Գյումրու առեղծվածային մահվան հետքերով. ինչ էր արել դեպքից առաջ քաղաքապետի թեկնածուի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին նախընտրական Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքապետի՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին, հայտնաբերել են մահացած՝ գլխի շրջանում, ավելի կոնկրետ՝ ականջի հետեւում, ստացած հրազենային վնասվածքով:
Դեպքը ոչ միայն Գյումրիում, այլեւ երիտասարդի հարազատների համար առեղծված է դարձել: Բանն այն է, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը), իսկ մահացածի մերձավոր շրջապատում գտնվողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանության դիմել. դրան դրդող հանգամանքներ երբեւէ չեն եղել:

Ինչ լուրեր են շրջանառվել մինչ այս պահը

Նախ նշենք, որ դեպքից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ կատարվածը քաղաքական միտումների հետեւանք էր: Գյումրեցիների շրջանում խոսվում է, թե դեպքի նախորդ օրը Գյումրու «Շառլ Ազնավուր» հրապարակում Վ. Գրիգորյանի մրցակիցները պաստառներ էին փակցրել, որի վրա պատկերված են եղել զառեր՝ «Հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Նույն խոսակցությունների համաձայն՝ սա ակնարկ էր Վ. Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ Վ. Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։
Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Նա ՀՀԿ-ի շտաբի մի քանի անդամների հետ որոշել է ծածուկ չար կատակ մոգոնել: Երեկ երեկոյան Ա. Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, եւ այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի, եւ բախում է տեղի ունեցել:

Հարկ ենք համարում նշել, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սարադյանը հաստատել է, որ պաստառն իրենց կուսակցությունն է կախել, որը դեպքից հետո իրենց իսկ նախաձեռնությամբ հանվել է՝ միաժամանակ հայտարարելով, որ իրենք աբսուրդ են որակում պաստառի պատճառով ինքնասպանության գնալը:

Ի դեպ, նշված կուսակցության հիմնադիրը Գյումրու գործող քաղաքապետ Ս. Բալասանյանն ու նրա որդին են՝ Միսակ Բալասանյանը:

Իսկ նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ս. Սարադյանը, քննչական մարմինն իրեն կամ կուսակցության այլ անդամների հարցաքննության չի կանչել:

Ըստ գյումրեցիների՝ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբեւէ որեւէ ավելորդ խոսակցություններ կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել:

Ինչ է մեկնաբանում դատախազը

Կատարվածից հետո Գյումրիում առաջադրված բոլոր կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրին քարոզարշավները, քաղաքում Անկախության 25-րդ տարեդարձը եւս չնշվեց: Խոսակցություններ կան, որ որոշ խանութներ եւ առեւտրի կրպակներ փակվել են:

Հանրապետության 2-րդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը հանգիստ չի տալիս բնակիչներին: Կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն. հարցեր են, որոնց պատասխանները հստակ չունի նաեւ իրավապահ համակարգը:
Նախ նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Առաջին» լրատվականի հետ զրույցում կարեւոր մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել: Էնֆիաջյանի փոխանցմամբ՝ իր կուսակցի որդին աջլիկ է, իսկ կրակոցն արձակվել է ձախ ձեռքով: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ականը հայտնում է, որ հրազենային վնասվածքը Ա. Գրիգորյանը ստացել է ձախ ականջի հատվածում: Համենայնդեպս, ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը վնասվածքի մանրամասների մասին տեղեկություններ չի պարունակում: Պաշտոնական աղբյուրից միայն հայտնի է դարձել այն, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։

Վերը բերված հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, իրար հակասող տեղեկություններ են տարածվում: Խոսվում է այն մասին, որ մահացածը աջլիկ է, իսկ կրակոցը ձախ ձեռքով է արձակվել: Ի՞նչ կասեք սրա մասին:

-Ինչ տեղեկություններ կան, մենք հայտնել ենք:

-Ինչո՞ւ քրեական գործը միանգամից ինքնասպանության դրդելու հատկանիշներով հարուցվեց:

-Հիմա նշված հանգամանքները՝ ինքնասպանություն գործելու, պարզվում են: Այս պահին ես այլ մանրամասներ ասել չեմ կարող:

-Գոնե կասկածյալներ կա՞ն: Ո՞վ է եղել ենթադրյալ դրդողը:

-Կատարված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քր. օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների առաջին մասերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ, այս պահին արդյունավետ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել: Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ, խնդրում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչություն:

-Իսկ կասե՞ք ՝ հայտնի՞ է՝ ում է պատկանում հրազենը, որով արձակվել է կրակոցը:

-Ոչ մեկ չգիտի այս պահին: Կատարվում է նախաքննություն՝ այդ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ցավոք, Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատարից որեւէ ստույգ տեղեկություն իմանալ չհաջողվեց: Էական հարցերի մեծ մասը շարունակում են անպատասխան մնալ:

Այլ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքից առաջ Ա. Գրիգորյանը հարազատների հետ շփվել է նույն ձեւով, ինչ մյուս օրերին: Նրա վարքի մեջ որեւէ տարօրինակ կամ անսովոր պահվածք չի նկատվել: Դեպքից առաջ՝ առավոտյան, երիտասարդը հոր՝ քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի հետ նախընտրական ծրագրերն է քննարկել, ապա մորեղբոր որդու հետ սրճարան այցելել: Դեպքից ժամեր առաջ տան անդամների հետ պայմանավորվել է, որ պետք է միասին ինչ-որ տեղ գնան: Տնից դուրս է եկել, մի քանի րոպե ուշանալուց հետո տան անդամներից մեկը գնացել է նրա հետեւից ու հայտնաբերել դին:

Մնում է հույս դնել քննության վրա… բայց արժի՞ արդյոք…

Տաթև Հարությունյան




Լրահոս