«Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի: Նշենք, որ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են պետությանը: Ժամանակին այս ընկերությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացրել է նավթամթերքների մեծածախ եւ մանրածախ առեւտուր: Սկսած 2004 թվականից «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն գործունեություն չի իրականացնում, ունի մեկ աշխատող՝ տնօրեն:
Ընկերության գույքի հիմնական հատվածը՝ վարչական շենքը, պոմպակայանները եւ դրանց կից տեխնոլոգիական խողովակաշարը, վաճառվել է ԴԱՀԿ ծառայութան կողմից: Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվել երեք անգամ, սակայն այն չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ինչի արդյունքում այս տարվա ապրիլի 22-ին կայացած «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ տարեկան ժողովում, ուսումնասիրելով ընկերության ֆինանսական հաշվետվությունները, առաջարկվել է ընկերությունը լուծարել: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ կառավարության այսօրվա նիստում: