Ինչպես հայտնի է` Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն նոր երաժշտական հեռուստամրցույթ, որը կոչվում է «Դեպի Եվրատեսիլ»: Անկախ բնակության վայրից` մրցույթին մասնակցում են 16 տարեկանից բարձր, ազգությամբ կամ արմատներով հայ կատարողներ: Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի` նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան: Այսպիսով` մրցույթի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 11-ին, եւ արդեն սկսվել են լսումները (նախագիծը եթերում կլինի հոկտեմբերից): «Ժողովուրդ»-ը Արամ MP3-ից հետաքրքրվեց` ինչպիսին են նրա ստացած առաջին տպավորությունները:
-Արա՛մ, մասնակիցների շրջանում ի՞նչ միտում, ի՞նչ պոտենցիալ եք տեսնում: Ուժեղ կատարողներ շատ կա՞ն:
-Չեմ կարող ասել, որ նրանց թիվը մեծ է, բայց ուժեղ մասնակիցներ, այո՛, միանշանակ, կան: Առաջիկայում կրկին սպասվում են լսումներ, այնպես որ, կարծում եմ` կհավաքվեն համապատասխան որակներով մասնակիցներ, եւ մենք կընտրենք լավագույնին:
-Նրանց թվում կա՞ն հանրությանը հայտնի երգիչ-երգչուհիներ:
-Այո՛, Լուսինե Աղաբեկյանը (Լուսի), Գրիգոր Կյոկչյանը, ռուսաստանյան երաժշտական նախագծերից հայտնի մասնակիցներ, օրինակ` Արծվիկ Հարությունյանը: Ոչ պրոֆեսիոնալ մասնակիցները շատ փոքր թիվ էին կազմում. հիմնականում բոլորը երգիչներ էին, այդ թվում` underground-ից, այսինքն` ակումբներից:
-Իսկ մարզերից մրցույթին մասնակցողներ կա՞ն:
-Այո՛, եղել են դիմողներ Գեղարքունիքից, Սյունիքից, Շիրակից: Կային մասնակիցներ նաեւ արտերկրից, ինչպես արդեն նշեցի` Ռուսաստանից, նաեւ` ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրաքից:
-Ամեն անգամ, երբ պարզ է դառնում, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, կուլիսներում, հանրության շրջանում տարբեր ինտրիգների ենք ականատես լինում. միշտ գտնվում են մարդիկ, որոնք դժգոհ են լինում ընտրությունից: Այժմ, հաշվի անելով, որ հաղթողը որոշվելու է ժյուրիի միջոցով եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, գուցե այդ խնդիրը գոնե մասամբ լուծվի՞:
-Այո՛, այս պարագայում մասնակիցը, այսպես ասած, դուրս կգա ժողովրդի միջից. այդ առումով մրցույթը բավական ինտերակտիվ է: Կարծում եմ` մեծամասնությունը գոհ կմնա ընտրությունից:
-Հետաքրքիր է` մրցույթին մասնակցել ցանկացողները պատկերացում ունե՞ն, թե իրենցից ինչ է պահանջվում:
-Հստակ պատկերացում, իհարկե, ոչ բոլորը ունեն: Նրանցից ոմանք չհաղթահարեցին հաջորդ փուլը, քանի որ ունեին կարծրացած վոկալ, որը եվրատեսիլյան բեմի համար չէ. այդպիսի ձայնի հետ ոչինչ չես կարող անել: Այսինքն` մենք ընտրում ենք ոչ միայն լավ երգող մասնակցի, այլեւ մեկին, որը կհամապատասխանի մրցույթի ֆորմատին: Հաշվի ենք առնում` որքանով է նա բազմերանգ եւ ունակ փոփոխվելու: Ի ուրախություն մեզ՝ լսումների ընթացքում հասկացանք, որ մրցակցությունը բավական ուժեղ է լինելու, ուստի բարձրացրինք մեր պահանջները եւ մեր դրած նշաձողը:
-Իսկ հեղինակային երգեր ներկայացնողներ կա՞ն:
-Շատ քիչ` 3-4 կատարող: Բայց նրանց մեծ մասն ընդամենը այդ պահին երեւալու, լսարանին իր երգը հասցնելու նպատակ են ունեցել, ոչ ավելին:
-Լսումների ժամանակ ներկա է նաեւ հանդիսատես: Արձագանքներից ի՞նչ կարելի է ենթադրել` վերջինիս եւ Ձեր կարծիքը մասնակիցների ընտրության հարցում համընկնո՞ւմ է:
-Ոչ հաճախ է համընկնում. կարող է մեկը բարձր նոտայով երգի եւ անմիջապես արժանանա հանդիսատեսի ծափահարություններին: Իհարկե, լավ է, որ երգողը կարողանում է բարձր նոտաներ վերցնել, բայց դա դեռ չափանիշ չէ, ոչ միշտ է դա մեզ պետք. գուցե, ընդհանրապես, պետք չէ բղավել:
-Կարծես թե «Եվրատեսիլ»-ում բոլոր երգերը երգվել են: Ի՞նչ պետք է անենք մենք, որ զարմացնենք Եվրոպային, ի՞նչ որակներ կառանձնացնեք, որոնք երգի միջազգային մրցույթի մասնակիցը պետք է անպայման ունենա:
-Շատ բաներ կան, որ այդ բեմում դեռ չեն արվել: Ամեն բան կախված է նրանից, թե ում կներկայացնենք մրցույթին: Առաջիկայում նորից լսումներ կլինեն, եւ ժյուրիի անդամներից ամեն մեկի խմբում կընդգրկվի 4 մասնակից: Հետագա մրցակցությունը կծավալվի արդեն վերջիններիս միջեւ: Այդ պահից սկսած ժյուրիի անդամները հանդես կգան որպես մարզիչ եւ օգնական: Իրականում մեզ շատ դժվար, դաժան աշխատանք է սպասվում (ծիծաղում է): Ինչ վերաբերում է անհրաժեշտ որակներին, կարծում եմ` մրցույթին պետք է ներկայանա մեկը, որն ունի նոր ոճ, նոր ձեռագիր, որը կտարբերվի իր արտաքինով, վոկալով, կատարողականությամբ եւ շարժուձեւով. այդպիսի մեկին գտնելը բարդ խնդիր է: Լսումների ընթացքում, օրինակ, մենք ընտրեցինք մի քանի մասնակիցների, որոնք, գուցե, իրենց վոկալով չէին փայլում, բայց այնքան օրիգինալ էին, որ գրավեցին մեր ուշադրությունը: Կարծում եմ` նրանց վոկալի վրա աշխատելուց հետո կունենանք ցանկալի արդյունք:
ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԸ ՏՊԱՎՈՐԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ԺՅՈՒՐԻԻՆ
Օրեր առաջ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը վերադարձել է Ավստրալիայից, որտեղ հասցրել է հանդես գալ երկու մեծ մենահամերգներով: Նրա` այդ երկիր մեկնելու պատճառներից մեկը ավստրալական «X-Factor» նախագծին մասնակցելն էր, ինչը, սակայն, չի հաջողվել` փաստաթղթերի, ավելի կոնկրետ` վիզայի հետ կապված խնդիրների պատճառով:
Սակայն Մաշան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ, այնուամենայնիվ, լսումների առաջին փուլը Մելբուրնում հրաշալի է անցել. «Կարելի է ասել` տպավորել եմ ավստրալական ժյուրիին, որն ամեն հարցում ընդառաջեց ինձ, սակայն թղթաբանական որոշ հարցեր այդպես էլ չկարողացա լուծել: Մրցույթի կազմակերպիչները շատ ոգեւորվեցին, երբ իմացան, որ ես «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող եմ: Ելույթիս շրջանակում կատարել եմ «Hallelujah» երգը, որը ինձ միշտ հաջողություն է բերել: Այդ ելույթս նույնպես ստացված էր»:
Ամեն դեպքում, Ավստրալիայում անցկացրած երեք ամիսների ընթացքում Մաշան հասցրել է երկու մեծ մենահամերգ ունենալ Սիդնեյում. «Հպարտ եմ, որ կենդանի նվագակցությամբ հանդես եմ եկել աշխարհում հայտնի ակումբներում, ընդ որում, ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների համար»:
Մաշան տպավորված է Ավստրալիայի հայերի ջերմ ընդունելությունից եւ հոգատարությունից. «Նրանք շատ սիրում են հայկական երաժշտությունը, չեն կորցնում իրենց հայկական ոգին, մշակույթը: Տեղի հայկական համայնքը սովորաբար տարին մեկ անգամ համերգներ է կազմակերպում եւ այնտեղ հրավիրում հայ երաժիշտների ու երգիչների»:
Այժմ երգչուհին առաջիկա անելիքների հետ կապված կոնկրետ պլաններ չի կազմում, նույնիսկ մտավախություն ունի, որ չի կարողանա իր առօրյայի բնականոն հունի մեջ ընկնել, քանի որ հիմա էլ պատրաստվում է նոյեմբերի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք համերգին:
Մեր այն հարցին, թե արդյոք Մաշան ցանկություն ունի կրկին մասնակցելու երաժշտական մրցույթների` թեկուզ արտերկրում, վերջինս պատասխանեց՝ այո: Իսկ մյուս հարցին, թե արդյոք ցանկություն ունի փորձելու իր ուժերը «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում, երգչուհին պատասխանեց, որ շատ է հավանում մրցույթը, սակայն ցանկանում է ավելի կայանալ եւ որոշ ժամանակ անց նոր միայն մասնակցել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ
Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրքերը թեժացել էին: Թատրոնի անձնակազմը նախ անհանգստացած էր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի կարգով եւ հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական որակներով: Դա էլ բավական չէ, Գյումրիում խոսակցություններ էին շրջանառվում, թե ԱԺ հանրապետական պատգամավոր Արման Սահակյանը աջակցում է թեկնածուներից մեկին, եւ որ վերեւներում արդեն վճռել են, թե ով է լինելու թատրոնի հաջորդ տնօրենը: Ապա սեպտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ թատրոնի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթը չի կայանալու, քանի որ հայտատու Արաքս Կիրակոսյանը ետ է վերցրել մասնակցության փաստաթղթերը, իսկ մեկ թեկնածուի դեպքում մրցույթ նախատեսված չէ: Այժմ արդեն հայտնի է, որ թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս մասին վերջինս հայտնել է 168.am-ին: Ղազանչյանը կպաշտոնավարի մինչ այն պահը, երբ կանցկացվեն ընտրություններ, եւ կնշանակվի նոր տնօրեն:
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ
Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Հովհաննես եւ Մերի Ազոյանները, բաժանվել են: Դերասան-հումորիստն իր ամուսնալուծության մասին լուրը հայտնել է ֆեյսբուքյան էջում` հանդես գալով անկեղծ խոստովանությունների տարափով: «…ինձ համար դա ափսոսանք է մեծ։ Ափսոսանք է, որովհետեւ ունեի հրաշք ընտանիք… Ափսոսանքս հիմա սփոփում եմ միայն մի բանով` ինձ մեղադրելով։ Մեղադրելով, որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ… Վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խոր զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս»։ Ավելի վաղ եւս տարածվել էին լուրեր` Հովհաննեսի ու Մերիի ամուսնալուծության մասին, որոնք, սակայն, զույգը հերքել էր:
ՍԻԳԱԼԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ՞
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը չի բացառել ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու հավանականությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: «Շատ կցանկանայի տարվա մեջ մի քանի ամիս անցկացնել Ռուսաստանում` ընկերներիս հետ, որոնք ինձ սիրում են ու սպասում»,-ասել է դերասանը: Նա նաեւ հավելել է, որ հեռանկարային է համարում Սախալին կղզում բիզնես վարելու տեսլականը:
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊԱՐ
Անգլիացի երգչուհի, պարուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմը անակնկալի է բերել Նյու Յորքի բնակիչներին: Չորս երեխաների մայրը եւ հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը քաղաքի կենտրոնում հանպատրաստից սկսել է պարել` հաճելիորեն ապշեցնելով անցորդներին: Վիկտորյան սեւամորթ բիթբոքսերի հետ շոու է կազմակերպել, որը տեւել է մոտ մեկ րոպե: Նրա հագին եղել է սպիտակ վերնաշապիկ եւ սեւ տաբատ: Կարելի է ենթադրել, որ աստղը կարոտել է նախկին Spice girls փոփ խմբի ելույթներին (նա եւս այդ խմբի անդամ էր) եւ դրանց շրջանակներում ունեցած կրքոտ պարերին: