ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ԴԵՄ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի երեկվա նիստում «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը Տիգրան Հակոբյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց գովազդի հավասար բաշխման խնդիրը:

Ուղղորդված գովազդներ
Պատգամավորի գնահատմամբ` դաշտում անհավասար պայմաններ են. «Գաղտնիք չէ, որ այսօր մրցակցային դաշտում ունեցած ռեյտինգային ցուցանիշներով բազմաթիվ լրատվամիջոցներ ունենում են գովազդի բաշխման անհավասար պայմաններ, որը ազդում է նաեւ նրանց հնարավորությունների վրա: Եթե ուղղակի խողովակով գովազդը ուղղվում է մի քանի միջոցների, մյուսները մնում են առանց դրա, ապա ինչպե՞ս պետք է աշխատեն: Պարզ հասկանանք: Առավել եւս, արտագաղթի պայմաններում նեղանում է նաեւ ԶԼՄ-ների շուկան»,- շեշտեց Մ. Շահգելդյանը:
Սրան ի պատասխան` Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ խնդրին տեղյակ է, սակայն լուծումներ տալու հարցում ՀՌԱՀ-ը որեւէ իրավասություն չունի. «Հանձնաժողովը կարող է հետեւել ու տեսնել, թե ինչքանով է հեռուստաընկերության հեռարձակած գովազդը համապատասխանում ՀՀ օրենքին, ինչքանով են արտոնված: Մենաշնորհային այդ երեւույթները, որոնց մասին ես գիտեմ, նաեւ Դուք բարձրաձայնեցիք, դա այլ պետական հաստատությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի` հակաշնորհային պետական հաստատությունը, բայց ՀՌԱՀ-ը հաստատ չունի»- պարզաբանեց Հակոբյանը:

Արտակ Շաբոյանը կզբաղվի
Բարձրացված հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Մեր հարցին` կատարվե՞լ են արդյոք ուսումնասիրություններ` հասկանալու համար՝ կա գովազդային կենտրոնացվածություն, որն ուղղված կլինի դեպի մեկ խմբի լրատվամիջոցներ: Այստեղից մեզ ներկայացրին, որ հանձնաժողովը ուսումնասիրություններ կատարում է միայն դիմում-բողոքների հիման վրա: Իսկ այս խնդրով որեւէ դիմում չի ստացվել: Պարզաբանեցին նաեւ, որ մեր հրապարակումից եւ պատգամավորի բարձրաձայնումներից հետո ՏՄՊՊՀ-ն կիրականացնի ուսումնասիրություններ, եւ ուղղորդված մենաշնորհ հայտնաբերելու դեպքում կկիրառվեն համապատասխան պատժիչ գործողություններ:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2013 թվականի ապրիլի 1-ից հայաստանյան հեռուստատեսային գովազդի շուկան վերափոխումների ենթարկվեց: Այդպիսով փորձ կատարվեց գովազդի վաճառքն ու հեռարձակումը կարգավորել «Sales house»-ի (գովազդատուների եւ ալիքների շահերը համադրող կենտրոնի) միջոցով:
Ի՞նչ է սա իրենից ներկայացնում. ուկրաինական Media International Service ընկերությունն այդ ժամանակ իր մասնաճյուղը բացեց Հայաստանում եւ պայմանագիր կնքեց «Արմենիա», «Ա-թիվի», «Արմնյուզ», «Շանթ» հեռուստաընկերությունների հետ՝ նշված ալիքներում գովազդ տեղադրելու բացառիկ իրավունք ձեռք բերելով: Սա ենթադրում էր, որ այս չորս ալիքներն իրենց գովազդային ռեսուրսները իրացնելու էին ընդհանուր սկզբունքների համաձայն, այլ ոչ թե այնպես, ինչպես իրենք կկամենան, կամ էլ ինչպես հաճախ է պատահել՝ ինչպես ստացվի (այսինքն՝ գովազդի ոչ կայուն, լողացող գնացուցակներով):

Մեդիամագնատի պատառը
Գաղտնիք չէ, որ գովազդային հոսքերը կենսունակության աղբյուրն են, եւ եթե դրանք դադարեն կամ էլ նվազեն, լրատվական դաշտը գոյատեւելու միջոցներ պարզապես չի ունենա: Եվ քանի որ նշված չորս խոշոր հեռուստաընկերությունները օգտվեցին գովազդային «տորթի» ամենահամեղ ու պրոֆեսիոնալ մատուցված պատառներից, մնացած հեռուստաընկերությունները, ինչպես նաեւ զանգվածային լրատվության մյուս միջոցները սկսեցին սեփական մարտավարությունը մշակել՝ միջին եւ փոքր գովազդային հոսքերը պահպանելու կամ էլ «կյանքի գնով» նվաճելու համար:
Հայաստանի լրատվական դաշտում բոլորը գիտեն, որ վերը նշված չորս հեռուստաընկերությունները կառավարվում են «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության կողմից, որի հիմնական սեփականատերը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է:
Վերջինս, հիրավի, կարող է համարվել Հայաստանի մեդիամագնատը, ում տիրապետման տակ են գտնվում հեռուստաընկերություններ, ռադիոներ, կայքեր եւ թերթեր: Ինչ խոսք, Հայաստանում լրատվական դաշտը վերահսկելը քաղաքական տեսանկյունից շահավետ է, բայց միաժամանակ, հատկապես նման ծավալների դեպքում, չի կարող եկամտաբեր բիզնես լինել:

Լրագրողական դաշտը
համերաշխ չէ
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ` գործարարները ոչ միայն վախենում են չհամաձայնեցված գովազդներ տալ, այլեւ իրավունք չունեն, քանի որ իշխանության կողմից նրանց վրա քաղաքական վերահսկողություն է իրականացվում. «Ակնհայտ է, որ Հայաստանում չի ապահովվում տնտեսական ազատ մրցակցություն: Սրա հետեւանքով տուժում է նաեւ գովազդային շուկան: Բոլորն էլ գիտեն, որ գովազդային շուկան կառավարվում է մի կառույցի կողմից, որի փաստացի ղեկավարը Միքայել Մինասյանն է: Այսպիսով, նրան հաջողվում է լրատվական դաշտի վրա վերահսկողություն իրականացնել նաեւ գովազդի միջոցով: Իրական անկախություն բիզնես սեկտորում գոյություն չունի: Մինչեւ այս հարցը չլուծվի, իրավական ինչ մեխանիզմ էլ առաջ բերվի, միեւնույնն է` խնդիրը հանգուցալուծում չի ստանալու»:
Արթուր Սաքունցը նկատում է, որ այսօր գովազդատուն ուշադրություն չի դարձնում` որքան լսարան ունի լրատվամիջոցը. նրան որ ուղղությամբ կուղղորդեն, այդ ուղղությամբ էլ կշարժվի. «Այսօր լրագրողական համերաշխություն, որպես այդպիսին, չկա: Եվ սա լավ օրից չէ: Պետք է բոյկոտել կամ մեկ այլ տարբերակ ընտրել: Չկա լրագրողական որեւէ կառույց, որը կբարձրացնի լրատվամիջոցներին հուզող հարցերը: Պարզ է, որ մեր օրերում լրատվամիջոցը չի կարող բաժանորդագրության տարբերակով երկար գոյատեւել»:
Իսկ, ահա, «ԱՐ» հեռուստաընկերության տնօրեն Արամ Ղազարյանն այլ կարծիք ունի. «Ո՞վ է ասում, որ գովազդը ոչ հավասարաչափ է բաշխված: Ես նման ինֆորմացիա չունեմ, որ գովազդը բաշխվի, այն էլ անհավասարաչափ: Գովազդատուն ինքն է որոշում` որ լրատվամիջոցին գովազդ տա»: «ԱՐ»-ի տնօրենը վստահ է, որ չկան ոչ ազատ շուկայական պայմաններ:

Պետությունը`
անկախության կողքին
«Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ զրուցեց նաեւ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Արմինե Օհանյանի հետ, ում գնահատմամբ` որքան երկրի ֆինանսական վիճակն է վատանում, այնքան վատանում է նաեւ ԶԼՄ-ների վիճակը:
«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մամուլն այսօր ֆինանսական ծանր դրության մեջ է գտնվում: Պետությունը պետք է գիտակցի, որ անկախ լրատվամիջոց ունենալը պարտադիր պայման է: Եվ վատ չէր լինի, որ պետությունն ինչ-որ տեղ նաեւ օժանդակեր: Պարտադիր չէ ֆինանսապես. կարող էին, օրինակ, հարկային ինչ-ինչ արտոնություններ տրամադրել, կամ տպագրական ծախսերը որոշ չափով կրճատել:
Նախ պետք է հաշվի առնել, որ գովազդային դաշտը փոքր է, եւ պարզ է, որ գովազդատուները մեզանում անկախ չեն: Եվ, բնականաբար, այն լրատվամիջոցները, որոնք իշխանության քիմքին ոչ հաճելի հոդված են հրապարակում, չեն հայտնվում գովազդատուների համար ցանկալի ցուցակում»,- ասաց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը:
Մինչդեռ, խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահ է, որ ընդհանրապես լրատվամիջոցների բիզնեսով որեւէ կառույց պետք է չզբաղվի: «Որպես բիզնես` լրատվամիջոցը պետք է գործի ազատ: Եվ շուկայական հարաբերություններում յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է գտնի իր տեղը, իր գովազդատուին, մրցակցի այլ լրատվամիջոցի հետ: Բայց քանի որ Հայաստանում լրատվամիջոցները, ինչպես եւ ցանկացած բիզնես ազատ չեն, չկա ազատ մրցակցություն, հետեւաբար այստեղ մոտեցումները եւս փոխվում են»:
Աշոտ Մելիքյանի խոսքով` հեռարձակող լրատվամիջոցները որոշ չափով առանձնանում են այն իմաստով, որ գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, նաեւ այդ գովազդային շուկաներից ստացված գումարների մեծ մասն է գնում այդտեղ. «Պարզապես պետք է գործեն ազատ շուկայական հարաբերություններ, որոնք Հայաստանում բացակայում են: ԶԼՄ բիզնեսը, ինչպես եւ ցանկացած բիզնես, մեզանում ազատ չէ եւ ենթարկված է տարբեր քաղաքական նախասիրությունների: Իսկ ժողովրդավարական ուղին բռնած երկրում պետք է խուսափել այն բանից, որ պետությունը պահի լրատվամիջոցին: Քանի որ այդ պարագայում մենք կնմանվենք սովետական մամուլին: Այդ ժամանակ ԶԼՄ-ներին պետությունն էր պահում, գործում էր մի գաղափարախոսություն, լրատվամիջոցները ծառայում էին պետությանն ու իշխանությանը: Եթե այստեղ այդպիսի սխալ կատարվի, կստացվի, որ բոլոր լրատվամիջոցներն իշխանության պատվերն են կատարում»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը եւս վստահ է, որ լրատվամիջոցները չպետք է ֆինանսավորվեն պետության կողմից. «Գովազդի դաշտի մենաշնորհների մասին կդժվարանամ որեւէ բան ասել, դատողություններ անել, սակայն պետք է նկատել, որ եթե երկրի վարչապետն ասում է, որ տնտեսության վիճակը շատ վատ է, նշանակում է նաեւ մեդիայի գովազդային դաշտն է շատ վատ: Այն, որ պետությունը պետք է ֆինանսավորի լրատվամիջոցներին, դա արմատապես անթույլատրելի է: Կարող է պատվեր իջեցնել այս կամ այն հաղորդաշարին, սակայն ողջ լրատվամիջոցը ֆինանսավորելը մեծագույն սխալ կլինի»:

Իշխանական ԶԼՄ-ները
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Պանարմենիան մեդիա գրուպում» ընդգրկված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն եղան:
Այդուհանդերձ, հանուն արդարության պետք է փաստել, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցները խժռում են գովազդի առյուծի բաժինը (պաշտոնական տվյալներով՝ «Պանարմենիան մեդիա գրուպում» ընդգրկված են «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ, «Ռադիո ՊՌՈ» ՍՊ ընկերությունները, իսկ ոչ պաշտոնական տվյալներով նաեւ` «Blognews.am», «Panorama.am», «Aysor.am», «Tert.am» եւ տասնյակ այլ հայտնի ու անհայտ կայքեր):
Հ.Գ. Խորհրդարանական բոլոր ուժերը՝ այդ թվում եւ ընդդիմադիր, յուրաքանչյուր տարի պետությունից գումար են ստանում` չկրելով ու չստանձնելով որեւէ պարտավորվածություն իշխանության առջեւ: Թերեւս, հենց այդ ազատության սկզբունքով էլ պետք է զանգվածային լրատվության միջոցները ֆինանսավորվեն, որպեսզի երկրում լինի որակյալ մամուլ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս