ՆԱԽ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ՀԵՏՈ ՕՐԵՆՔԸ ԿԸՆԴՈՒՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում համաներման շուրջ ներքին անհամաձայնություն կա: Բանն այն է, որ հստակ որոշված չէ, թե որ օրը համաներում կհայտարարվի: Ըստ էության, համաներման ձգձգումը պայմանավորված է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներով: Չնայած Ազգային ժողովում չեն բացառում, որ միգուցե սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-րդ տարեդարձին, հայտարարվի համաներում իրականացնելու մտադրության մասին, իսկ, ահա, համաներման մասին օրենսդրական նախագիծը Ազգային ժողով ուղարկվի սեպտեմբերի 26-ին, քանի որ այդ օրը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի: Թե ինչ կորոշվի, հայտնի կդառնա առաջիկայում: Իսկ առայժմ մեզ տեղեկություններ հասան, որ այս օրերին ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին հանձնարարել են, որ ներկայացնի տվյալներ, թե ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քանի դատապարտյալ եւ կալանավոր կա:

«Ժողովուրդ»-ը սպասվող համաներման շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ:
-Պարո՛ն Թովմասյան, որպես արդարադատության նախկին նախարար, կխնդրեմ ներկայացնել Ձեր գնահատականը. ինչպիսի՞ դրական եւ բացասական ազդեցութուն կարող է ունենալ առաջիկայում սպասվելիք համաներումը:
-Քաղաքական առումով դա հումանիզիմի դրսեւորում է հանրային իշխանությունների կողմից, այդքան բան:
-Իսկ իրավական տեսանկյունի՞ց:
-Իրավական տեսանկյունից որոշ մարդիկ ազատություն են ստանում:
-Ի դեպ, որոշակի անհանգստություն կա կապված այն հարցի հետ, թե արդյոք ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին համաներմամբ ազատ արձակելը չի կարող սպառնալիք դառնալ հասարակության անվտանգության համար:
-Դրա համար էլ պետք է համաներումը այնպես անել, որ դուրս գան այն մարդիկ, որոնք հիմնականում հանրության համար վտանգ չեն ներկայացնում: Դա է պատճառը, որ համաներումները, որպես կանոն, ծանր հանցագործությունների վրա չեն տարածվում, եթե անգամ դրանց վրա տարածվեն էլ, ոչ թե այդ հանցագործների ազատ արձակման, այլ պատժի ժամկետի կրճատման մասով կլինի: Այսինքն՝ նախորդ համաներումը՝ 2013 թվականին, հենց այդպես է եղել, մինչեւ 3 տարի դատապարտվածները դուրս են գալիս համաներումով, վերջին երկու-երեք համաներումը հենց այդպես է եղել, իսկ ծանրերի դեպքում որոշակի չափով պատիժը կրճատվեց:
-Դուք նշեցիք, որ պետք է համաներումը այնպես անել, որ դուրս գան այն մարդիկ, որոնք հիմնականում հանրության համար վտանգ չեն ներկայացնում: Բայց ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, ի վերջո, ի՞նչ ասել է հիմնականում, իսկ այդ հիմնականից դուրս մա՞սը: Առավել եւս, որ ոստիկանության ներկայացրած տվյալներով բավականին մտահոգիչ պատկեր ունենք: 2016թ. հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 8.108 հանցագործություն, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1375-ով ավել է:
-Երբ ես վերջին համաներումը ներկայացրել եմ, կարող է՝ հիշողությունս դավաճանի, բայց կարծեմ դուրս եկած մոտ 4-5 հարյուրից կրկնահանցագործություն էին կատարել մոտ 21-ը, դա բոլոր միջազգային չափորոշիչներով համարվում է, որ բավականին լավ արդյունք է:
-Իսկ ինչո՞ւ որոշվեց հենց այս տարի համաներում հայտարարել, այստեղ միայն անկախության 25-ամյակի գործո՞նն էր, թե՞ նաեւ նախընտրական տարի լինելու հանգամանքը, ինչից ելնելով էլ փորձ է արվում որոշակի դիվիդենտներ շահել ազատ արձակվողների եւ նրանց հարազատների շրջանում:
-Ես տեղեկություն չունեմ՝ համաներում արվելու է, թե ոչ:
-Իսկապե՞ս: Անգամ տեղեկություններ կան, որ այս տարի համաներումն ավելի ընդգրկուն է լինելու, եւ ավելին՝ Սերժ Սարգսյանը որոշ ցմահ դատապարտվածների ներում է շնորհելու:
-Եթե տեղեկություն չունեմ՝ լինելու է, թե չի լինելու, ոնց կարող եմ տեղեկություն ունենալ՝ ընդգրկուն է լինելու, թե ոչ:
-Դուք Աժ աշխատակազմի ղեկավարն եք եւ պետք է որ գոնե հետեւյալ հարցի մասին տեղեկություն ունենաք. ԱԺ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ հավանական է, որ սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-ամյակին, հայտարարվի համաներում իրականացնելու մտադրության մասին, իսկ, ահա, օրենսդրական նախագիծը ներկայացվի սեպտեմբերի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Ձեզ այս մասին որեւէ բան չեն ասե՞լ:
-Ես չգիտեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՄԻԱՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Օգոստոսի 1-ին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների զենքը վայր դնելուց հետո, Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին: Այդ ելույթից մոտ մեկ ամիս անց` սեպտեմբերի 8-ին, հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ հայտարարվեց, որ պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն: «Ժողովուրդ»-ը նոր ձեւավորվող կառավարությունից ակնկալիքների մասին զրուցեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանի հետ:

-Պարո՛ն Սանասարյան, Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր»-ի հանձնվելուց հետո ունեցած իր ելույթում խոսեց ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Արդյո՞ք Դուք արդեն ստացել եք նոր ձեւավորվող կառավարությունում ընդգրկվելու առաջարկ:
-Ես տեղյակ չեմ՝ նման առաջարկ եղել է, թե ոչ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ կմերժենք նման առաջարկը, քանի որ չի կարող ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից ձեւավորվել ազգային միասնության կառավարություն: Իրենց ստեղծած կառավարությունները, ինչպես փորձը ցույց է տվել, սպասարկում են իրենց շահերը, իրենց կողմից ստեղծված ցանկացած` իբր բարեփոխման ծրագիր, սպասարկում է իշխանության շահերը:
-Բայց կարծես Ձեր պահանջներից մեկը հենց այդպիսի կառավարություն ձեւավորելու մասին էր: Ինչ-որ բա՞ն է փոխվել, որ դեմ եք ազգային միասնության կառավարության ձեւավորմանը:
-Նման բան չենք պահանջել, մեր պահանջը եղել է ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորելը, որը կապ չունի իրենց կողմից ձեւավորվող կառավարության հետ: Մեր ու իրենց պատկերացրածի միջեւ սարեր ու ձորերի տարբերություն է:
-Իսկ առաջիկայում ձեւավորվելիք նոր կառավարությունը դրական փոփոխությունների ինչ-որ հույս ներշնչո՞ւմ է:
-Ո՛չ: Մեր պատկերացրած վստահության կառավարության մեջ չի կարող լինել ՀՀԿ-ն:
-ԱԺ-ում իր առաջին ելույթի ժամանակ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ պետք են համակարգային փոփոխություններ…
-Դե, գիտեք, ամեն մի վարչապետ մի բան ասելու է, բայց այդ խոսակցությունները նորություն չեն մեզ համար: Ժողովուրդի կողմից չընտրված իշխանությունները չեն կարող համակարգային փոփոխություններ անել, հատկապես, որ իրենք այդ փոփոխությունները արել են ընտրությունը կեղծելու միջոցով, այդ ամեն ինչն արել են այլ պետություններին խոստումներ տալու միջոցով: Այլ երկրներին հնազանդորեն ծառայող իշխանությունները չեն կարող համակարգային փոփոխություններ անել:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԿԲԱՎԱՐԱՐԻ՞ «ՆԱՆՄԱՆ»-ԻՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Նանման» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ կառավարություն եւ խնդրել է իրեն թույլատրել օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Նշենք, որ «Նանման» ՍՊԸ-ն, որը զբաղվում է արտահագուստի արտադրությամբ, ձեւավորվել է 2003 թվականին: Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ավելի քան 10 միլիոն 500 հազար դրամի ջինսե գործվածք (դենիմ), որն ըստ ընկերության` ԵԱՏՄ անդամ երկրներում չի արտադրվում: Արտոնություն տալ-չտալու հարցը որոշվելու է այսօր՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության առաջին նիստում:

 

 

ԽԱԽՏՈՒՄՈՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Լոռու մարզպետարանը բաց ընթացակարգով վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ է ձեռք բերել, որը ըստ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի՝ խախտումով է տեղի ունեցել: Բանն այն է, որ Լոռու մարզպետարանի կարիքների համար հայտարարված բաց ընթացակարգի հրավերի մեջ ֆինանսների նախարարության մասնագետները խախտումներ են հայտնաբերել, քանի որ դրանք գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ կազմված չեն եղել:

 

 

ՍԿՍԵԼ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման երկրորդ օրը` առավոտյան 8-ի սահմաններում, արդեն գնացել է աշխատանքի եւ իր աշխատասենյակում հանդիպումներ ունեցել աշխատակազմի տարբեր ներկայացուցիչների հետ` վարչության եւ բաժնի պետերի, նախարարների: Մեր տեղեկություններով՝ հանդիպման հիմնական առանցքը եղել է այդ պաշտոնյաների առօրյան, թե ինչ գործունեություն են ծավալում տվյալ անձինք: Վարչապետի հետաքրքրության նպատակը այդ պաշտոնյաների հետագա ճակատագիրը որոշելն է եղել: «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանին, որն ասաց. «Ես որեւէ տեղեկություն չունեմ, չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել»:




Լրահոս