Արծվիկ Մինասյանն ասուլիսով հանդես կգա. ինչ է սպասվում դաշնակցական պաշտոնյային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց ի վեր լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ նորանշանակ վարչապետը չի ցանկանում, որ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը շարունակի պաշտոնավարել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Պարզ է, որ դաշնակցական նախարարները կպահպանեն իրենց պորտֆելների քանակը, սակայն տեղեկությունների համաձայն, Կարապետյանը ցանկանում է տնտեսական բլոկն իր ձեռքը վերցրել և Արծվիկ Մինասյանին թերևս բաժին կհասնի բնապահպանության նախարարի պաշտոնը:

Լրատվամիջոցներում հայտնված տարբեր տեղեկությունների համաձայն,  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնատար Արծվիկ Մինասյանը հավաքել է իրերն ու աշխատակազմին արդեն իսկ ասել, որ ինքը հեռանում է։ Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո արդեն պարզ է, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Էկոնոմիկայի նախարարի լիազորությունները բավականին կկրճատվեն և մի քանի ոլորտներ դուրս կբերվեն նախարարության  լիազորությունների շրջանակներից:

Կառավարության նիստից հետո նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, բնականաբար, հասկանալով, որ բոլոր հարցերը վերաբերելու են իր ապագային: Նա խոստացավ այսօր կամ վաղը հանդես գալ մամուլի ասուլիսով և պատասխանել բոլոր հարցերին: ArmLur.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ իր կուսակիցներից: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հեռախոսով որևէ բան չի մեկնաբանի, իսկ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ երկրում չէ և չի կարող ոչինչ ասել: Հետաքրքիր է, որ իր գործընկերոջ ճակատագրի մասին ոչինչ չկարողացավ ասել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակար Լևոն Մկրտչյանը:




Լրահոս