Ես իմ ժողովրդի հետ իմ քարոզարշավն եմ անցկացնելու. Ռուդիկ Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա` իր հետ կապված բոլոր իրադարձությունները, կազմակերպում են Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. «Ես ոչինչ անել չեմ պատրաստվում,  իմ ժողովրդի հետ իմ քարոզարշավն եմ անցկացնելու»:

Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ բերման էին ենթարկել Ռուդիկ Ղուկասյանին, և նրան մեղադրանք է առաջադրվել:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի Սևանի քաղաքապետը հարցաքննության է հրավիրվել որպես վկա:

«ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։

Նկատի ունենելով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Սևանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է ուղարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին և հրավիրվել որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, և քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։

Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին. նա եկել է փաստաբանի հետ և պարտավորվել ավելի ուշ ներկայանալ քննչական գործողության»,-նշված էր  հաղորդագրության մեջ։




Լրահոս