ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՆ ԱՌԵՂԾՎԱԾ Է ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքը բացահայտված էր համարվում: Համենայնդեպս, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի` կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, սա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել:

Պարզվում է` որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել:
Նախ նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ղանդիլյանը։ Սրանից ժամեր անց մեկ այլ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը զինծառայողին հետմահու պարգեւատրելու հրամանագիր էր ստորագրել. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»,- ասվում էր հաղորդագրությունում:
Ապա շատերի մոտ տրամաբանական հարց առաջացավ` մարտական կանոնները խախտելու հետեւանով զոհված զինծառայողին ինչո՞ւ են պարգեւատրում «Մարտական ծառայություն» մեդալով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված: Բայց սրա մասին ավելի ուշ:
Կատարվածի եւ առաջ քաշված վարկածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արման Ղանդիլյանի հրամանատարի` Ռուդիկ Հակոբյանի հետ: Ըստ նրա` տեղի ունեցածը դժբախտ պատահար է, որին զոհ գնացին երկու զինծառայող. «Արմանը եւ նրա ծառայակիցը, ով հիմա մեղադրվում է կատարվածում (խմբ. անունը հրաժարվեց նշել), դժբախտ պատահարից տուժածի կարգավիճակում են: Արմանը բարիդրացիական հարաբերություններ ուներ ծառայակիցների հետ, շատ հարգալից էր վերաբերվում հրամանատարական կազմին: Շատ հանգիստ մարդ էր, համեստ զինծառայող: Նույն բնավորությունն ուներ նաեւ դժբախտ պատահարի մյուս մասնակիցը: Դեպքը երկու համածառայակիցների` իրար չհասկանալու պատճառով է եղել: Զինվորը չի ճանաչել ծառայակցին»:
Մեր զրուցակիցը պատմեց, որ մեղադրյալ զինվորն իրեն պատմել է այն, ինչը որպես վարկած է առաջ քաշվում: «Արմանից գաղտնաբառն է հարցրել, նա էլ չի պատասխանել, ու կրակահերթ է արձակել»,- շարունակեց հրամանատարը:
Մինչդեռ զոհված զինծառայողի հայրը` Ալիկ Ղանդիլյանը, այլ կարծիք ունի կատարվածի շուրջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ղանդիլյանը նշեց, որ նման վարկածները հեքիաթ են հիշեցնում: «Ո՞նց կարող եմ բողոք չունենալ, երեխա եմ կորցրել, բողոք ո՞նց չունենամ: Այն, ինչ Ձեզ են ասել, նույնն էլ մեզ են ասել: Սկզբում ասեցին` պարոլ չի ասել, հետո` թե ծառայակիցը շշուկներ է լսել ու վախից կրակել է: Նրանց ասելով` 7 մետր հեռավորության վրա չի ճանաչել Արմանին, կրակահերթ է արձակել: Ես էլ եմ ծառայել, բայց ես գիտեմ` պարոլն ինչ է: Ախր, Արմանն առաջին անգամ չի, որ պոստ է կանգնել: 9 ամիս պոստ է կանգնել, մինչեւ պոստ գնալը իմացել է ամեն կարգ ու կանոն»,- վրդովված պատմեց որդեկորույս հայրը` հարց ուղղելով, թե ինչպե՞ս է հրամանատարն իր զինվորին դիրքեր բարձրացնում, եթե նա կարգ ու կանոնին չի տիրապետում:
«Ես վերջին անգամ երբ խոսեցի տղայիս հետ, N պոստից բողոքում էր: Ասում էր` էստեղ դժվար է ծառայելը, հանգստանալու ժամ չկա, քիչ ենք հանգստանում: Ու միայն էդ պոստից էր բողոքում: Գուցե ինչ-որ միջանձնային հարաբերություններ են եղել. Արմանը խուսափել է ինձ պատմել: Բայց ես դա չեմ բացառում: Ու շատ վրդովված եմ, որ մինչեւ հիմա քննչական գործողություն իմ մասնակցությամբ չի կատարվել: Գնալու եմ մինչեւ վերջ, Ղարաբաղ էլ կգնամ: Ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանամ»,- շարունակեց Ալիկ Ղանդիլյանը:
Վերջինս պատմեց, որ որդուն մեդալ են շնորհել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին արիություն ցուցաբերելու համար. «Բերեցին, մի մեդալ տվեցին էրեխուս, ինչի՞ համար: Իբր լավ ծառայող, քառօրյա պատերազմին իրեն լավ է դրսեւորել: Բա ինչո՞ւ շուտ չէին տալիս, սպասում էին՝ զոհվեր, հետո՞ տային: Կամ եթե պարոլ չգիտի զինվորը, նրան ինչպե՞ս եք պարգեւատրում…»:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը նշեց, որ գաղտնաբառի, ապա թշնամու հետ շփոթելու վարկածներն առաջ են քաշվում հրամանատարներին ապահովագրելու համար: Ըստ Ա. Ղանդիլյանի` այդ ամենին հավատալը պարզապես միամտություն կլինի. «Ես 23 տարի ոստիկանության աշխատող եմ եղել, կոչումով մայոր եմ: Պատերազմով անցած մարդ եմ: Ես հասկանում եմ, որ հրամանատարներն իրենց են ապահովագրում: Մեկի մոտ հարց չի՞ առաջանում` ինչպե՞ս են զինվորին առանց պարոլ սովորեցնելու պոստ կանգնեցնում: Պարոլի վարկածը փոխեցին շատ արագ, որովհետեւ իրենց վնաս է: Հիմա էլ ասում են՝ զուգարանից հետ գալիս շփոթել են իրար թշնամու հետ եւ այլն: 9 ամսվա ծառայողը, որ 3 անգամ պոստ է բարձրացել, 40 օր կանգնել դիրքերում, չգիտի՞ ինչը որտեղ է, որ «յաչեյկա» շփոթեր ու ուրիշ տեղ մտներ: Հեքիաթներ են»:
Ալիկ Ղանդիլյանը վստահեցնում է` պայքարելու է մինչեւ վերջ, որդու անժամանակ մահը պետք է բացահայտվի, մեղավորները պետք է պատժվեն. «Ով մեղավոր է` սկսած դիրքի ավագից մինչեւ հրամանատարություն, պիտի պատասխան տան: Ու ամենակարեւորն էն է, որ այդ օրը տղայիս հանգստի օրն էր: Առանց «կասկա», առանց համապատասխան կազմի դիրքի ավագը մեկ ուրիշի փոխարեն որդուս է պոստ կանգնեցրել: Իմ մինուճար զավակին եմ կորցրել, ես կորցնելու բան այլեւս չունեմ: Տանս ծուխն է կտրվել: Պայքարելու եմ մինչեւ վերջ»:
Ի դեպ, Ալիկ Ղանդիլյանը հիշեց, որ դեռեւս այս տարեսկզբին Արմանի նախկին հրամանատարը՝ մեր զրուցակցի հիշողություններով` Արմեն Առաքելյանը, մի քանի անգամ ծեծի է ենթարկել որդուն: Արմանը հորը պատմել է, որ պատճառը մի անգամ եղել է օրապահի սեղանը պատահաբար վնասելը. «Արմանն օրապահ է եղել, հենվել է սեղանին, մի փոքր ջարդվել է: Հրամանատարն էլ ծեծել ու ասել է, թե կբերես, տեղը կդնես: Արդեն պատրաստվում էի գնալ զորամաս` տեսնել էդ Առաքելյանին, ուղղակի Արմանը թույլ չտվեց: Ասաց` պա՛պ, որ գաս, կարող ա հետո ավելի վատ լինի, ու Առաքելյանը տրամադրվի իմ դեմ»,- վրդովված պատմեց զինծառայողի հայրը:
Հավելենք, որ տեղի ունեցածի շուրջ ՀՀ քննչական կոմիտեից ստացված վերջին տվյալներով` զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում` պարզելու Ա. Ղանդիլյանի մահվան հանգամանքները: Սակայն մեղադրյալ զինծառայողի անունն այդպես էլ պարզել չհաջողվեց:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՉԽՈՍԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ շենք շտապող ՀՀ կառավարության անդամներից փորձեց հետաքրքրվել՝ ինչ են կարծում, ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, Հայաստանում այլ կարող թեկնածու չկա՞ր։
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ Կարեն Կարապետյանին նշանակեցին ՀՀ վարչապետի պաշտոնում, այլ կարող թեկնածու չկա՞ր:
-Ես աստիճաններից հազիվ բարձրացա վերեւ, Ձեր հարցն էլ տեղին չէ:
-Ինչո՞ւ:
-Մենք ընդամենը մեր վարչապետին պետք է շնորհավորենք, հաջողություն ցանկանանք, ցանկանանք, որպեսզի միասնական հաջողություն ունենանք, որովհետեւ այդ հաջողությունը կլինի մեր ժողովրդի հաջողությունը, եւ կարծում եմ՝ դրանից Դուք եւ մեր ժողովուրդը, մենք բոլորս լավ կզգանք մեզ:
-Երբ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ էր, նրան բարձր աշխատավարձով պաշտոն առաջարկեցին ՌԴ-ից, եւ նա լքեց, գնաց, եթե հիմա էլ պաշտոն առաջարկեն ու նա այս անգամ էլ վարչապետի պաշտոնը թողնի գնա, անհարմար չի՞ լինի:
-Դա Ձեր կարծիքն է, նման բան չկա, ես խնդրում եմ՝ մի՛ խեղաթյուրեք, իրականությունը ցանկությունների հետ մի՛ խառնեք:
-Մեր պետական պարտքը հասնում է հինգ միլիարդի, ի՞նչ պետք է անի նա, որ այդ պարտքը նվազի:
-Ձեր հարցերը հետո:
-Հետո ե՞րբ, հիմա ասեք՝ ի՞նչ պետք անի:
-Բնականաբար առաջիկայում վարչապետը ներկայացրել է, որ կներկայացնի ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ ծրագիր, ծրագրից հստակ կերեւա, եւ Ձեր հարցերի պատասխանը Դուք բոլորդ կունենաք: Շնորհակալություն, ցտեսություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանին նշանակեցին:
Լռում է:
-Այլ մարդ չկա՞:
Լռում է:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք անի, որ մեր պետական պարտքը հինգ միլիարդ դոլարից նվազի:
Լռում է:
ՀՀ Էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյան
-Պարո՛ն Յոլյան, Ձեզ համար փորձեցի՞ք պարզել, թե ինչու հենց Կարեն Կարապետյանին նշանակեցին վարչապետ:
Լռում է:
-Այլ թեկնածու չկա՞ր:
Լռում է՝ բարձրացնելով ուսերը:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի նա, որ նվազեցնի մեր երկրում 35 տոկոսի հասնող աղքատությունը:
-Ես հուսով եմ, որ շատ-շատ բաներ…:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԴՐԱՄԱՀԱՏԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
2016թ. հուլիսի 6-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, զեղչի քարտեր, բանկային քարտ, որից նույն օրը բանկոմատից գումար է կանխիկացվել: Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է սպորտային հագուստով միջին տարիքի կիսաճաղատ տղամարդը բանկոմատից գումար կանխիկացնում գողացված բանկային քարտով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։




Լրահոս