ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության նիստերի դահլիճում

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մասնակցել է կառավարության անդրանիկ նիստին: Նա կարծես փոքր-ինչ մտահոգված է երկրի տնտեսական ծանր վիճակից: Հուսանք՝ կկարողանա գլուխ հանել ՀՀ բյուջեի քաոսային իրավիճակից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե անձը այլ պետությունում մշտապես ապրելու որոշում կայացնի:

Կարինե Մնոյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծառայողական քննության ընթացքում ի՞նչ կարգով է զննություն անցկացվում: Եվ կցանկանայի հասկանալ, ո՞րն է զննության անցկացման նպատակը:

Էմմա Հովհաննիսյան (41 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ:
Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:
Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության ընթացքում կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ: Ի դեպ, ծառայողական քննության անցկացումն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից այդ մասին կողմերին հայտնելու եւ ծանոթանալու համար նյութերը տրամադրելու պահից:




Լրահոս