Սեպտեմբերի 23-ին մեկնարկեց «Թվապատում 2016» միջոցառումների շարքը՝ բաղկացած թվային միջավայրում ստեղծվող լրագրողական պատմություններին նվիրված կոնֆերանսից և մրցույթից։
Միջոցառման կազմակերպիչն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, աջակիցներն են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակը, իսկ գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։
Արդեն երկրորդ տարին անցկացվող «Թվապատում» կոնֆերանսը հնարավորություն է ընձեռում լրագրողներին ու մեդիադաշտի մյուս մասնագետներին հանդիպել և խոսել լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձի, նոր ձևաչափերի ու գործիքների, միջազգային ու տեղական դաշտի միտումների ու ձեռքբերումների մասին:
Հետաքննական լրագրություն, հակամարտությունների լուսաբանում, մեդիայի նոր գործիքներ ու միտումներ. «Թվապատում 2016»-ի հարթակում` Մատենադարանի Մեծ դահլիճում, հենց այս թեմաների շուրջ կծավալվեն հիմնական զրույցներն ու քննարկումները տարբեր երկրներից հրավիրված մասնագետների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ողջույնի խոսքում ասաց․ «Կարևոր է, որ հայկական մեդիա դաշտը մշտապես զգա համաշխարհային զարգացումների զարկերակը։ Նույնիսկ թվային դարաշրջանում իրական հանդիպումներ անցկացնելը, աշխարհի տարբեր անկյունների մասնագիտական փորձը տեսնելն ու վերլուծելը չափազանց оգտակար է»։
Ավանդական դարձող «Թվապատում» միջոցառումների շարքն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։ Գործակալության հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը «Թվապատման» մեկնարկին իր ողջույնի խոսքում նշեց. «ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է աջակցել այս կոնֆերանսի անցկացմանը, քանի որ դրա ուշադրության կենտրոնում են լրատվամիջոցներին առնչվող տարաբնույթ գործիքներ և միտումներ, որոնց առաջնային նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել այնպիսի բովանդակություն, որը նրանց կօգնի տեղեկացված որոշումներ կայացնել»:
«Թվապատում 2016»-ը իրականություն դարձավ նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցության շնորհիվ, որը ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ մշտապես սատարում է Հայաստանում խոսքի ազատության և մամուլի բազմակարծության խթանմանը: Գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսը նշեց. «Արագ զարգացող մեդիա տեխնոլոգիաները փոխել են մեր բոլորիս կողմից գաղափարներ արտահայտելու ձևերը: Անկախ տեխնոլոգիներից, ազատ մամուլի հիմնարար սկզբունքները, որոնք ներառում են ժողովրդավարական սկզբունքների հարգումն ու մասնագիտական էթիկան, մնում են անփոփոխ: Թվապատումը մեզ բոլորիս միավորում է լրագրողության մի նոր ձևաչափում»:
Նոր թեմաներից ու բանախոսներից բացի, «Թվապատում 2016»-ն ունի նաև նոր աջակից․ միջոցառումների շարքի գլխավոր հովանավորն է է Beeline-ը:
«Beeline- ը մշտապես հետևում է թվային նորարարություններին ուղղված միտումներին և աջակցում նորարարական ծրագրերի իրականացմանը երկրում։ Ես ինքս բազմաթիվ անգամ համոզվել եմ, որ նմանատիպ միջոցառումները մասնակիցներին հնարավորություն են տալիս կատարելագործել իրենց գիտելիքը և հանդիսանում են փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ։ Վստահ եմ, որ «Թվապատում» կոնֆերանսը կնպաստի ժամանակակից փորձի, միջազգային ու տեղական դաշտի միտումների ու ձեռքբերումների կիրառմանը Հայաստանում։ Համոզված եմ, որ մեր, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպայումանվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցության շնորհիվ միջոցառումը կդառնա էլ ավելի արդյունավետ»,- իր ելույթում ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Թվապատում 2016»-ի հիմնական հովանավոր Beeline-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ավանդական գործընկերների շնորհիվ կոնֆերանսը մասնակիցներին ներկայանում է հագեցած օրակարգով: Այս տարի միջազգային բանախոսների թվում են Վիկտորյա Ռոմանյուկը՝ ուկրաինական StopFake.org նախագծից, Դանիիլ Տուրովսկին Լատվիայի հայտնի Meduza.io կայքից, Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի (OCCRP) հետաքննող լրագրող Դմիտրի Վելիկովսկին , մեդիա վերլուծաբան Վասիլի Գատովը Հարավային Կալիֆորնիայի համալսարանից, մուլտիմեդիա պրոդյուսեր Արտյոմ Գալուստյանը Ռուսաստանից, “The Moscow Times”-ը ներկայացնող Օլիվեր Քերոլը Մեծ Բրիտանիայից: Հիմնական բանախոսություններից բացի միջազգային մասնագետները կանցկացնեն գործնական դասեր: Կլինեն նաև նոր տեխնոլոգիաների վրա հիմնված աչքի ընկնող, արդիական նախագծերի ներկայացումներ Հայաստանի մասնագետների կողմից:
Երկօրյա կոնֆերանսին կհաջորդի «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա կոնֆերանսի ավարտից հետո՝ սեպտեմբերի 24-ին ժամը 17:00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում։
Կոնֆերանսի և մրցույթի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ tvapatum. mediainitiatives.am կայքից: Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum16 հեշթեգը: