Միթե այսպիսին պետք է լինի խոստացված ապահով Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասին մենք կարողանալու ենք կայացնել Հայրենիք, որը մրցունակ կլինի նաեւ իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն ապահովելու հարցում, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որեւէ ցանկություն եւ արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»,- այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, մեջբերումը՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրից: Թե ինչքանով են իրականություն դարձել այս խոսքերը, կարող է դատել յուրաքանչյուր ընթերցող՝ իր շրջակա միջավայրի օրինակով:

Եւ ամենեւին պետք չէ վիճակագիր լինել՝ հասկանալու եւ վերլուծելու համար այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանի խոսքերը, իր իսկ բնորոշմամբ, «քամի տատանելու» նման մի բան են: Ինչպե՞ս, բացատրենք. նշված հայտարարությունից անցել է 3 տարի: Ու այդ տարիները աչքի չընկան ոչ միայն երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացվածությամբ, այլեւ հայ ժողովրդին դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհի սահունությամբ:

Համենայն դեպս, եթե փորձենք վերլուծել անցած երեք տարիների ընթացքում իշխանության ծավալած գործունեությունը, ապա առավել ակնառու կլինի բացասականն ու դրա հետեւանքով դատարկվող երկրի պատկերը: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի առանցքը ապահով Հայաստանի տեսլականն էր, որը դեռեւս հեռու է իրականության սահմանագծից: Չի կարող մի երկրում քաղաքացին լինել ապահով, երբ ոտնահարված են «տարրական» իրավունքները:

Բերենք ընդամենը մի քանի օրինակներ, որոնք կլինեն վերոշարադրյալի վառ վկայությունը: Տասը տարի առաջ կառավարությունը որպես գերակա շահ ճանաչեց Երեւանի Կոնդ թաղամասի տարածքը եւ այնտեղ ապրող բնակիչներին դուրս հանեց իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում, սակայն մինչեւ այժմ չի կատարել պայմանագրային պարտավորությունը։ Բնակիչներն ապրում են վարձով եւ փոխհատուցում պահանջում:

Ու երբ բնակիչները սեպտեմբերի 19-ին, իր տան դիմաց կտրելով Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ճանապարհը, հանդիպում պահանջեցին, ապահով Հայաստան խոստացած ՀՀԿ առաջնորդը արդեն զայրացավ. «Իմ սեփականություննա՞, որ որոշում կայացնեմ»: Ստացվում է, որ 2006թ., երբ մարդկանց տներն ու հողերը «գերակա շահ» ճանաչվեցին՝ անտեսելով բնակիչների սեփականության իրավունքը, դուրս հանեցին իրենց տներից, այդ ժամանակ որոշում կայացնելու իրավասություն ՀՀ նախագահն ուներ, իսկ հիմա, երբ գործընթացը քաոսի է վերածվել, չունի:
Հիշեցնենք, որ այդ ճակատագրին են արժանացել Երեւանի Բուզանդի, Ֆիրդուսի եւ այլ թաղամասերի բնակիչներ: Սա տեղի է ունենում այն թեկնածուի նախագահության տարիներին, ով իր նախընտրական ծրագիրն ամբողջությամբ նվիրել է ապահով Հայաստան ունենալու «ձգտումներին»:

Սերժ Սարգսյանը մի երկարաշունչ հատված էլ իր նախընտրական ծրագրում նվիրել էր հայ ընտանիքին` վստահեցնելով, որ վերանայվել է մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ: «Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը»,- խոստացել է ՀՀԿ թեկնածուն: Սակայն տարեցտարի ավելացող գործազրկության ցուցանիշը այդ խոսքերի միֆականության փաստացի ապացույցն է:

Ըստ վիճակագրական ծառայության` 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 55973, 2014-ին` 65874, իսկ 2015-ին` 77004: Սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը 2013 թվականի իր նախընտրական ծրագրում հայտարարել էր. «Զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու միջին եւ բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսությունում արտադրողականության բարձրացումը»:

Բայց սա դեռ ամենը չէ. արդար պետություն ունենալու հստակ ծրագիր էր առաջարկել ՀՀԿ նախագահը, անգամ այդ ծրագրում սահմանել, թե որը կարող է կոչվել արդար պետություն. «Արդար պետություն նշանակում է քաղաքացիների հետ կարեւոր հարցերը քննարկելու եւ արդարացի որոշումներ ընդունելու կարողություն»: Բոլոր բնագավառներում արդարության հասնելու, հիմնավոր, արմատական բարեփոխումներ իրականացնելու, արդարադատության մատչելիությունը, դրա իրական անկախությունն ու արդյունավետությունը ապահովելու համար էլ նախագահը ծրագիր ուներ: Բայց ու՞ր է այդ ծրագիրը:

Ինչո՞ւ գործի չդրվեց 2015 թվականի հուլիսի 23-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ծեծուջարդի ժամանակ, որտե՞ղ էր այդ ծրագիրը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների եւ թաղային խուժանի կողմից իրականացված բռնություննների ժամանակ, քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարությունների ընթացքում…

Ու այսքանից հետո Սերժ Սարգսյանը Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նախօրեին վստահորեն հայտարարում էր. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ եկել է»: Բայց ո՞ւմ համար կեցցե:

Վահագն Հակոբյան




Լրահոս