ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿՀՐԱՎԻՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծն արդեն պատրաստ է: Ըստ նույն լուրերի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի: Սակայն դեռեւս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը: Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Ենթադրվում է, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ: Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր է՝ «Համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի: Իհարկե, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր է գնահատվում, քանի որ երեկ ԱԺ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ: Ամեն դեպքում, ընդամենը վեց օրից Հայաստանը կնշի իր անկախության քսանհինգամյակը: Օրվա հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ մեծ զորահանդես: Իսկ դատապարտյալների եւ քրեական հանցագործություններ կատարածների ու նրանց հարազատների ուշքն ու միտքը համաներումն է, որպեսզի ազատվեն քրեական պատասխանատվությունից:

 

 
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ առաջին անգամ այցելեց խորհրդարան եւ մասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, զավեշտալի էր: Բանն այն է, որ չնայած նիստին ներկա էին իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշռող մասը, այդ թվում՝ ԱԺ նախագահությունը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, սակայն ոչ ոք Կարեն Կարապետյանին չշնորհավորեց: Մեկուկես ժամանոց հարցուպատասխանի մեկ ժամն անցնելուց հետո միայն, երբ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել էր «հնանալ», քանի որ մի քանի պատգամավորների հարցերի էր պատասխանել, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը խոսքի իրավունք վերցնելով՝ շնորհավորեց իրենց՝ իշխող մեծամասնության կողմից նշանակված վարչապետին: Կարեն Կարապետյանի հետ կատարվածը վկայում է այն մասին, որ իշխանական վերնախավում նրան որպես յուրայինի չեն ընկալում, նա ՀՀԿ-ականների համար «դրսից բերված» մարդ է:

 

 
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի խորհրդարանն այս տարվա գարնանային նստաշրջանի վերջում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգիրքը: Ենթադրվում էր, որ այդ կարեւորագույն փաստաթուղթն աշնանային նստաշրջանում կներկայացվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Սակայն պարզվում է՝ «Հարկային օրենսգրքի» վերջնական տեքստը դեռեւս պատրաստ չէ: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանից փորձեց պարզել, թե արդյոք հարկային օրենսգրքի փաթեթը ներկայացվել է խորհրդարանին: Ի պատասխան՝ Թաթուլ Սողոմոնյանն ասաց. «Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, չէ՞, որ երկրորդ ընթերցման քննարկումը հանձնաժողովում դեռեւս շարունակվում է, եւ շատ հավանական է, ինքն այդպես էլ ասաց, որ եթե այս քառօրյայում չենք քննարկելու, ապա հնարավոր է՝ արտահերթով ամսվա վերջին քննարկվի: Այսինքն՝ փաթեթը դեռեւս երկրորդ ընթերցման տեսքով չկա, հանձնաժողովում աշխատանքային կարգով մեկ ամսից ավել է՝ անընդհատ քննարկումներ են ընթանում»:

 

 
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 22-ին որոշել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերեր «Միջազգային բիզնես կենտրոն» եւ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ներին փոխարինել «Քիմպրոմ մենեջմենթ» ՓԲԸ-ով: Այսպիսով փորձ է արվում թաքցնել տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պետական միջոցների փոշիացման գործընթացը, որն իրականացվել էր՝ «Երեւան ՋԷԿ»-ի միջոցները «Վանաձոր քիմպրոմի» կարիքների վրա ծախսելով: Այս տարվա գարնանը պարզվեց, որ «Երեւան ՋԷԿ»-ը, որը շահույթով գործող պետական ընկերություն է, վերջին տարիներին «Գազպրոմ Արմենիա» ընկերության նկատմամբ 80,7 միլիոն դոլարի պարտք է կուտակել: Պարտքի զգալի մասն արդեն մարվել է. օգոստոսի 31-ի դրությամբ «Երեւան ՋԷԿ»-ի պարտքը կազմում էր 33,8 մլն դոլար: Պարզվեց, որ պարտքը կուտակվել է, քանի որ պետական ՋԷԿ-ը վերջին տարիներին 104 միլիոն դոլար է հատկացրել «Նաիրիտին» եւ «Վանաձոր քիմպրոմին»: Սակայն նշված ընկերությունները այդպես էլ չեն գործել, իսկ պետական միջոցներն էլ փոշիացվել են:

 

 

 
ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՎ
Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ կնշանակի ՀՀ գլխավոր դատախազին: Այդ պաշտոնում, ինչպես հայտնի է, առաջադրված է Արթուր Դավթյանի թեկնածությունը, ում վերջին երեք օրերին ամենատարբեր հարցեր էին ուղղում Աժ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Առավել սուր հարցերով աչքի ընկած ընդդիմադիր խմբակցություններն էին «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Բարգավաճ Հայաստանը»: Հատկապես ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում, կարելի է ասել, քարը քարի վրա չթողեցին: Եվ նորմալ տրամաբանության շրջանակներում ակնկալվում էր, որ այս երկու խմբակցությունները պետք է որ այսօր դեմ քվեարկեին նոր գլխավոր դատախազի թեկնածությանը:
Սակայն որքան էլ զարմանալի է, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԲՀԿ-ն հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցելու գլխավոր դատախազի՝ այսօրվա քվեարկությանը: Եվ, ահա, այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Եթե այս խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ ԲՀԿ-ից հեռացածների թեւի, որոնց կողմ լինելու մասին հայտնի է) Աժ ամբիոնից հանդես են գալիս ամպագոռգոռ հայտարարություններով, սուր քննադատություններով, ամբոխահաճ հայտարարություններով՝ անարգանքի սյունին գամելով գլխավոր դատախազության ինստիտուտը՝ իր նախկին եւ առաջիկա ղեկավարներով հանդերձ, այդ դեպքում ինչու իրենց այդ վերաբերմունքը չեն վավերացնում նաեւ քվեարկությամբ:
Ինչ է նշանակում՝ մենք դեմ ենք, բայց դեմ չենք քվեարկի: Փաստորեն, պատգամավորների՝ արեւմտահայերենից եկած ձեւակերպումը՝ երեսփոխան, շատ ավելի հիմնավոր է եւ ճշգրիտ: Եվ փաստորեն, երբեմն իրավացի են իշխանական պատգամավորները, որոնք պնդում են, որ ընդդիմադիր որոշ գործիչներ միկրոֆոնի մոտ մեկ մարդ են, առանց միկրոֆոնի՝ այլ:
Ընդ որում, նկատենք, որ կոնկրետ ՀՀ գլխավոր դատախազների ընտրության դեպքում միշտ էլ նման վարքագիծ են դրսեւորել Աժ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը: Այդպես էր թե՛ Գեւորգ Կոստանյանի, թե՛ նրա նախորդի՝ Աղվան Հովսեփյանի ընտրությունների դեպքում:
Իրականում հասկանալի է, որ ապագա գլխավոր դատախազի հետ իրենց հարաբերությունները որեւէ պատգամավոր, անգամ արմատական ընդդիմադիր ներկայացող, չի ցանկանում փչացնել: Պատճառն էլ է միանգամայն պարզ. ազգընտիրների զավակները, մերձավորներն ու բարեկամները շատ հաճախ են հայտնվում այնպիսի իրավիճակներում, երբ կարեւոր է լինում դատախազության հետ «կոնտր գնացած չլինելու» հանգամանքը: Եվ ուստի, սա նկատի առնելով էլ, իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցությունները գերադասում են «շառից փորձանքից» հեռու՝ չմասնակցել քվեարկությանը: Եվ հոգ չէ, որ դրանից նրանց՝ առանց այդ էլ գահավիժող վարկանիշն է՛լ ավելի արագ է ներքեւ սուրում:




Լրահոս