ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության խորհրդում Սլովակիայի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Բրատիսլավայում կայացավ «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նախագահում էր Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը։

Պրահայի գործընթացը քաղաքական գործընթաց է՝ ուղղված մասնակից երկրների միջև միգրացիայի ոլորտում գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը: Գործակցության այս ձևաչափին մասնակցում են 50 պետություններ, այդ թվում` ԵՄ անդամ պետությունները, Արևելյան գործընկերության և այլ երկրներ:

Երրորդ նախարարական հանդիպմանը մասնակցած 47 պետությունների նախարարները, միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Գործընթացի նկատմամբ, մատնանշեցին առավել կարևոր միգրացիոն խնդիրները և ուրվագծեցին այն որոշումները, որոնք կկարողանան ձևավորել ապագայի միգրացիոն քաղաքականությունը։

Համաժողովի բանախոսներն ընդգծեցին, որ միգրացիոն տարբեր ենթաոլորտներին, մասնավորապես` սահմանների կառավարմանը, ապաստանի տրամադրմանը, վերադարձին, անկանոն միգրացիային առընչվող մարտահրավերների լուծումները պետք է մշակվեն միասնական ջանքերով:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր ելույթում ներկայացրեց Պրահայի գործընթացի 2012-2016թթ. գործողությունների ծրագրին համապատասխան ՀՀ-ում կատարած աշխատանքները և ընդգծեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու գործակցությունն այս կարևոր միջազգային ձևաչափում։ ՀՀ դեսպանը ողջունեց միգրացիոն հարցերով ուսումնական ակադեմիա հիմնելու Չեխիայի նախաձեռնությունը։

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նաև անդրադարձավ սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն ընդունել է 20 հազարից ավելի փախստականներ Սիրիայից և Իրաքից, որը բնակչության թվի հարաբերակցությամբ Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշներից է։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ թեպետ ներգաղթյալների մի մասն իրենց կարողությունների և պետական աջակցության շնորհիվ կարողացել է ինտեգրվել հայաստանյան հասարակությունում, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությանն ունի աջակցության կարիք և այս հարցում ակնկալում է եվրոպական համապատասխան կառույցների օժանդակությունը:

Քննարկումների արդյունքում նախարարական համաժողովն ընդունեց համատեղ հռչակագիր, 2017-2021թթ. գործունեության մանդատ տվեց Գործընթացին։ Հռչակագրով նախատեսվել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղի կունենա փորձագետների հանդիպում, որի ընթացքում, ելնելով արդի առաջնահերթություններից, կմշակվի Գործընթացի՝ 2017-2021թթ. գործողությունների ծրագիր։




Լրահոս