ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԿԵՂԾ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2014 թվականին Ազգային ժողովի թիվ մեկ անելիքը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի լսումներն էին, որն առավել հայտնի էր որպես «Ֆեյքերի մասին օրենք»։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փորձեց կեղծ էջերով միմյանց վիրավորելու երեւույթը կանխելու համար օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, բայց չստացվեց: Բանն այն է, որ ձեւակերպումներն այնպիսին էին, որ տուժում էին բարեխիղճ լրատվամիջոցները` ֆեյքերի (անանուն, կեղծ օգտատերեր) համար գործունեության դաշտը նույնը թողնելով:
«Սա ժողովրդավարությունը խեղդելու, սա ազատ խոսքը ռեժիմի ձեռքում գործիք դարձնելու բան է»,- ասում էր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Իսկ, ահա, նախագծի հեղինակը վստահեցնում էր՝ այն ընդունվելու դեպքում դաշտը կկարգավորվի:
Նախագիծն իրենից ներկայացնում էր երկու հիմնական հարցադրում՝ առաջինը լրատվական նյութի տակ տեղ գտած վիրավորական, զրպարտչական բնույթի մեկնաբանություններն էին, երկրորդը՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումները:
Հարցը բարձրացվեց, սակայն խնդրին այդպես էլ լուծում չտրվեց:
Եվ երեկ՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի մեկնարկին, պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին՝ իր հետագա գործունեության ընթացքում ողջունելո՞ւ է «ֆեյք-պրակտիկայի» շարունակությունը: Պատգամավորը, մասնավորապես, պարզաբանեց, որ տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ուժային կառույցները, ունեն գործունեության այնպիսի մի տեսակ, որը կոչվում է տեղեկատվական արտահոսք:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի հասարակական կյանքի սովորական դրսեւորումներից՝ կան նաեւ սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ, եւ այդ լրատվամիջոցներով փոխադարձ հարցեր լուծելու պրակտիկա, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Հայաստանի Հանրապետության պետական կյանքում, այսպես կոչված, տեղեկատվական արտահոսքերին եւ ստեղծված սոցիալական ցանցերում գործող կեղծ ֆեյքերի միջոցով այդ արտահոսքը տարածելուն ու հասարակական համապատասխան արձագանք ստեղծելուն»,- հավելեց Գուրգեն Արսենյանը:
Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունն այստեղ ներգրավված կարող է լինել այն դեպքերում, երբ համապատասխան տեղեկություններ կտարածվեն հանցագործության մասով:
Ա. Դավթյանի գնահատմամբ՝ այս երեւույթի դեմ պայքարելու ամենալուրջ գործիքակազմը դատախազությանը չի պատկանում: «Քանի որ քրեականացված համարվող այս արարքների մեջ ունենք սուտ մատնությունը, որը վերաբերում է նրան, երբ ինչ-որ մեկը մեղադրվում է անհիմն հանցագործության մեջ: Այսպիսի դեպքերը դատախազության ուշադրությանը կարժանանան, եւ դատախազությունը կոնկրետ քրեական գործով քննության արդյունքում գնահատականներ կտա կոնկրետ անձանց արարքին»,- շարունակեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ մնացած առումով քաղաքացիների պաշտպանությունը առավել տարածուն հարթություն ունի քաղաքացիադատավարական ընթացակարգերում, որտեղ անձինք իրենց պատվի արժանապատվության պաշտպանության առումով կարող են քաղաքացիական հայց ներկայացնել եւ իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած մարդկանց քաղաքացիական պատասխանատվության խնդիրը բարձրացնել:
Իսկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի թեկնածուն խոստացավ՝ մանդատը ստանալու դեպքում իր լիազորությունների սահմաններում նախաձեռնողականություն ցուցաբերել այս ոլորտը մասնագիտական առումով ավելի խորը ուսումնասիրելու հարցում. «Բարձրացված խնդիրը բավականին խիստ մասնագիտական է: Մենք գործ ունենք իրավունքների բախման հետ՝ մասնավոր կյանքի, ազատ խոսքի իրավունքներ, եւ այս տեսակ հարցով որոշում կայացնելու համար կարծում եմ, որ խորը մասնագիտական ուսումնասիրություն պետք է կատարվի»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, շարունակելով Ա. Դավթյանի միտքը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դատախազությունն այս խնդրի կարգավորման հարցում անելիք չունի. դա քաղաքացիական օրենսգրքով է կարգավորվում: Սաքունցը հիշեցնում է, որ զրպարտության եւ անձին վիրավորանք հասցնելու հատկանիշներով հոդվածներն ապաքրեականացվել են, ուստի «ֆեյքի» նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ այդ դեպքում ինչպես պետք է կարգավորվի խնդիրը, եթե «ֆեյքին» հայտնաբերել հնարավոր չէ, Արթուր Սաքունցը նման դիտարկում արեց. «Հայտնի եւ իրական օգտատերերի մեջ կլինեն «ֆեյքի» կարծիքը կիսողներ, ուստի խնդիրը կտեղափոխվի քաղաքացիական դաշտ, որտեղ էլ կկարգավորվի»:
Իսկ թե օրենսդրական ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի քաղաքացիները զերծ մնան նմանատիպ խնդիրներից, այդպես էլ պարզ չի դառնում:
Ըստ մի շարք իրավաբանների՝ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում համացանցի կարգավորվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ օրենսդրական որեւէ կարգավորում դեռեւս չկա:
Իսկ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ յուրաքանչյուր լրատվամիջոց իր ֆորումում տեղ գտած մեկնաբանության համար պետք է պատասխանատվություն կրի, եթե այնտեղ վիրավորանք եւ զրպարտութուն կա:
Կարծում ենք՝ Հայաստանում այս խնդրի կարգավորման համար նախ անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրոնային կայքերը պատշաճ գրանցում, ՍՊԸ, հասցե, հեռախոսահամար ունենան:
Մնում է հուսալ, որ միմյանց վիրավորելու կեղտոտ ավանդույթը չի շարունակվի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արագածոտն մարզի բնակիչ Շ. Մամիկոնյանի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, տղամարդը գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

 

 

ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
Այսօրվանից Yandex Taxi ընկերությունը Հայաստանում գործում է նոր սակագներով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ընկերության հայտարարությունից, որում նշվում է. «Սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքի կենտրոնում երթեւեկելիս քաղաքացին մեկ կիլոմետրի համար վճարելու է 120-150 դրամ: Այս հանգամանքը ընկերությունը բացատրում է այն փաստով, որ քաղաքում խցանումներ են լինում: Իսկ, ահա, քաղաքի ծայրամասից դեպի կենտրոն հաշվարակվելու է 100 դրամ սակագնով: Հիշեցնենք, որ ընկերությունը իր գործունեության սկզբում վստահեցրել էր, որ իրենց ծառայությունը հարմարավետ է լինելու ե՛ւ վարորդների, ե՛ւ ուղեւորների համար. վարորդները ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղեւորներն էլ ավելի քիչ ծախսելու: Սակայն արդեն մի քանի ամիս անց Yandex Taxi ծառայությունը սպասարկելու է հաճախորդներին գրեթե բոլոր մյուս տաքսիների նման: Այսքանից հետո ինչ արդարացում է գտնելու ընկերությունը կամ ինչ է անելու, որպեսզի չկորցնի իր վստահությունն ու արդեն իսկ ձեռք բերած հաճախորդներին: Թերեւս Yandex Taxi-ի մարքետինգային քաղաքականությունն ի սկզբանե մշակվել է՝ հաշվի չառնելով հայկական շուկայի առանձնահատկությունները, եւ այդ ամենը հանգեցրեց նրան, որ գնային բարձրացումները լինեն:

 

 

ԿԴԻՏԱՐԿԵՆ
Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արեւելյան ուղղությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

 

 
ՎԵՐՋԱՊԵՍ
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երեւանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 եւ 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 6 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի: Այսպիսով վերջնական լուծում է տրվել վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին: Ավագանին հավանություն է տվել 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երեւան քաղաքի հողային հաշվեկշռին, ինչպես նաեւ օրակարգում ընդգրկված մյուս հարցերին: Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

 

 

ՄԵԿՆԱՐԿԻՆ
ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին երեկ խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել մի խումբ մարդիկ: Նրանք պահանջում էին ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին, եւ քաղբանտրակյալներին»: «Մասնավոր պահանջով ենք հավաքվել՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում «Սասնա ծռերի» անդամներին»,- լրագրողներին ասել է ակցիայի կազմակերպիչներից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 12-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասին: Վերջինս մեծապես կարեւորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը: Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները:




Լրահոս