Գործող խորհրդարանի՝ երեկ մեկնարկած աշնանային նստաշրջանով այս ազգային ժողովը փաստացի ավարտելու է իր գործունեությունը: Բանն այն է, որ եկող տարվա գարնանային նստաշրջանը նախատեսված է փետրվարի 6-ից 9-ը եւ փետրվարի 27-ից մարտի 2-ը:
Այսինքն՝ գարնանային նստաշրջանը, ըստ էության, դատապարտված է տապալման, քանի որ այն համընկնում է 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի հետ եւ պատգամավորներն այդ օրերին զբաղված են լինելու իրենց քարոզչությամբ ու ինչպես նախորդ խորհրդարանի վերջին քառօրյաների ժամանակ, դրանք քվորումի բացակայության պատճառով չեն կայանա:
Այսպիսով՝ գործող խորհրդարանը աշնանային նստաշրջանի ընթացքում հինգ քառօրյա պետք է կազմակերպի, որոնց ընացքում արդեն իսկ մի քանի առանցքային հարցեր պետք է լուծի, որոնք ընթացիկ խնդիրներ չեն եւ նոր են ի հայտ եկել: Մասնավորապես, երեկվանից խորհրդարանում սկսվեց ՀՀ նոր գլխավոր դատախազի ընտրության գործընթացը: Ակնհայտ է, որ այն սեպտեմբերի 13-ից 15-ի եռօրյա նիստերի ժամանակի մի զգալի մասը զբաղեցնելու է: Բացի այդ՝ կառավարության հրաժարականով եւ նոր կառավարության ծրագիրը ԱԺ-ի կողմից հաստատելու սահմանադրական պահանջով պայմանավորված մեկ քառօրյա էլ այդ նպատակով «կծախսվի»:
Իսկ մնացած երեք քառօրյաներում խորհրդարանը պետք է հասցնի մի քանի առանցքային օրենքներ ընդունել, ինչպես նաեւ աշնանային նստաշրջանի վերջում էլ դեռ պետք է հաստատի եկող տարվա պետական բյուջեն:
Գործող Սահմանդրության 210 հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Ազգային ժողովի կանոնակարգը, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը»: Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը եւ ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից»: Այսինքն՝ գործող խորհրդարանը աշնանային նստաշրջանի ընթացքում պետք է հասցնի ընդունել ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների մասին օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը եւ ՏԻ մասին օրենքը: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխող կոալիցիան բազմիցս է արագացված կարգով օրենքներ ընդունել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ սահմանադրական օրենքները խորհրդարանը պետք է ընդունի երեք հինգերորդով: Ստացվում է, որ սահմանադրական օրենքներից յուրաքանչյուրի օգտին առնվազն 79 պատգամավոր պետք է քվեարկի: Ներկա նախընտրական տարում այդ խնդիրը հեշտ չի լինի լուծել, քանի որ իշխող ՀՀԿ-ն ունի 69 պատգամավոր, նրա հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն էլ՝ 5: Ստացվում է, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու դիմել ոչ իշխանական մյուս խմբակցությունների օգնությանը, որոնք նախընտրական շրջանով պայմանավորված փորձում են իբրեւ ընդդիմություն ներկայանալ:
Հարկ է նշել, որ նոր օրենքները գործող օրենսդրությունը լուրջ փոփոխության է ենթարկելու: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածով, որը վերաբերում է համայնքների միավորմանը եւ բաժանմանը, նախատեսվում է, որ համայնքները միավորելիս կամ բաժանելիս խորհրդարանը պարտավոր է լինելու լսել համապատասխան համայնքների կարծիքը: Վերջին մեկ տարում մասնավորապես բազմաթիվ համայնքների միավորում տեղի ունեցավ, չնայած, որ միավորվողներից մի քանիսը դեմ էին: Տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքը նման դեպքերի համար հստակ լուծումներ պետք է նախատեսի:
Կուսակցությունների մասին նոր օրենքով էլ քաղաքական ուժերի գործունեությունը պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը: Մասնավորապես, օրենքով հստակ պետք է ամրագրվի ուժային կառույցների եւ կուսակցությունների հարաբերակցությունը: Ներկայումս ուժային կառույցներին արգելվում է կուսակցական լինել, բայց փաստացի նրանք բոլորը սպասարկում են իշխող ՀՀԿ-ի շահերը:
Մի խոսքով, գործող խորհրդարանին բավական բուռն վերջին նստաշրջան է սպասվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԻՆՉ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ, ԻՆՉ ԲԱՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը համակուրսեցիներ են: Երեկ «Ժողովուրդ»-ը Սահակյանից փորձեց պարզել, թե ինչու Գեւորգ Կոստանյանը իրեն նշանակած մարմնին՝ Ազգային ժողովին, հրաժարականի դիմում չներկայացրեց, չնայած այդ պահանջը հստակ ամրագրված է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում: Իրավիճակը Սահակյանը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց նոր Սահմանադրությամբ այդ հրաժարականների հետ կանչելու սկզբունքը մենք կանոնակարգ օրենքով նաեւ կանոնակարգել ենք, թե ինչպես են ԱԺ կողմից ընտրված պետական պաշտոնյաները, տարբեր մարմինների ղեկավարները ներկայացնում իրենց հրաժարականը: Նոր կանոնակարգով այդ ամենը կանոնակարգված է: Հիմա Սահմանադրությամբ տրված է, որ դատախազին նախագահը ներկայացնում է, ԱԺ-ն ընտրում է, եւ հրաժարականն էլ ինքը ներկայացրել է հանրապետության նախագահին, եւ հանրապետության նախագահն էլ, որպես ներկայացնող մարմին, ընդունել է գլխավոր դատախազի հրաժարականը եւ տեղյակ պահել կամ ուղարկել ԱԺ»: Մի խոսքով, այդպես էլ անհասկանալի մնաց, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջների կատարմանը ով պետք է հետեւի:
«ԱՆՊԱՇՏՊԱՆ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության պատմությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան «անպաշտպան» են մեր պաշտոնյաները: Նրանց մեծ մասը հիմնականում մամուլից է տեղեկանում իր մոտալուտ հրաժարականի մասին եւ սկսում է սրտատրոփ հետեւել մամուլի հրապարակումներին, որպեսզի իր հրաժարականի մասին իմանա: Ուստի «Ժողովուրդ»-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից փորձեց պարզել, թե, ի վերջո, Հայաստանի պաշտոնյաների իրավունքները ով եւ ինչպես պետք է պաշտպանի: Օրինակ՝ նրանք կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար օմբուդսմենին դիմել: Բայց պարզվում է՝ խեղճ նախարարներն ի պաշտոնե իրավունք չունեն Մարդու իրավունքների պաշտպանին դիմել: «Այստեղ իրականում բոլորովին այլ գործընթաց է, այդ տեսանկյունից դիտարկել չի կարելի սա, որովհետեւ սահմանադրական հստակ մեխանիզմներ կան եւ այլն, այնպես որ ես դա այդ տեսանկյունից չէի դիտարկի»: Մի խոսքով, չկա մեկը, որ պաշտպանի ՀՀ պաշտոնյաներին:
ԾՐԱԳԻՐԸ ԿԲԵՐԻ, ԿՏԵՍՆԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանից փորձեց պարզել, թե ինչու հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, արդյոք այլ թեկնածու չկար: Ի պատասխան՝ նա ասաց, որ դեռ վաղ է Կարապետյանի նշանակման մասին, որպես կայացած իրողություն, խոսել: «Մինչեւ Ազգային ժողովի կողմից չհաստատվի, թող ծրագիրը բերի, կասեմ»,- պատասխանեց Գուլոյանը:
ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նամակ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի թարգմանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ նախկին վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը: Նամակում ասված է. «ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ արդյունավետ համագործակցության համար: Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առեւտրա-տնտեսական, ներդրումային եւ արդյունաբերական նախագծեր: Արդյունքում հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ եւս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը»:
ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ընդդիմության եւ իշխանության միջեւ ստորագրվել է ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնության փաստաթուղթ, որով նախատեսվում է ստորագրված ընտրացուցակների հրապարակում: «Ստորագրում ենք մի փաստաթուղթ, որն այլեւս ոչ մի երկրից կախված չէ: Այն, ինչ թվում էր անհավատալի, այն, ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այդ հարցն այսօր լուծվում է, այսօր անհավատալին դառնում է իրականություն»,-հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացի բոլոր մասնակիցներին: Նա շեշտել է, որ նաեւ իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ է նման հաջողություն արձանագրվում:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: