Ո՞ր ավանդի համար են այս դատավորները պարգևատրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի՝ 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը պարգեւատրվել են «Մխիթար Գոշ»  մեդալով: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպիսի ճանապարհ են անցել պարգեւատրված դատավորները:

karen-matevosyan
Կարեն Մաթևոսյան

Կարեն Մաթեւոսյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ է նշանակվել 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով: ՀՀ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Այս դատարանի դատավորների մեծ մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Հատկանշական է, որ նա Էջմիածին քաղաքի նախկին ոստիկանապետ Բաղիշ Մաթեւոսյանի որդին է: Ուստի այս պայմաններում դժվար է խոսել դատարանի անկախ լինելու մասին:
2008-ին «Հայ ազգային կոնգրեսը» հրապարակեց «Խիղճները կորցրած դատավորների» ցուցակը, որտեղ ընդգրկված էր նաեւ Սամվել Մարդանյանը: Այս դատավորը շատ ավելի նշանավոր դարձավ բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատալսումների ժամանակ:

Սամվել Գրիգորյանը 2008 թվականի հունվարի մեկից աշխատում է որպես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` բացի դատավորի աշխատանքից, զբաղվում է նաեւ գյուղատնտեսությամբ, իսկ դատավորի մայրը՝ Համեստ Գրիգորյանը՝ ջերմոցային տնտեսությամբ: 2016 թվականի փետրվարի 11-ին ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարում ունեցել է 65.977.00 եվրո եւ 40.000.00 ԱՄՆ դոլար եկամուտ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 8.752,907.00 ՀՀ դրամ: Իսկ 2015 թվականի փետրվարի 14-ին ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ այդ հաշվետու տարում նրա տարեկան աշխատավարձն ավելի քիչ է կազմել` 7.867.737.00:

Մամիկոն Դրմեյան
Մամիկոն Դրմեյան

Մամիկոն Դրմեյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է նշանակվել 2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով։ Ունի բավականին պատկառելի ունեցվածք: Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2015թ. հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա հաշվետու տարում ունեցել է ընդհանուր առմամբ 13.571.603.00 ՀՀ դրամ:

Այնուամենայնիվ, թե իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ո՞ր ավանդի համար են այս դատավորները պարգեւատրվել, այդպես էլ անհասկանալի է մնում, քանի որ պարգեւատրման ոչ մի արարողության ընթացքում կամ հետո հրապարակայնորեն չի նշվում, թե որ արժանիքի համար են նրանք արժանանում «Մխիթար Գոշ» հուշամեդալին: Սակայն ամենակարեւորի մասին. հաշվի առնելով այս հանգամանքը՝ հետաքրքիր է` որքանո՞վ դատավորները այսուհետ անկախ կլինեն, օրենքի տարրին համապատասխան վճիռներ կկայացնեն եւ չեն կաշկանդվի հետագայում նախագահականից ստացված «հեռախոսազանգերից»:

Վահագն Հակոբյան




Լրահոս