Բաթումում և Թեհրանում անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպեց ընդունելություն, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության, խորհրդարանի, Բաթումի քաղաքապետարանի ղեկավարները, Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարները, այլ պաշտոնյաներ, գիտակրթական, հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներ և աջարահայ համայնքի անդամներ:

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության 25-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև հայ-վրացական բարեկամական հարաբերությունների պատմությանն ու հեռանկարներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն` անդրադառնալով հայ-վրացական ավանդական բարեկամությանը, ապակենտրոնացված համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ այդ համատեքստում ընդգծելով աջարահայ համայնքի կարևոր դերը:

Ելույթներ ունեցան նաև Աջարիայի Գերագույն խորհրդի (խորհրդարան) նախագահ Ավտանդիլ Բերիձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Հայ Առաքելական եկեղեցու Աջարիայի, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Ընդունելությանը կատարումներով հանդես եկան հայկական «Աղբյուր» երգչախումբը, Բաթումի քաղաքապետարանի «Բաթումի» վոկալ համույթն ու հայ համայնքը ներկայացնող մի շարք կատարողներ:

Սեպտեմբերի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից Թեհրանի «Արարատ» մարզավանում կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին, որին ներկա էին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ներկաններին ուղղված իր ողջույնի խոսքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրեց Հայաստանի անցած 25 տարիների ձեռքբերումներն ու նախանշված ծրագրերը: ՀՀ դեսպանն անդրադարձավ տարածաշրջանային տևական անվտանգության և կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Իրանի հետ ձևավորված բարիդրացիական հարաբերություններին:

Ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Սաթթար Մահմուդին, ով, բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների անցած ուղին, առանձնահատուկ կարևորեց Հայաստանի և Իրանի միջև իրականացվող տնտեսական նախագծերը:

 




Լրահոս