ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում
ԱԺ-ում պատգամավորները օրենսդիր հետաքրքրություններից դուրս առավել կարեւոր հարցեր են քննարկում: Իսկ, ահա, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սոֆոյանն էլ, ավանդույթի համաձայն, հեռախոսն ականջին է պահել:
ՀԱՐՑ. Եթե ես նոր եմ մտել ԱՊՊԱ ոլորտ (իմ մասնակցությամբ ԱՊՊԱ պատահար չի գրանցվել) եւ նոր մեքենա եմ գնել, հետեւաբար ԱՊՊԱ պայմանագիր եմ կնքել, ապա ինչ կարգո՞վ է հաշվարկվում իմ ապահովագրավճարը:
Ներսես Մխիթարյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե այլ լիազորված տիրապետող չի նշվում Ձեր ԱՊՊԱ պայմանագրում, ով ունի իր ապահովագրական պատմությունը, ապա Բոնուս-Մալուս դասը հավասար է բազիսային դասին: Իսկ եթե նշվում է նաեւ այլ վարորդ, ապա ապահովագրավճարը հաշվարկվում է այսպես. յուրաքանչյուր լիազորված տիրապետողի համար առանձին հաշվարկվում է ապահովագրավճար` հաշվի առնելով տվյալ անձանց ռիսկային գործակիցները եւ Բոնուս- Մալուս դասերը եւ վերցվում է առավելագույն ապահովագրավճարը` որպես պայմանագրի համար վճարվելիք ապահովագրավճար:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ առանց տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 ՀՀ դրամ:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բնականոն գնաճը: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել վերջինիս նշանակությունը:
Գայանե Հակոբյան (28 տարեկան, ուսանողուհի, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բնականոն գնաճը այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային (կարճաժամկետ եւ կտրուկ) տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ՝ մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ օրինակ՝ միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման:
Օրինակ՝ 2010թ. ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը՝ 6.3%: Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա:
Ստացվում է, որ ԿԲ կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից: Ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը, եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին՝ գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 12-ամսյա գնաճը կազմել է 5.8 տոկոս՝ գտնվելով տատանումների ընդունելի միջակայքի վերին շեմի մոտ: