ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում կայացավ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի փակ, գաղտնի քվեարկությունը, որին մասնակցեցին 103 պատգամավոր: Արդյունքում գլխավոր դատախազի պաշտոնում հաստատվեց Արթուր Դավթյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ՝ 3, 3 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց: Քվեարակությունից հետո «Ժողովուրդ»-ը Աժ պատգամավորներից, որոնց մտերիմները մշտապես հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, փորձեց հետաքրքրվել, թե ինչու նրանք կողմ քվեարկեցին դատախազի թեկնածուին:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյան
-Պարո՛ն Մովսիսյան, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին՝ Արթուր Դավթյանին, կո՞ղմ քվեարկեցիք, թե՞ դեմ:
-Իհարկե, կողմ:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ գիտելիքները ուսումնասիրել եմ իր, շատ նորմալ գիտելիքներ ունի, պատրաստված է: Քանի որ մենք անցել ենք, այդ հանձնաժողովի նիստի ժամանակ ուսումնասիրել եմ իրա գիտելիքները, սեղանին դրված էր, եւ վստահ եմ, որ կաշխատի:
-Իսկ կարո՞ղ է՝ կողմ եք քվեարկել հանուն Ձեր մտերիմների: Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել Էր 5 անձանց, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի ուրան վաճառել: Հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը Ձեր հորեղբորորդին է: Ի դեպ, նրա որդին եւս իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված:
-Ո՛չ, ո՛չ, ես, այսքան ժամանակ տեսել եք, որ օրենքին հակա շարժվեմ, ես միշտ օրենքով եմ շարժվում:
-Այսինքն, պարո՛ն Մովսիսյան, եթե առիթ լինի՝ ՀՀ գլխավոր դատախազին չեք հիշեցնի՞ այս օրը՝ ասելով, թե, բա, գիտեք, ես Ձեզ կողմ եմ քվեարկել:
-Երբեւիցե որեւիցե մի բանի համար միջնորդություն չեմ անի, ոչ մեկի համար, օրենքի տառին համապատասխան մենք ապրում ենք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյան
-Պարո՛ն Բաբլոյան, կո՞ղմ քվեարկեցիք ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին, թե՞ դեմ:
-Կողմ:
-Ինչո՞ւ:
-Որ դատախազ ունենանք:
-Իսկ կարող է՝ կողմ եք քվեարկել, քանի որ, ինչպես նկատում ենք, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, որը պատկանում է Ձեր ընտանիքին, մշտապես հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ գլխավոր դատախազի բարեհաճությունը Ձեզ համար կարեւոր է՝ հարկ եղած դեպքում նրա հետ այս խնդրի շուրջ բարեխոսելու համար:
-Ո՛չ, մենք ուզում ենք, որ դատախազն էլ, ժողովուրդն էլ առողջ լինեն ու ինչքան մեզ քիչ դիմեն, այդքան լավ:

ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան
-Պարո՛ն Կարապետյան, կո՞ղմ թե դե՞մ քվեարկեցիք ՀՀ գլխավոր դատախազին:
-Կողմ:
-Ինչո՞ւ:
-Սենց ցանկացա:
-Իսկ կարող է՝ կողմ քվեարկեցիք, քանի որ Ձեր մտերիմները եւ Դուք ինքներդ հաճախ եք հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ 2014 թվականի մայիսի 17-ին կրակոցներ եղան Վերնիսաժում, Ձեր փեսան էր հայտնվել կռվի մեջ:
-Ասում եք` դա եք ուզում իմանալ, այլ հարց եք տալիս: Վե՛րջ:

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյան
-Պարո՛ն Գասպարյան, կո՞ղմ քվեարկեցիք, թե՞ դեմ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին:
-Եթե Ձեր հետաքրքրությունը պետք է բավարարենք, ասեք՝ բաց քվեարկություն լիներ, էլի:
-Բայց կարող է՝ կողմ եք քվեարկել, քանի որ հաշվի առնելով, որ Ձեր հարազատները մշտապես հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, դժվար թե դեմ քվեարկած լինեիք՝ հետագայում գլխավոր դատախազին որեւէ հարցով դիմելու հնարավորությունից չզրկվելու համար: Օրինակ՝ Ձեր որդին՝ Ռոման Գասպարյանը, 2014 թվականին կալանավորվեց, քանի որ մարդ էր առեւանգել…
-Լավ էլի, լավ էլի, ինչ հարցեր եք տալիս, ա՛յ մարդ:

ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյան
-Պարո՛ն Համբարձումյան, կողմ թե՞ դեմ քվեարկեցիք ՀՀ գլխավոր դատախազին:
-Ինչ եք ուզում ինձնից:
-Ընդամենը իմանալ՝ կողմ եք, թե դեմ:
-Կողմ:
-Ինչո՞ւ:
-Ոնց, ինչի համար:
-Այո՛, ինչի համար:
-Աշխատանքային խորհուրդ է:
-Իսկ կարող է՝ կողմ քվեարկեցիք, քանի որ Ձեր ընտանիքին պատկանող «Սլավ մեդ» բժշկական կենտրոնը մշտապես հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Օրերս այնտեղ ծննդկան էր մահացել:
-Այդ ով է քեզ այդ դասերը տվել:
-Առողջապահության նախարարությունը Ձեր բժշկական կենտրոնում ստուգում է սկսել, դա Ձեզ ոչին չի ասո՞ւմ:
Հեռանում է:

ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, կո՞ղմ թե՞ դեմ քվեարկեցիք:
-Գաղտնի է. իմ իրավունքն է:
-Իսկ կարող է՝ հատուկ եք եկել ԱԺ՝ մասնակցելու այս քվեարկությանը, քանի որ Ձեր մտերիմները, մասնավորապես Ձեր որդին, 2013 թվականին թմրանյութի օգտագործման կասկածանքով հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, բացի այդ՝ Ձեր որդուն պատկանող մեքենայից զենքեր էին հայտնաբերվել: Արդյո՞ք այսօր չեք շտապել Աժ՝ գլխավոր դատախազին կողմ քվեարկելու համար, որպեսզի հետագայում կարողանաք հանգիստ դիմել նրան:
-Դա հեչ կապ չունի: Ես իրեն երբեք էլ ոչ մի բան չեմ ասի, եղա՞վ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՀԻՇԵՑԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՑՅԱԼԸ

Երեկ պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 105 կողմ, 4 դեմ, ՀՀ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրվեց Տիգրան Հակոբյանը: Բայց չնայած քվեարկության արդյունքներին՝ Ազգային ժողովում երեկ բուռն քննարկվում եւ հիշվում էր Տիգրան Հակոբյանի անցած ուղին:

Իսկ ո՞վ է Տիգրան Հակոբյանը: Տիգրան Հակոբյանը հայտնի է դեռ 90-ականներից: Եղել է ՀՀՇ-ի հայտնի քարոզչական մեքենայի ղեկավար: 1995 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի նախօրեին, որը համարվում էր լռության օր, խախտելով ընթացակարգը՝ եթեր է հեռարձակել Լեւոն-Տեր Պետրոսյանի ելույթը: Այդ ժամանակի մամուլը գրեց, որ Տիգրան Հակոբյանին ազատել են աշխատանքից` ոչ պրոֆեսիոնալ գործելու համար:
Տիգրան Հակոբյանը նշանակվել է «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերության տնօրեն` հայտարարելով, որ ընկերության մաս են կազմում նաեւ «21tv» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ «Արձագանք FM 103.5» ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը, «Մեդիա Ֆոկուս» գովազդային գործակալությունը: Տեղեկացնենք, որ «ՄԿՌ մեդիա» հոլդինգի բաժնետերերը ՌԴ քաղաքացիներ են:
2012 թվականի ձմռանը Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քր.օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Յուրացումը կամ վատնումը):
Տեղեկությունների համաձայն` Տիգրան Հակոբյանը Լոռիի մարզում գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեություն է ծավալել, իսկ ռուսաստանաբնակ գործարարներից մեկը՝ Գոռ անունով, ֆինանսավորել էր այն: Բիզնեսի անհաջող ընթացքի պատճառով գործարարը դիմել է դատախազություն` տեղեկացնելով, որ իրենից գումար է յուրացվել՝ 500 հազար դոլարի սահմաններում: Տիգրան Հակոբյանը եւս եղել է այդ մեղսագործների մեջ: Նա դատարանի որոշմամբ երկու տարվա ազատազրկման է ենթարկվում, սակայն համաներմամբ ազատվում պատժի կրումից։
Ահա այսպիսի անցյալ ունեցող անձնավորությունը ԱԺ-ում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ՀՀ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ: Ընտրվելուց հետո ինքնագոհ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց եւ հեռանալիս հայտարարեց. «Ես գնացի աշխատելու»:
Թե ինչպես կաշխատի, ժամանակը ցույց կտա:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՈՒՐ Է ՆԱԽԱԳԻԾԸ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի խորհրդարանն այս տարվա գարնանային նստաշրջանի վերջում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգիրքը», որը մեծ դժգոհություն էր բարձրացրել: Սակայն իշխող ՀՀԿ-ին հաջողվեց նախագիծը անցկացնել պայմանով, որ մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկելը նախագիծը կշտկվի: Ենթադրվում էր, որ «Հարկային օրենսգիրքը» խորհրդարանին կներկայացվի մինչեւ աշնանային նստաշրջանի մեկնարկը, որպեսզի այն մինչեւ տարեվերջ քննարկվի եւ ընդունվի, քանի որ այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել եկող տարվա հունվարի 1-ից: Նախօրեին տեղեկացրել էինք, որ «Հարկային օրենսգրքի» վերջնական տեքստը դեռ չի ներկայացվել խորհրդարան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել է հարկային փաթեթի մասով քննարկում անցկացնել գործադիրում: Նա չի ցանկանում օրենսգիրքը ԱԺ ուղարկել այդ տարբերակով: ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է հնարավորինս արագ լրամշակել` որոշակի շեշտադրումներով, որպեսզի վերջնական տարբերակն ուղարկվի ԱԺ:
Հավելենք, որ երեկ խորհրդարանում չէին բացառում, որ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար արտահերթ նիստ կհրավիրվի:

 

 

ԵՍ ԷԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ…
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի ընտրություն: Մինչ փակ եւ գաղտնի քվեարկության սկսվելը, ԱԺ աշխատակիցները խորհրդարանի նիստերի դահլիճի հարեւանությամբ՝ միջանցքում, տեղադրեցին քվեախուց եւ քվեատուփ: Սակայն պարզվեց, որ քվեատուփերից մեկը վնասվել էր, եւ խորհրդարանի աշխատակիցները չէին կարողանում այն փակել: Ստիպված ետ տարան, փոխեցին: Իսկ քվեարկության ավարտից հետո, երբ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամները քվեատուփը տեղափոխում էին քվեարկության արդյունքները հաշվելու համար, նրանց հետեւից վազեց ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը. «Արայի՛կ, Արայի՛կ, էս ուր, ես էլ եմ ուզում մասնակցել»,- բացականչում էր պատգամավորը: Ավելի ուշ Նաիրա Կարապետյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրեն, այնուամենայնիվ, հնարավորություն տվել են քվեարկել` 1 րոպե ուշացումով:

 

 

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԸ
Երեկ ՀՀ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնում ընտրեց Տիգրան Հակոբյանին: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց` նա կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեց Տիգրան Հակոբյանի թեկնածությանը` հաշվի առնելով, որ թեկնածուն ՀՀՇ-ական է եղել այն ժամանակ, երբ նախկին իշխանությունները փակել են Դաշնակցությունն ու դաշնակցական ԶԼՄ-ները: Ի պատասխան՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Գաղտնի քվեարկություն է, եթե դուք ցուցանիշները նայեք, կարող եք եզրակացություն անել: Ես Տիգրան Հակոբյանին ճանաչում եմ 87-88 թվականներից, մենք շատ հաճախ ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց դա չի խանգարել, որ միմյանց վերաբերվենք իբրեւ պրոֆեսիոնալների: Ես Տիգրան Հակոբյանին համարում եմ իր սկզբունքներին հավատարիմ մնացած մարդ, իսկ դա ավելի կարեւոր է»:




Լրահոս