«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել ՀՀ մի քանի քաղաքացիներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ են ներկրել «Նիվա» եւ «2106» մակնիշի նոր արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներ: Քաղաքացիների խոսքով` անցակետում իրենցից գանձել են 14500 եւ 2000 դրամ գումար: Սակայն դա էլ քիչ էր՝ նրանցից ամսական գանձվում է 20000 դրամ` օտարերկրյա պետհամարանիշներով ՀՀ տարածքում վարելու համար:
Վրդովված քաղաքացիները, որոնք մեքենան գնել էին ՌԴ-ում՝ վարկային պայմանագրի միջոցով, խնդրում էին օգնել` պարզելու, թե ինչի՞ համար են իրենցից գանձվել այդ գումարները, եւ ինչո՞ւ են օտարերկրյա պետհամարանիշներով վարելու համար վճարում այդքան գումար: Ավելին` քաղաքացիներից մեկն անգամ տեղեկացրեց, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի միջոցով վարկային պարտավորութունը մարելիս, ամեն անգամ իրենից գանձում են 3000 դրամ, նույնիսկ եթե գումարի փոխանցումը չի հաջողվում տեխնիկական ինչ-որ խնդիրների պատճառով: Քաղաքացիների բարձրացրած խնդիրների շուրջ «Ժողովուրդը» փորձեց պարզաբանումներ ստանալ համապատասխան գերատեսչություններից:
Նախ՝ ամենամսյա պետհամարանիշների համար գանձվող գումարի մասին պարզաբանումներ փորձեցինք ստանալ ՀՀ ՃՈ-ից: Սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանության հեռախոսահամարներից ոչ մեկով աշխատանքային ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին մեր զանգերին: Ի վերջո, մենք կապվեցինք ՀՀ ոստիկանության հասարակության եւ տեղեկատվության կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով նշված հարցի շուրջ «Ժողովուրդ»-ին ասաց.«Հարցի առնչությամբ պետք է դիմեք ՀՀ ԿԱ ՊԵԿ»:
Հետեւելով ուղղորդմանը՝ տեղեկություններ փորձեցինք ստանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից, որտեղից ի պատասխան մեր հարցմանը` տեղեկացրին. «Բնապահապանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) կետի համաձայն` այլ պետություններում հաշվառված ՀՀ մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց բնապահպանական վճարի դրույքաչափը մարդատար ավտոմեքենաների համար սահմանված է 3750 դրամ` նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում:
«Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետեւյալ տասնհինգօրյա դրույքաչափով` թեթեւ մարդատար (մինչեւ 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ:
Հաշվի առնելով, որ գրությունում նշված ավտոմեքենան հաշվառված (գրանցված) է օտարերկրյա պետությունում` ՌԴ-ում, ուստի ՀՀ տարածք մուտք գործելու եւ ՀՀ տարածքում գտնվելու համար գանձվում են բնապահպանական եւ ճանապարհային վճարներ»:
Գանձվող գումարների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումները, թերեւս, հասկանալի են: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ուր մնացին ԵՏՄ անդամ երկրների՝ մեկ միասնական տնտեսական, մաքսային տարածք դառնալու մասին բարձրագոչ հայտարարությունները: Մյուս կողմից էլ, աչքի առջեւ ունենալով ՌԴ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի հետ կապված պատմությունը, երբ Հայաստանը տեւական ժամանակ, հակառակ ԵՏՄ-ի կանոնակարգերի, շարունակում էր գանձել 20% ԱԱՀ, եւ դա վերանայվեց միայն ԵՏՀ նախարար Տ. Վալովայայի բարձրաձայնումից հետո, չենք կարող վստահ լինել, որ այս դեպքում եւս բերված իրավական հիմնավորումները չեն հակասում ԵՏՄ միասնական իրավապայմանագրային դաշտին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նպատակով է Ռուսաստանի Դաշնությունում վերցված վարկային պարտավորությունը «ՎՏԲ Հայաստան» բանկի միջոցով մարելիս ամեն անգամ գանձվում 3000 դրամ, բանկից մեզ տեղեկացրին, որ իրենք հստակ չեն կարող պատասխանել, քանի որ դրա համար հարկավոր է ծանոթանալ քաղաքացու եւ բանկի միջեւ կնքված պայմանագրին:
Ահա, այսպիսի անհասկանալի կանոններ են գործում Ս. Սարգսյանի «մեկ գիշերվա մեջ» կայացրած որոշման արդյունքում մեզ պարտադրված մեկ միասնական՝ եվրասիական տնտեսական տարածքում:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԳՆ-Ն ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել է կառավարությանը եւ խնդրել այս տարվա երկրորդ կիսամյակի եւ 2017 թվականի ՀՀ մուտքի արտոնագրերի պիտակների տպագրության համար գումար տրամադրել:
Բանն այն է, որ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ԱԳՆ-ն, հաշվի առնելով նախորդ տարիների վիճակագրությունը, համաձայն որի՝ տարեկան տրամադրվում էր 180-190 հազար հատ ՀՀ մուտքի արտոնագիր, կանխատեսումներ է արել եւ որոշել, որ նախարարության պահեստում առկա պաշարը կբավարարի նաեւ այս տարվա պահանջարկը: Իսկ նախարարության պահեստում նախորդ տարվա հուլիսի 14-ի դրությամբ առկա պաշարը կազմել է 258 հազար 450 հատ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հենց այս պատճառով նախարարության այս տարվա գնումների պլանում ՀՀ մուտքի արտոնագրերի տպագրություն չի նախատեսվել: Այս թեմայի շուրջ ԱԳՆ-ն ՀՀ կառավարության այսօրվա նիստին նախագիծ է ներկայացնելու, որով պահանջելու է իրեն հատկացնել 31 մլն 800 հզ. դրամ՝ մուտքի արտոնագիր տպագրելու համար: Նշված գումարով նախատեսվում է տպագրել մոտ 120 հազար վիզա, որն ըստ ԱԳՆ-ի կանխատեսման՝ կբավարարի շուրջ 16 ամիս:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա օգոստոսի 22-ի դրությամբ ԱԳՆ-ի պահեստում կա ՀՀ մուտքի 6 հազար 500 հատ արտոնագիր, որը կարող է բավարարել 1-2 ամիս:
Նախորդ տարվա ամռանը Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների վերացումը հանգեցրեց Իրանից դեպի Հայաստան տուրիստների շեշտակի աճի: Եւ անցած տարվա ընթացքում տրամադրված բոլոր ՀՀ մուտքի արտոնագրերի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկել հենց Իրանի քաղաքացիներին: Տեղեկացնենք, որ անցած տարվա ընթացքում տրամադրվել է շուրջ 194 հազար մուտքի վիզա, որից 134 հազարը Իրանի եւ 60 հազարը՝ այլ երկրների քաղաքացիներին: Իսկ այս տարվա 7 ամիսների ընթացքում, չհաշված Իրանի քաղաքացիներին, տրամադրվել է 37 հազար վիզա: Հաշվի առնելով սա՝ ԱԳՆ-ն համոզված է, որ այս տարվա վերջին 4 ամիսների պահանջարկը կկազմի մինչեւ 25 հազար վիզա, իսկ 2017 թվականի պահանջարկը՝ շուրջ 70 հազար վիզա:
Ս. Հ.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԿՏՐԵԼ ԵՆ
Մի քանի օր է, ինչ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում սկսվել են առկա գազատար ցանցից առանձնատների գազաֆիկացման աշխատանքները: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ Տավուշի գազամատակարարման-գազաբաշխման միավորման Նոյեմբերյանի գրասենյակի աշխատակիցները Բաղանիսի 10 առանձնատներ գազի խողովակներ են անցկացրել, գյուղի եւս 4 ընտանիք գազատարին միանալու ցանկություն է հայտնել:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազատար ցանցը առանձնատներին միացնելու համար եռակցվող խողովակի յուրաքանչյուր գծամետրի հաշվով 3700 դրամ է պահանջում: Գազատարին միանալու համար բաղանիսցի ընտանիքներից մեկը 54 հազար դրամ է վճարել: Բաղանիսում ընտանիք կա, որի տունը համեմատաբար հեռու լինելով գազատարից՝ ցանցին միանալու համար 210 հազար դրամ է վճարել: Սահմանամերձ Բաղանիսում քիչ ընտանիքներ ունեն ֆինանսական նման հնարավորություն: Սահմանագոտու բնակիչները հույսները կտրել են, որ կառավարությունը ֆինանսապես կօգնի իրենց տները գազաֆիկացնելու գործում: Նման խոստում վերջերս տվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, սակայն, հրաժարական տվեց՝ չհասցնելով իրագործել իր այդ խոստումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկսկի շրջանում Նովոռոսիյսկ Կերչենսկի մայրուղում հայկական բազմազավակ ընտանիք է վթարի ենթարկվել, որի մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը:
«Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային, որում 6 մարդ է գտնվել: Hyundai Galloper մեքենայում են գտնվել ամուսիններն ու նրանց 4 երեխաները: Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան տեղում մահացել են, ընտանիքի մյուս անդամները լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնում է «Կրասնոդար մեդիա»-ն:
Վթարի փաստով հետաքննություն է ընթանում, իրավապահները ճշտում են վթարի հանգամանքները: