Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՔՊ-ին. ինչ կպարզվի 18:00-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ուժերին առաջարկել է Վանաձորի ընտրություններում միասնական հանդես գալ:

Այս առաջարկին երեկ արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել և ներկայացրել այն երեք պահանջները, որոնք բավարարելու դեպքում ՔՊ-ն  խոստանում է՝ Վանաձորում ինքնաբացարկ հայտարել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»:

Դրանք են`

1. Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։

2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։

3. Ազգային ժողով պետք է  ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։

Ի պատասխան  Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ  եթե մինչև այսօր 18:00-ն ՔՊ հանի իր թեկնածությունը Վանաձորի ընտրություններից, նա կմիանա Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին:

Մենք փորձեցինք ՔՊ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզել, թե ինչպես են արձագանքում Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, սակայն նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել, այլ նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի միայն 18:00-ից հետո:

Հավելենք, որ ավարտվում է հոկտեմբերի 2-ի ՏԻմ ընտրություններում ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: Սպասենք զարգացումներին:




Լրահոս