ArmLur.am-ը Քննչական կոմիտեի Սևանի քննչական բաժնից տեղեկացավ, որ Սևան քաղաքի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանին բերման են ենթարկել. «Հարուցվել է քրեական գործ, նյութեր են պատրաստվում Մարտունու քննչական բաժնում, առավոտյան մենք նրան, քննիչի որոշմամբ, բերման ենք ենթարկել, այս պահին Ղուկասյանը գտնվում է Մարտունու քննչական բաժնում»:
Ինչպես մեր զրուցակիցը փոխանցեց, նախնական տեղեկություններով, Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 179-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին կետի հատկանիշներով, որն իրենից ենթադրում է պաշտոնական դիրքը չարաշահելով՝ գույքի յուրացում. «Սովետի ժամանակներից մնացած ստորգետնյա խողովակներ կային, որոնք յուրացրել և վաճառել է մեկ ուրիշի: Գնորդը վճարել է 1 միլիոն դրամ, սակայն դեռևս պետք է քննչականը փորձաքննություն անցկացնի և փորձագետներն արդեն հստակ կնշեն, թե մեկ մետր խողովակն ինչ արժի, և ինչքան գումար է յուրացվել»: