Հուլիսի 17-ից սկսած պայքարը «Սասնա ծռեր»-ի հանձնվելուց հետո, կարծես թե, հետզհետե մարում է, քանի որ նրանց՝ ազատության մեջ գտնվող գաղափարակից ընկերների կողմից համարժեք ակտիվությամբ քաղաքական գործընթացներ չեն տարվում: Իսկ ամենշաբաթյա հանրահավաքներն էլ աստիճանաբար իրենց սպառում են հստակ ասելիքի բացակայության պայմաններում: Արդյո՞ք նման գործելաոճը նոր հիասթափության պատճառ չի դառնա եւ վեջնականապես չի մարի պայքարի ոգին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:
-«Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում եւ նաեւ հետո` մինչ օրս, անցկացնում եք հանրահավաքներ: Հարթակից ելույթ ունեցողներից շատերը, սակայն, միայն իրենց տեսակետներն են հայտնում, որեւէ հստակ եւ միասնական պահանջ, կարծես թե, չկա: Ըստ էության, ո՞րն է Ձեր պայքարի առանցքը:
-Պայքարի առանցքը, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ մեր ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համար, համակարգի փոփոխությունն է: Ինքնիշխան, ժողովրդավար, արդար Հայաստանի ձեւավորումն է: Դա հանունն է, այն նպատակն է, հանուն որի «Սասնա ծռերը» պայքարել են, եւ ժողովուրդը պայքարում է: Այդ նպատակի իրականացման համար իշխանափոխություն է հարկավոր, այսինքն՝ իշխանափոխությունը այդ նպատակի իրականացման համար պայքարի միջոց է, ինչը ինքնանպատակ չէ, եւ, բնականաբար, այդ իշխանափոխության համար մղվող պայքարին զուգահեռ կա նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջ:
-«Սասնա ծռերը» Ձեր թվարկած ծրագրերի իրականացման համար զենք վերցրին` պայքար մղելու, չնայած, ի զարմանս շատերի, վերջում հանձնվեցին: Համենայն դեպս, իրենցից հետո չի երեւում որեւէ հստակ քաղաքական գործընթաց: Ո՞րն է պայքարի Ձեր ծրագիրը:
-Ո՛չ, ծրագիր միշտ էլ ունեցել ենք: Այն ժամանակ էլ եղել է եւ հիմա էլ կա: Երեք փուլերից բաղկացած ծրագրի մասին է խոսքը: Այս պահին չխոսենք ապագա Հայաստանի մասին: Դա այն հանունն է, որի համար ամեն ինչ կատարվում է: Դրա իրականացման համար երկու փուլ պետք է անցնենք: Առաջինը` ներկա վարչախմբից ազատումն է եւ երկրի գաղութացված վիճակից ազատագրումն է: Երկրորդը` այդ ազատագրումից հետո անցումային փուլն է, որի ժամանակ պետք է հիմքերը դրվեն ապագա Հայաստանի: Հետեւաբար, այդ առումով եթե նայենք, մենք երեք փուլի մասին ենք խոսում: Առաջին` իշխանափոխություն, հետո` անցումային փուլ, եւ վերջում` նոր Սահմանադրության ձեւավորումից, մշակումից եւ ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններից հետո, նոր Հայաստանի կայացում: Այնպես որ, կա հստակ ծրագիր: Ուղղակի քաղաքական գործընթաց է, որ պետք է առաջ գնա այս ընթացքում: Այդ ծրագրերի իրականացման համար պետք է նաեւ ի չիք դարձնենք ռեժիմի՝ 2017 թվականի ընտրությունների կայացումը, քանի որ այս վարչախումբը փորձում է վերարտադրվել եւ լեգիմիտացվել: Այդ ընտրությունների ձախողումը կնշանակի այս վարչախմբի տապալում, որը միեւնույն ժամանակ կլինի մեր երկրորդ փուլի` անցումային շրջանի կայացումը:
-Բայց արդյո՞ք այդ ծրագրի ընթացքը նախատեսվածի պես է զարգանում:
-Մենք շարունակում ենք մեր ծրագրի իրագործման ուղղությամբ աշխատել: Ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է, եւ իրականում այդ աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են: Ես վստահ եմ` առաջիկա շաբաթների ընթացքում դրանք իրենց արդարացնելու են:
-Իսկ չե՞ք կարծում, որ եթե պայքարը լինի անհետեւողական, դա կարող է հիասթափեցնել հանրությանը:
-Եթե լինի անհետեւողական պայքար, կարող է ժամանակավորապես հասցնել Ձեր այդ ասածին: Բայց եթե չկա: Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում ներկա ռեժիմը անկարող է էական փոփոխություններ մտցնել այս իրավիճակում եւ մեր հասարակությունը վստահաբար վերստին ոտքի է կանգնելու, շարունակելու է պայքարը եւ հասնելու է վերջնական հաղթանակի:
-Այսինքն՝ պետք է սպասեք մինչեւ ժողովրդի մոտ դժգոհությունը վերստին պայթի, նոր միայն ինչ-որ բան անե՞ք:
-Ես վստահ եմ, որ կլինեն հաջորդական քայլեր:
-Ե՞րբ:
-Առաջիկայում:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՍԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Սեւանի ընտրությունները քաղաքի ՀՀԿ կառույցի համար դարձել էին իսկական գլխացավանք: Այստեղ առաջադրվել են 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը:
Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը: Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս եկավ» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվռտոցի վերածված Սեւանի ընտրապայքարին:
Ի թիվս թվարկվածների՝ Սեւանում ընտրապայքարի մեջ է մտել նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը:
Ինչեւէ, այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ Սեւանի կառույցի ղեկավար Ալիկ Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, Սեւանի ՀՀԿ-ն երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ում է սատարելու հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում: Ինչո՞ւ է այսքան ձգձգվում այդ որոշումը:
-Ասեմ, որ մենք առաջադրելու ենք Սարգիս Մուրադյանի թեկնածությունը:
-Այդքան թեկնածուների միջից ինչո՞ւ հենց նրան, որը անկուսակցական է:
-Կուսակցության խորհուրդը հավանությունը նրան տվեց:
-Իսկ ինչո՞ւ կրկին գործող քաղաքապետին չառաջադրեցիք, նա ՀՀԿ-ական էր:
-Ձգձգվում էր, որովհետեւ ուսումնասիրում էինք բնակիչների կարծիքը: Երբ պատկերն ընդհանուր եղավ, որոշումն էլ կայացվեց: Դա միանձնյա որոշվող հարց չէ, քննարկվեց, եւ դրա արդյունքում հավանությունը տրվեց Մուրադյան Սարգիսին:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ այդ երիտասարդը կկարողա արդյունավետ գործել Սեւանում:
-Եթե այդքան մարդ նրա համար ձեռք բարձրացրեց-քվեարկեց, ուրեմն, ինձ թվում է, կկարողանա:
Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սեւանում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից Աշոտ Ալեքսանյանը (Մողես), դիմում է ներկայացրել` իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Նա արարքը հիմնավորել է այսպես. «Ես առաջադրվել էի, որովհետեւ մի քանի ՀՀԿ-ականներ էին առաջադրվել, բայց քանի որ ՀՀԿ շրջանային կառույցը որոշում կայացրեց սատարել Սարգիս Մուրադյանին, լինելով ՀՀԿ Սեւանի հիմնադիրներից մեկը՝ որոշեցի հանել իմ թեկնածությունը: Ես կսատարեմ ՀՀԿ կողմից պաշտպանվող Սարգիս Մուրադյանի թեկնածությունը»:
Զրուցեց ԼԻԼԻԹ ՇԱԲՈՅԱՆԸ
ԴԱՐՁՐԻՆ 14 ՏԱՐԻ
2015թ. սեպտեմբերի 18-ին Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանը հրացանի կրակոցով սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին: Սպանության պատճառը եղել է այն, որ զինկոմը Ա. Մկրտումյանին դիտողություն է արել Մովսեսում ավտոմեքենան արագ, բարձր երաժշտությունը միացրած վարելու համար: 2013թ. հունիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր. 104 հոդ. 1-ին մասով եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման: Դատավորը Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել նախկինում արատավորված չլինելը, խնամքին անչափահաս 3 երեխաների առկայությունը, ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Ա. Մկրտումյանի պաշտպան Աննա Մեջլումյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը: Պաշտպանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Զ. Զաքինյանի կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել է բեկանել դատավճիռը, Ա. Մկրտումյանի արարքը վերաորակել ՀՀ քր. օր. 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով, չվերաորակելու դեպքում փոխել դատավճռի պատժի մասը եւ նշանակել ավելի խիստ պատիժ: Սեպտեմբերի 14-ին քրգործերով ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Սեւակ Համաբարձումյանի նախագահությամբ, որոշել է մասնակի փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատական ակտը, նշանակված պատիժը խստացնել եւ Ա. Մկրտումյանի ազատազրկման ժամկետը դարձնել 14 տարի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ