Կարեն Կարապետյան-ՀՅԴ դիմակայությունը նոր զարգացումներ է խոստանում. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարության արդեն երկրորդ նիստը կրկին աչքի ընկավ դաշնակցական նախարարների և նորանշանակ վարչապետի միջև բանավեճով: Առաջին նիստում մեկ առվով չհոսեցին Կարապետյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի ուղիները, արդեն երկրորդ դեպքում «բախվեցին» ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ու Կարապետյանը:

Արծվիկ Մինասյանի և Կարեն Կարապետյանի միջև ոչ այնքան լավ հարաբերությունների մասին լուրեր սկսեցին շրջանառվել դեռևս կառավարության առաջին նիստից հետո: Ըստ տեղեկությունների` պատճառը տարիներ առաջ ասված Արծվիկ Մինասյանի խոսքերն են եղել`ուղղված Կարեն Կարապետյանին, որ վերջինս լավ մենեջեր է, բայց վատ քաղաքական գործիչ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արծվիկ Մինասյանը չհերքեց, որ տարիներ առաջ նման խոսքեր է ասել և ընդգծեց, որ դրանք ասվել է այն ժամանակ:

Ըստ Մինասյանի՝ իր ու Կարեն Կարապետյանի միջև չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ: «Ես անկեղծ եմ ասում, ես իսկապես շնորհակալ եմ, որ նա ունի հստակ տեսակետ բիզնես հանրության, բիզնես հատվածի բեռը թեթևացնելու, բյուրոկրատիան, չինովնիկությունը նվազեցնելու վերաբերյալ: Սա կարևոր ուղղորդում է»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր փոխարեն կառավարությունում այլ անձի է տեսնում: «Այո, պարոն վարչապետը նոր դիրքում` նոր խնդիրների մասով, այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով պահպանելու դիրքերը ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն: Ցանկացած նախարարի իրավասության մեջ չի մտնում՝ ուզո՞ւմ է մնալ դիրքում, թե ոչ: Ազատում ու նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի և Կարեն Կարապետյանի միջև տարաձայնությունների լուրերից առաջ նմանօրինակ լուրեր էին տարածվել Կարապետյանի և դաշնակցական մեկ այլ նախարար` Դավիթ Լոքյանի առումով: Նշվում էր, որ Կարապետյանը չի ցանկանում աշխատել ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարի հետ, սակայն սա հերքել էր անձամբ վարչապետը. այսօր դա հերքեց նաև Արծվիկ Մինասյանը:

Ըստ էության, նոր կառավարության ձևավորումով Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածությունը կորցրել է իր քաղաքական անհրաժեշտությունը, և այժմ ցանկացած որոշում կայացնում է Կարապետյանը` միանձնյա, և հաստատում է Սերժ Սարգսյանը: Այսինքն, ստացվում է, որ ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ առավել ևս ՀՅԴ-ն չեն կարող ազդել Կարապետյանի որոշումների վրա: Սակայն, չնայած այս ամենին և դաշնակցության հանդեպ խիստ ակնհայտ բացասական դիրքորոշմանը, Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չի գա: Կարեն Կարապետյան-ՀՅԴ դիմակայությունը նոր զարգացումներ է խոստանում… սպասենք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս