազարդ»-ի նախկին գլխավոր տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ինչ կտա Կարապետյանի նշանակումը Հայաստանի տնտեսությանը: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, կարծիքներ կան, որ կառավարության փոփոխությամբ գործող իշխանությունը փորձում է ինչ-որ կերպ կասեցնել Հայաստանի տնտեսության սրընթաց անկումը: Ո՞րն է նոր կառավարության անհրաժեշտության Ձեր բացատրությունը:
-Ես այդպես չեմ կարծում: Դա ավելի շատ շտկող նշանակություն կունենա հասարակության շրջանում ներքին հուզումները հանգստացնելու համար: Կառավարությունը հիմա պետք է փորձի աշխատել, փոփոխվել, քանի որ այս պահին հարկավոր է հասարակությանը հանգստացնել: Բնականաբար մարդկանց մոտ սպասողական տրամադրություն կա: Ես չեմ ժխտում այն, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բավականին ջանքեր դրեց եւ որոշակի հաջողությունների հասավ. տնտեսական աճը, ընդհանուր մթնոլորտը լավացնելու քայլերը, բիզնեսին աջակցող կառույցների հետ հանդիպումները ավելի ակտիվ ու անմիջական էին: Բացի այդ, խնդիրները համեմատաբար ավելի արագ էին լուծվում, քան Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ:
-Արդեն հայտնի է, որ նոր վարչապետ է նշանակվելու «Հայռուսգազարդ»-ի նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Ըստ Ձեզ՝ նա վարչապետի պաշտոնում կկարողանա՞ առաջընթաց ապահովել:
-Որպեսզի նախորդ խնդիրները չկրկնվեն, նույն խոչընդոտները չկանգնեն ճանապարհին կամ նույն սխալները չգործեն, լավ կլինի, որ Կարեն Կարապետյանը փորձի երկրի տնտեսական իրավիճակը հասկանալ. նախ հանդիպումներ անցկացնի բիզնեսին աջակցող կառույցների, գործարարների հետ, ապա մտածի, թե ինչպիսի կառավարություն է իրեն պետք ձեւավորել, որ այդ խնդիրները կարողանա լուծել: Իսկ մեզ մոտ միշտ առաջ են ընկնում. վարչապետ նշանակելուց հետո ձեւավորում են կառավարություն, նշանակում են նախարարներ, հետո սկսում են ինչ-որ ծրագրերից, գաղափարներից խոսել: Բայց հետո պարզվում է, որ հաճախ այն մարդիկ, որոնք այդպիսի ծրագրերի լուծման համար պետք են, կառավարությունում չկան կամ պարզապես քիչ են:
-Պարո՛ն Մակարյան, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Կարեն Կարապետյանի նշանակման դեպքում ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանը խոստացել է խոշոր ներդրում կատարել ՀՀ-ի տնտեսությունում: Ձեր կարծիքով, ի՞նչ ծավալի ներդրումներ պետք է արվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունում դրական տեղաշարժ արձանագրվի:
-Եթե որպես էտալոն վերցնենք խորհրդային տարիների ՀՀ-ի տնտեսությունը, երբ արդյունաբերական բոլոր ոլորտները՝ թեթեւ, քիմիական արդյունաբերությունը, այդ թվում նաեւ «Նաիրիտը» եւ այլն, գործում էին, ապա այսօրվա թալանված գործարանների պայմաններում նման տնտեսություն ունենալու համար ներդրումների ծավալը կարող է կազմել նվազագույնը 4-5 մլրդ դոլարի չափ: Բայց նման գումարներ երբեք չեն լինի: Նոր կառավարությունը պետք է հաշվի առնի, որ այսօր տնտեսության զարգացման խնդիրը շատ բարդ է: Այսօր փոքր ենթակառուցվածքներով գործարաններում կարող են 50-100 մարդ աշխատել եւ լինել բավականին մրցունակ միջազգային շուկայում: Այդպիսի գործարանների կառուցումը միջին հաշվով մի քանի հարյուր հազար դոլարից կամ 1.5 մլն դոլարից չի անցնում: Օրինակ՝ եթե հիմա մի քանի հարյուր մլն դոլարի ներդրում արվի ոչ թե ինչ-որ մի գործարանի մեջ, այլ ստեղծվի ֆոնդ, ապա այդքան գումարով հնարավոր է մինիմում 60-70 գործարան հիմնադրել, որտեղ կկարողանա աշխատել 6-7 հազար մարդ: Բայց այդ 60-70 գործարանը կարող է ՀՀ-ի էկոնոմիկայի մեջ դառնալ լոկոմոտիվ:
-Գործարարները ի՞նչ հույսեր են կապում Կարեն Կարապետյանի հետ:
-Կարեն Կարապետյանը ունի երկու լավ հատկանիշ, որոնք էլ կարող է օգտագործել: Առաջինը՝ նա եղել է «Գազպրոմ»-ի տնօրեն, նախկին եւ ներկայիս հայ գործատուներին ճանաչում է: Նաեւ՝ եղել է Երեւանի քաղաքապետ: Եւ քաղաքապետ լինելով ինքը նաեւ հասկացել է համայնքների խնդիրները: Ես բազմիցս ասել եմ, որ մեր համայնքների մեծ մասի ղեկավարները պարազիտներ են եւ նստած են պետական բյուջեի, դոտացիաների վրա, տեղում իրենց փոքր իշխանիկներ են զգում եւ երկրի շալակը նստած են մնացել: Եւ նրանց իջեցնող էլ չկա: Դրանց կանոնադրական խնդիրների մեջ առանձնապես սոցիալ-տնտեսական ծրագրեր չկան: Նույնիսկ Երեւան քաղաքում թաղապետարանների գերակա հարցերը վերաբերում են բակերի, զրուցարանների, շենքերի մուտքերի եւ այլնի վերանորոգմանը, բայց սոցիալ-տնտեսական խնդիր չեն լուծում: Մինչդեռ Երեւանը դա Հայաստանի էկոնոմիկայի կեսն է իր բնակչության եւ բիզնեսի առկայությամբ: Չէ որ բիզնեսի 42-43 տոկոսը գտնվում է Երեւանում, բնակչության 40 տոկոսը գտնվում է Երեւանում: Երեւանը ինքը միայն համայնք չէ, այլ տնտեսական մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար: Հետեւաբար այս ամենը հաշվի առնելով՝ ցանկալի է, որ նոր վարչապետը կարողանա կարգուկանոն մտցնել: Թաղապետերի վերաբերմունքը շրջել դեպի համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Իսկ Կարապետյանի երկրորդ առավելությունը այն է, որ նա ճարպիկ է, ճկուն է եւ արագ է կողմնորոշվում: Դա կարեւոր հատկանիշ է ղեկավարի համար:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կգնահատեք Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիները ՀՀ-ի տնտեսության համար:
-Հովիկ Աբրահամյանը փորձեց այս 2.5 տարում բավականին բալանսավորել, եւ վատ չէր ստացվում: Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը շատ ավելի վատ էր բալանսավորում. նա ավելի շատ ամեն բան արեց, որ երկար մնա՝ ի վնաս տնտեսության եւ ընդհանուր ժողովրդի: Այս պատճառով Տ. Սարգսյանի պաշտոնավարման վեց տարիներին ՀՀ-ի տնտեսական անկումը շատ խորացավ: Կարելի է ասել, որ տնտեսական անկման առաջին խորը արմատները ինքն է դրել, որոնք Հովիկ Աբրահամյանը փորձեց ինչ-որ չափով լուծել: Հիմա Կ. Կարապետյանը դա պետք է կարողանա շարունակել ու ավելի լավացնել: Քանի որ ինքը հիմա ավելի լավ վիճակով է տնտեսությունը ընդունում, քան Հովիկ Աբրահամյանը ընդունեց Տիգրան Սարգսյանից:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՈՐՈԳՈՒՄ
Լոռու մարզի Արծնի համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Այն մարզի վերջին գյուղն է: Ունի 62 տնտեսություն՝ 300 բնակչով: Գյուղապետ Խենկո Խաչանեսյանի խոսքով՝ ամենակարեւոր խնդիրը անբարեկարգ ճանապարհներն են, որոնք հատկապես ձմռանը շատ հաճախ անանցանելի են դառնում: Պետական եւ ոչ մի ծրագիր համայնքում երբեւէ չի իրականացվել. «Մենք ինչ էլ արել ենք, հիմնադրամների միջոցով ու սեփական ջանքերով ենք արել: մեզ համար ամենաառաջնայինը շուրջ 7 կմ ճանապարհների նորոգումն ու մանկապարտեզ կառուցելն է, տեղն ունենք, մանկապարտեզի տարիքի երեխաներ կան, պարզապես մեզ գումար է պետք՝ աշխատակիցներին աշխատավարձ տալու եւ որոշակի հարցեր կարգավորելու համար»,-նշում է համայնքի ղեկավարն ու հավելում. «Մեր բյուջեն, բառիս բուն իմաստով, սարսափելի է՝ 6 մլն դրամ, որից 1.2 մլն-ը գնում է թոշակային: Հարկերը վատ են հավաքվում, մարդիկ փող չունեն: Ամբողջն իրար հետ հազիվ մի 4,5 միլիոն փող ենք ունենում, որն էլ հիմնականում ծախսվում է աշխատավարձերի ու մանր-մունր աշխատանքների վրա»:
Նշենք, որ Արծնի համայնքը գազաֆիկացված է, բնակչությունն զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: Կաթը 110 դրամով է մթերվում, ինչն, իհարկե, չի գոհացնում բնակչությանը, սակայն այլընտրանք չունեն: Վերջին տարիների համեմատ արտագաղթը գյուղից նվազել է, թեեւ քիչ չեն արտագնա աշխատանքի մեկնողները:
Գյուղի դպրոցում սովորում է 60 աշակերտ: Արծնեցի 75-ամյա Ռոբերտ պապը դժգոհում է պետական ուշադրության բացակայությունից, ասում է՝ իրենց գյուղը շատ լավն է, պարզապես անբարեկարգ ճանապարհները շատ հարցերի են խանգարում. «Շատ հաճախ տաքսիներն են հրաժարվում գալ, առեւտրականների մասին էլ խոսք չկա, մի անգամ գալիս են գյուղ ու գնում, մեքենան ամբողջությամբ պետք է խադավիկի մոտ տանել, բա ինչ ասեն էն մարդիկ, ովքեր ամեն օր են գյուղից քաղաք գնում՝ աշխատելու»:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են նաեւ մշակույթի տան կառուցումը, դպրոցական մարզական գույքի եւ մարզադահլիճի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր
ՄԵՐ ՋՐԵՐԸ ՀՈՍՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանին սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները «Ժողովրդին» բողոքեցին, որ իրենց հողերը չեն ոռոգվում, մինչդեռ գյուղի տարածքով հոսող Կողբագետի ջրերը հոսում են Ադրբեջան: Ամառվա ընթացքում գետի ջրերը պակասում են, սակայն գարնանային, աշնանային վարարումների ժամանակ գետը ջրառատ է դառնում: Տարիներ շարունակ խոսվում է ջրամբար կառուցելու, Կողբագետի ջրերը ոռոգման նպատակով կուտակելու անհրաժեշտության մասին: Սակայն հույժ կարեւոր նշանակության այդ գործն այդպես էլ չի իրականացվում: Ջրամբարներ չկան նաեւ Աղստեւ, Ոսկեպար, Կիրանց գյուղի տարածքով հոսող Քարահան գետի վրա: Մեր սարերի անապակ ջրերն անարգել հոսում են թշնամական Ադրբեջան, իսկ Տավուշի մարզի հազարավոր հեկտար հողեր անջրդի են:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՅՈՒՂՈՒՄ ԽԱՆՈՒԹ ՉԿԱ
Լոռու մարզի 130 բնակիչ ունեցող Դաշտադեմ գյուղը գազաֆիկացված չէ, բնակիչներն իրենց տները տաքացնում են փայտի վառարաններով ու էլեկտրական սալօջախներով: Անտառ չունենալու պատճառով վառելափայտի գինն այսեղ բավականին թանկ է:
Գազաֆիկացման խնդիրը գյուղում օրակարգային է: Համայնքի 4 տարվա ղեկավար Մարինե Խռոյանն ասում է, որ անասնապահությամբ զբաղվող համայնքում լուրջ խնդիր է նաեւ մթերվող կաթի գինը՝ 100-110 դրամ. «Ի՞նչ անեն գյուղացիները, թանկ գնով մթերող չկա, ստիպված էժան գնով են հանձնում կաթը…. մեկ-մեկ հավաքում, պանիր են անում, բայց, դե, դա էլ է իրացնել պետք»,-ասում է նա:
Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 12 աշակերտ: Դասարաններ կան, որոնք աշակերտներ չունեն. «Առաջին դասարանում 2 աշակերտ կա, 2-րդ եւ 3-րդ դասարանները դատարկ են, դատարկ են նաեւ 5-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարանները: 4-րդ եւ 6-րդ դասարաններում սովորում են մեկական աշակերտներ, 7-ում՝ 2, 9-րդ-ում՝ 4»,- մեկ առ մեկ թվարկում է գյուղապետը եւ հավելում, որ գյուղում մանկապարտեզ էլ չի գործում, քանի որ երեխաների թիվը քիչ է: Մարինե Խռոյանի խոսքով՝ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում համայնքում որեւէ պետական ծրագիր չի իրականացվել: Միայն այս տարի կառավարության ու մարզպետարանի միջոցով միջհամայնքային ճանապարհներն են նորոգվում: 90-ական թվականներից մինչ օրս գյուղում չի գործում երթուղային ավտոբուս, բնակիչները մարզկենտրոն Վանաձոր ու շրջկենտրոն Տաշիր են հասնում սեփական մեքենաներով ու տաքսիներով:
Գյուղում նաեւ խանութ չկա: Եվ չնայած այս ամենին՝ համայնքի ղեկավարն ուրախությամբ փաստում է՝ նորաստեղծ ընտանիքների թիվը գյուղում ավելանում է: Վերջին տարիներին պակասել է նաեւ արտագաղթը. ով գնալու էր՝ գնացել է:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր