«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության այլեւս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար:
Ուշագրավ է նաեւ այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ եւ հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել: Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռեւս շարունակվում են:
«Ժողովուրդ»-ը փորձեց վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց` Վաչագան Կարապետյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց նոր բնակարան գնելու հանգամանքը` ասելով, որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել եւ նոր բնակարան գնել:
Ի դեպ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնանկության առնչությամբ պահանջվող գույքի եւ եկամուտների հայտարարագիրը հրապարակվելուց հետո, թերեւս, ակնհայտ կդառնա՝ նախարարի պաշտոնում գործունեությունն ինչպես է ազդել նրա ունեցվածքի վրա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում