Օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ խախտումներ է հայտնաբերել «Հավիցա» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ ընկերությունը, օգտագործելով ԵՏՄ-ից ներկրումների պարզեցված ընթացակարգերը, ներմուծել է մեծ քանակությամբ հավկիթ եւ տեղականի անվան տակ փորձել է իրացնել շուկայականից անհամեմատ ցածր գներով:
Ըստ ՊԵԿ-ի՝ «Հավիցա» ընկերությունը անարդար մրցակցային միջավայր է ձեւավորել տեղական արտադրության ոլորտում: Նշենք, որ «Հավիցա» ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի, հիմնադրվել է այս տարվա ապրիլի 29-ին: Թեեւ հիմնադիրը Արարատ Գրիգորյանն է, բայց սեփականատերը Արմենակ Խաչատրյանն է:
Ի դեպ, նրան է պատկանում նաեւ «Բաղրամյանի թռչնաֆաբրիկան»: Իսկ Արարատ Գրիգորյանը Ա. Խաչատրյանի քրոջ ամուսինն է: Տեղեկացնենք, որ «Բաղրամյանի թռչնաֆաբրիկան» փակվել է, արտադրությունը կասեցվել է, իսկ 26 թռչնանոցների դռները կողպվել են: Այժմ միայն «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է աշխատում, օրը 30 ձու է արտադրում (սա նույնպես պատկանում է Ա. Խաչատրյանին):
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արմենակ Խաչատրյանը արտադրությունը պահելու համար հսկայական պարտքեր է կուտակել, եւ 2014 թվականի վերջին, երբ դոլարի գինը բարձրացավ, ընկերությունը մեծ վնասներ կրեց եւ հայտնվեց էլ ավելի վատթար ֆինանսական վիճակում: Կուտակած պարտքերը մարելու նպատակով էլ Խաչատրյանը այս տարվա ապրիլին հիմնադրել է «Հավիցա» ընկերությունը, որը ՌԴ-ից հավկիթ է սկսել ներկրել:
Սակայն վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ներքին շուկայում ավելի էժան գնով եւ առանց մակնշման ՌԴ-ից ներկրված հավկիթ է վաճառվում, ինչն էլ ազդում է տեղական հավկիթի վաճառքի ծավալների վրա: Այս տեղեկությանը հաջորդեց ԳՆ ՍԱՊԾ հայտարարությունն այն մասին, թե սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է, որ Ռուսաստանից ներկրվող ձվի խմբաքանակի մի մասը՝ 400 արկղ /144 հազար ձու/, մակնշված չէ:
ՊԵԿ հայտարարության համաձայն՝ «Հավիցա»-ն հարկային մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել հավկիթի իրացման գնի վերաբերյալ, որը փաստացի վաճառել է հանրապետության տարբեր մարզերում՝ առանց հարկային հաշիվների դուրսգրման, ընդհանրապես առանց նշագրման կամ կեղծ նշագրմամբ: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը այս տարվա օգոստոս-սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է ներմուծել 1 մլն 902 հատ հավկիթ, 39 հազար 990 կգ հավի միս եւ 269 հազար 450 կգ ցորեն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք պահեստավորվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում, սակայն ՊԵԿ աշխատակիցները ընկերության պահեստում օգոստոսի 25-ին հավկիթի եւ ցորենի մնացորդ չեն գտել: Ապա պարզվել է, որ օգոստոսի 26-ից ընկերությունը դուրս է գրել հարկային հաշիվներ «Նոր Զովք» ՍՊԸ-ի անվամբ, համաձայն որոնց մեկ իրացված հավկիթի գինը կազմել է 27 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ՊԵԿ-ը պարզել է նաեւ, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանց առաքված հավկիթները նշագրված են եղել «ԳԹՖ» նշագրումով` որպես «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրանք: Եւ ներկրված 269 հազար 450 կգ ցորենից 43 հազար 600 կգ-ը (1 կգ-ը` 90 դրամով) սեպտեմբերի 15-ին իբրեւ վաճառվել է «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին, այնինչ՝ ՊԵԿ-ի կողմից պարզվել է, որ այդ կազմակերպությունն իրականում չի գործում, հետեւաբար նշված քանակի ցորեն չի ստացել:
Իսկ, ահա, «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում: Այն հիմնադրվել է 1995 թվականի սեպտեմբերի 15-ին եւ ընկերության նկատմամբ սահմանափակումներ կիրառված չկան: Ավելին՝ այն ըստ Ա. Խաչատրյանի՝ աշխատում է: Գուցե՞ ՊԵԿ աշխատակիցները այդքան էլ ուշադիր չեն ուսումնասիրել:
ՊԵԿ-ը այժմ խիստ զբաղված է, քանի որ այս կառույցը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում «Հավիցա» ընկերության կողմից ներկրված ցորենի մնացած մասի` 225 հազար 850 կգ-ի ճակատագիրը պարզելու համար:
ՊԵԿ-ի «Հավիցա» ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակած հայտարարությունից թվում է, թե մեր հանրապետությունում այլ՝ ավելի կարեւոր եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ չկան: Բոլորը իրենց գործը թողած՝ ընկել են ընկերության հետեւից եւ փորձում են ապացուցել, որ նշված ընկերությունը առանց մակնշման ռուսական հավկիթ է ներկրում: Իսկ որտեղ էր ՊԵԿ-ը այն ժամանակ, երբ այլ երկրներից մեծ քանակությամբ կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, ինչու չէ նաեւ հավկիթ էին ներկրում եւ այդպես խոչընդոտում տեղական արտադրողներին:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հավիցա» ընկերության տնօրեն Արեն Գասպարյանի հետ, ով անդրադառնալով ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը՝ ասաց. «Ինչ-որ ասվել է ՊԵԿ-ի կողմից, 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը: Բայց հիմա ո՞վ կարող է ՊԵԿ-ի դեմ պայքարել: Իսկ հավկիթը ներմուծել ենք, որպեսզի կարողանանք դուրս գալ այդ իրավիճակից, հետեւաբար վերագործարկենք ֆաբրիկաները: Իհարկե, դեպք եղել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով 400 արկղ հավկիթը մակնշված չի եղել: Բայց դա ՍԱՊԾ-ի կողմից արձանագրվել է, եւ այն մենք վաճառել ենք հրուշակեղենի արտադրամասերին, այն նույնիսկ շուկա չի մտել»:
Իսկ, ահա, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միությունը նախապես զգուշացրել է Արմենակ Խաչատրյանին՝ այլ երկրից ձու չներկրել: «Մենք իրեն խնդրեցինք, որ չբերի, որովհետեւ սա նախադեպ կդառնա մյուսների համար, կսկսեն բերել, ինչի արդյունքում տեղական արտադրությունը ուղղակի կմեռնի»,- փոխանցեց թռչնաբույծը:
Հ.Գ. Տեսակետ կա, որ Արմենակ Խաչատրյանը, բարձրաձայնելով իր ֆինանսական խնդիրների մասին, մտադիր է իր պարտատերերին ցույց տալ, որ ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, եւ հետեւաբար ինքը չի կարող հետ վերադարձնել այն գումարները, որոնք ներդրվել են ընկերության համար: Ի դեպ, օրեր առաջ Ա. Խաչատրյանը հայտարարեց, որ դառնում է տնտեսական ընդդիմություն: Ավելին՝ նա նույնիսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ժամանակ տվեց իրեն աջակցելու համար:
Սյունէ Համբարձումյան