
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիև):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ՝ Նախագահը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի համար նա մեծապես կարևորել է դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր աշխատանքով նոր լիցք և լրացուցիչ խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերություններին և փոխգործակցությանը:
Ռուսլան Բոլբոչանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել դիվանագիտական առաքելության իրականացումը Հայաստանում և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի տեսանելի ապագայում փոխշահավետ բոլոր ոլորտներում առաջընթացը տեսանելի լինի: Դեսպան Բոլբոչանն այդ համատեքստում մեծ դեր է վերապահել տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:
Հանրապետության Նախագահը կարևորել է երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող և զգայուն հարցերում միմյանց շահերի հարգման վրա հիմնված համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: